
Հայաստանը Ուկրաինայում կունենա ռազմական կցորդ, ՌԴ-ում՝ ռազմական կցորդի օգնական
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Ուկրաինայում ունենալ ռազմական կցորդ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ ռազմական կցորդի օգնական: Այս որոշման նախագիծը գործադիր ներկայացրել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ըստ հիմնավորման՝ միջազգային համագործակցության շրջանակներում կարևոր տեղ է զբաղեցնում մի շարք երկրների հետ իրականացվող միջազգային ռազմական, ռազմաքաղաքական համագործակցությունը:
ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում Հայաստանի ռազմական կցորդի առկայության պարագայում նոր լիցք կհաղորդվի հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին, հնարավոր կլինի հետևել արևելաեվրոպական երկրներում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական զարգացումներին և գործընթացներին:
Իսկ Ռուսաստանի Դաշնությունում կպաշտոնավարի ռազմական կցորդի օգնական՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև տարեցտարի ընդլայնվող ռազմական և ռազմաքաղաքական հարաբերությունները:
Գործադիր ներկայացված որոշման նախագծում ասվում է՝ ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ երկրների ու այլ միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ համագործակցության ծրագրերի շրջանակներում իրականացվող հանդիպումների, պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակությունների կողմից ՌԴ հաճախակի իրականացվող այցերին ներկա գտնվելու, օժանդակելու և աջակցելու համար պետք է հավելյալ մարդկային ռեսուրս, այդ իսկ պատճառով Ռուսաստանի Դաշնությունում ռազմական կցորդի օգնականի հաստիքի ստեղծումը խիստ անհրաժեշտ է:
Մեկնաբանել