HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագրերն այսուհետ կկնքվեն անվճար

Տարիներ շարունակ համայնքից հող գնելու կամ վարձակալելու պայմանագրերը կազմվում և կնքվում էին առանձին՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով: Մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները վճարում էին 14400 դրամ: Քաղաքապետարանն ուսումնասիրել և որոշել է այս տարի այդ գործառույթների համար մրցույթ չհայտարարել, դրանք փոխանցել քաղաքապետարանին և հանել վճարը: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

«ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայություններն, ըստ էության, քաղաքապետի լիազորություններն էին, որոնք պատվիրակվել էին և առաջացնում էին ֆինանսական լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Դրա համար մենք այդ 14400 դրամի բեռն այսօր տեղափոխել ենք քաղաքապետարանի գործառույթների շրջանակ, և այդ վճարն այլևս չի լինի»,- մանրամասնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: 

Ընկերությունը զբաղվում էր նաև հասցեների տրամադրմամբ: Որոշման դրական արդյունքները հատկապես կզգան այն քաղաքացիները, որոնք դիմում էին միաժամանակ և՛ հասցե ստանալու, և՛ հողօգտագործման պայմանագիր կնքելու համար: Նրանք արդեն հիմա կվճարեն միայն հասցեի տրամադրման համար սահմանված տեղական վճարը: Փոփոխություններով կկրճատվի նաև փաստաթղթերի ուսումնասիրության ժամկետը:
Առաջիկայում ավագանու քննարկմանը կներկայացվի ընկերության գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագիծը: 

«Քաղաքապետարանը տարեկան 100-115 մլն դրամի չափով ֆինանսավորում էր ապահովում այս կառույցին, ինչը համարեցինք ոչ էֆեկտիվ: Այդ գործառույթներն իրականացնելու համար քաղաքապետարանում կբացվի նոր ստորաբաժանում»,-ասում է Հայկ Սարգսյանը: 

Քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու և քաղաքապետարանի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ ծրագրերը կշարունակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter