HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Այգավանը «Վեոլիա ջրի» բաժանորդ է դարձել գյուղի միակ ծորակին դրված հաշվիչի շնորհիվ

Արարատի մարզի Այգավան գյուղը 25 տարուց ավելի է խմելու ջուր չունի: Այգավանի 4500 բնակիչները ջուրը վերցնում են գյուղի վերջնամասում գտնվող միակ աղբյուրից: Այգավան եւ Եղեգնավան համայնքների ղեկավարների պայմանավորվածությամբ եւ «Վեոլիա ջուր» ընկերության թույլտվությամբ, 3 տարի առաջ գյուղին թույլատրվել է մի ծորակի տարողությամբ ջուր վերցնել Եղեգնավանի ջրատար խողովակից: Խողովակն անցնում է այգավանցիներից մեկի հողամասի կողքով: Արցախյան ազատամարտում որդուն կորցրած հողամասի տերը տարածք է տրամադրել աղբյուր կառուցու համար, եւ աղբյուրը կոչել են ի հիշատակ որդու՝ «Ռուբո»:

Այդ մի ծորակի շնորհիվ Այգավանը «Վեոլիա ջրի» բաժանորդ է դարձել, որովհետեւ հաշվիչ է տեղադրված, եւ համայնքապետարանը ջրամատակարարման համար ամսական 70 000-200 000 դրամ է վճարում՝ պայմանավորված ջրամատակարարման ժամային գրաֆիկով:

Աղբյուրից ջուր տանողները հիմնականում տղամարդիկ են։ Վարորդները մեքենայից իջնում են՝ ջրի տարաները ձեռքներին, ավտոմեքենաների կողքին տեղ են զբաղեցնում պլաստիկե տարաներով ծանրաբեռնված հեծանիվները, սայլակները, ոմանք էլ ոտքով են շտապում հասնել աղբյուր: Երիտասարդ տղամարդը, որը 10-ից ավելի տարաներով շրջապատել էր աղբյուրը, ասաց, թե իրենց 4 օր կբավականացնի հավաքած ջուրը: Իմ դիտողությանը, որ հին ջուր են խմում, նա, ակնածանքով հայացքն ուղղելով աղբյուրին, պատասխանեց՝ Գառնիի ջուրը չի հնանում:

Չնայած տարաների առատությանը՝ իրարանցում, հրմշտոց, դժգոհություն չկար, բոլորը համբերատար սպասում էին իրենց հերթին: Աղբյուրի շուրջ խմբվածներն ասում են, որ կռիվներն ամռանն են լինում, երբ դաշտ գնացողները ողջ օրվա համար ջուր պետք է վերցնեն իրենց հետ, իսկ մյուսներն ամռան տապին դժվարանում են ժամերով սպասել հերթում:

«Այս մի ծորակն է ողջ գյուղում, հատկապես ամռանը ահավոր հերթեր են գոյանում։ Լինում են օրեր, որ ժամը 6-ից հետո ջրամատակարարումը դադարեցվում է, եւ բնակչությունը հարկադրված՝ ապավինում է ցիստեռներով վաճառվող ջրին կամ հարեւան գյուղերից են բերում։ Դույլը 25-40 դրամ ցիստեռով ջուր են վաճառում, որի ծագումն անհայտ է՝ ինչ մեքենա է, ջուրը որտեղից է լցնում ...»,- ասում է Այգավանի համայնքապետի տեղակալ Սուրեն Միրզոյանը։

Համայնքապետի տեղակալը նշում է, որ գյուղն ի սկզբանե Գառնիի ջուրն է օգտագործել, եւ բոլոր տնտեսությունները ծորակ են ունեցել բակում: 1990-ական թվականներին Արարատի մարզի գյուղերում ջրամատակարարումն ընդհատվել է էլեկտրաէներգիայի բացակայության եւ տնտեսական այլ խնդիրների պատճառով: Մի քանի տարի հետո շրջակա գյուղերում վերականգնվել է խմելաջրի մատակարարումը, բայց Այգավանն այդպես էլ ջուր չի ստացել: 1970-ական թվականներին կառուցված խմելու ջրի ներտնտեսային ցանցը մի քանի տարվա դադարի ընթացքում ընդհանրապես քայքայվել է, եւ անհնարին է դարձել ջրամատակարարումը։

«Կողքի գյուղերն, իրենց կապերն օգտագործելով, կարողացան վերականգնել ջրամատակարարումը, իսկ մենք մինչ օրս մնացել ենք առանց ջրի»,- ասում է Սուրեն Միրզոյանը: Նախկին քայքայված համակարգը պարբերաբար «կարկատելով»՝ օգտագործում են արտեզյան հորից ջուր վերցնելու համար, որը բնակիչները կենցաղային նպատակներով են օգտագործում: Կենցաղային ջուրն էլ բոլորը չունեն, որովհետեւ որոշ փողոցներում խողովակներ չկան:

«Ժողովուրդն ինձ միշտ ամոթանք է տալիս, որ չենք կարողանում կարգավորել ջրի հարցը»,- ասում է Այգավանի ավագանու անդամ, 74-ամյա Արամ Սահակյանը։ Ասում է, որ այգավանցիների մեծ մասը քարային եւ ողնաշարի հիվանդություններ ունի: Բոլորը չէ, որ մեքենա ունեն, մարդիկ ի վիճակի չեն 3 կմ հեռավորությունից ծանր դույլերով ջուր կրելու, իսկ ովքեր վատառողջ են կամ ծեր եւ չեն կարող ջուր վերցնել աղբյուրից, խմում են արտեզյան հորի ջուրը:

Ավագանու անդամ Սոս Ղազարյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ Եղեգնավանի ջրագիծն անցնում է իրենց գյուղով, բայց իրենք ջուր չունեն։ Նրա ասելով՝ ավագանու գրեթե բոլոր նիստերին խմելաջրի հարցը քննարկվում է, դիմել են բոլոր հիմնադրամներին, նախկին նախագահին, նախկին եւ ներկա մարզպետներին, գործարարներին եւ այլն, սակայն 25 տարի միայն խոստումներ են լսել։

«Օրվա բոլոր ժամերին տարաները մեքենայիս մեջ դրված են, գիշերվա կեսին եմ գնում ջուր բերելու, որպեսզի մարդկանց հետ վեճի չբռնվեմ»,- ասում է Ս. Ղազարյանը։ Վերջինս ավելացրեց, որ արտեզյան ջուրը կենցաղում էլ պիտանի չէ, հարկադրված են օգտագործում։ Ամիսը մեկ անգամ ծորակ է փոխում, որովհետեւ փականներն աղակալում են, տարին մեկ անգամ էլ ջրատաքացուցիչն է փոխում։

Ամիսներ առաջ այգավանցիները 1000 ստորագրությամբ դիմում են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համայնքն ապահովել ջրով: «Մեր խնդրանքն է, որ այս հարցին լրջորեն մոտենան, եւ չդիմենք ծայրահեղ քայլի»,- հայտնեցին ավագանու անդամները։

Երբ համայնքների խմելու ջրի մատակարարումը ստանձնել է «Վեոլիա ջուր» ընկերությունը, բնակիչները հույսեր են փայփայել, որ վերջապես 1300 տնային տնտեսություն խմելու ջուր կունենա տանը: Նշենք, որ 2016 թ.-ին հանրապետության համայնքների մեծ մասի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգն անվարձահատույց հանձնվեց «Վեոլիա ջուր» ընկերությանը:

Այգավան համայնքի ղեկավարի գրությունը՝ համայնքի տարածքում եւս մի քանի լրացուցիչ բակային ծորակ ավելացնելու խնդրանքով, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը 2018 թ. նոյեմբերին ներկայացրել է Ջրային կոմիտեին, կոմիտեն էլ փոխանցել է «Վեոլիա ջուր» ընկերությանը առաջարկությունն ուսումնասիրելու համար:

«Համայնքը հանդիսանում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բաժանորդ եւ խմելու ջուր ստանում է երկու ընդհանուր ծորակով: Ինչ վերաբերում է համայնքում նոր բակային ծորակ կառուցելու առաջարկին, ապա ցավով պետք է նշենք, որ ներկայումս այն իրագործելն անհնար է, քանի որ մայր ջրատարում չկա բավարար քանակությամբ ջուր»,-  պատասխանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հայտնել են, որ ջրամատակարարման ներտնտեսային ցանցը կառուցելուց հետո կստանձնեն խմելաջրի սպասարկումը:

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը այգավանցիների դիմումին ի պատասխան՝ հայտնել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքած վարձակալության պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն չի ստանձնել մեծածախ սակագնով սպասարկվող համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի ընդլայնման եւ մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնելու համար: «Ըստ վարձակալության պայմանագրի՝ նմանատիպ բնակավայրերի ջրամատկարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման հարցերը կարգավորվում են Ջրային կոմիտեի կողմից, որը նախատեսում է Այգավան համայնքի ղեկավարի կողմից բարձրացված հարցը քննարկել հետագա համապատասխան ներդրումային ծրագրի շրջանակներում»,- հայտնել է տիկին Գաբայանը:

Կառավարությունն անցյալ տարի բազմաթիվ համայնքների, որոնք ապահովել են պահանջված չափով ֆինանսական ներդրումը, սուբսիդիա տրամադրեց խմելաջրի ներտնտեսային ցանցը կառուցելու, ջրամատակարարման համակարգ ստեղծելու համար: Այգավանի համայնքապետարանի հայտը չի ընդունվել, քանի որ պահանջված ներդրումը չեն կարողացել ապահովել: Արարատի մարզպետարանում ասել են, որ ծրագիրը սուբսիդավորելու համար 40-60 %-ը համայնքապետարանը պետք է ներդնի, մնացածը կառավարությունը կտրամադրի։ Համայնքապետարանը երկու տարի առաջ նախահաշիվ է կազմել, որով համայնքի 20 կմ երկարություն ունեցող ներտնտեսային ցանցը կառուցելու համար 140 մլն դրամ է պահանջվում:

«Մեր բյուջեն մոտ 100 մլն դրամ է, մեր եկամուտներով անհնար է խմելաջրի համակարգ կառուցել, բացի այդ, համայնքապետարանը տարեկան 17-20 մլն դրամ վճարում է արտեզյան հորից ջուրը մղելու, պոմպը գործարկելու եւ մաշված համակարգը պահպանելու համար: Կապիտալ մեծ ծրագրեր, ինչպիսին խմելու ներտնտեսային ցանցի կառուցումն է, համայնքի բյուջեով անհնարին է»,- հայտնեց Այգավան համայնքի ղեկավար Վիգեն Հարությունյանը:

Ավագանու անդամների ասելով՝ բնակիչները պատրաստակամ են որոշակի գումարով օգնել համայնքապետարանին, որպեսզի ներտնտեսային ցանցը կառուցվի։ «Չենք կարծում, թե որեւէ ընտանիք կառարկի մասնակցություն ունենալ: Գառնիի ջուրը խմելու համար բոլորը պատրաստակամ են՝ նյութական մասնակցություն ունենալու»,- նշեց Սոս Ղազարյանը։

Լուսանկարահանումն ու տեսանկարահանումը՝ Հակոբ Պողոսյանի, մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter