HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացրել: Ոսկեհատ Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտումը և Հայաստանին պարտավորեցրել Դիմումատուին վճարել 3600 եվրոյի չափով գումար:

Ո. Ղուլյանը պահանջել էր 62,700 եվրոյի չափով նյութական վնասի և 19,000 եվրոյի՝ ոչ նյութական վնասի հատուցում: Դիմումատուն նաև 1400 եվրո էր պահանջել ներպետական դատարաններում հարուցված ծախսերի համար, ինչպես նաև 4,630 եվրոյի չափով փաստաբանի վարձավճար և այլն:

Ոսկեհատ Ղուլյանը ՄԻԵԴ գանգատ էր ներկայացրել այն հիմքով, որ խախտվել է արդար դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս), քանի որ իր գործը քննել է Երևան քաղաքի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը, ով սերտ կապեր է ունեցել իր հակառակորդի ներկայացուցիչների հետ, ինչի մասին տեղեկացել է դատաքննությունից հետո:

Կառավարությունը ՄԻԵԴ ներկայացրած դիրքորոշմամբ հայտնել է, որ Ղուլյանը բացահայտ երբեք չի վիճարկել դատավոր Ա. Մելքումյանի կողմնակալությունը: Քննության առարկա չի դարձել նաև վերաքննիչ դատարանում, հետևաբար պետք է պահանջը մերժել:

Նշենք, որ 2002թ. նոյեմբերի 25-ին Ոսկեհատ Ղուլյանի և Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակի միջև կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել է համատեղ ծրագրերի ղեկավարի՝ մենեջերի պաշտոնում:

Աշխատանքային հարաբերությունների ընթացքում Ղուլյանը երկու անգամ իրացրել է իր հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքը: Այնուհետև երկու երեխաների խնամքի համար նախատեսված արձակուրդ ստանալու իրավունքն իրացնելու համար պարբերաբար դիմել է գրասենյակին: Ղուլյանը Խորհրդի հայաստանյան գրասենյակին դիմել է նաև 2011 թվականի մարտի 17-ին՝ իրեն հասանելիք արձակուրդի մի մասից օգտվելու և մինչև 2011թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածն արձակուրդը երկարացնելու խնդրանքով:

Ոսկեհատ Ղուլյանը 2011թ. օգոստոսի 19-ին կրկին դիմել է գործատուին՝ իրեն հասանելիք արձակուրդը սեպտեմբերի 1-ից սկսած ևս վեց ամսով երկարացնելու աահանջով: Արձակուրդը երկարացնելու վերաբերյալ դիմումը Ռոման Օսիպովի միջոցով ներկայացվել է Արտյոմ Կարապետյանին, ով գրասենյակին պահակային ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներից է: 2011թ. սեպտեմբերի 30-ին գրասենյակը ծանուցում է ուղարկել Ղուլյանին, որով ծանուցել է դեկտեմբերի 1-ից ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիման վրա աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու վերաբերալ: Դեկտեմբերի 1-ին լուծվել է Ո. Ղուլյանի հետ 2002թ. նոյեմբերի 25-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Ղուլյանը դիմել էր դատարան աշխատանքից ազատելու հրամանը անվավեր ճանաչելու և աշխատանքում վերականգնելու պահանջով: Որպես հիմք նշել էր այն հանգամանքը, որ գործատուն՝ Պատասխանողը, ընդհանրապես չէր կարող դեկտեմբերի 1-ի ԲԽՀ թիվ 7 հրամանով աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմի հիման վրա լուծել Հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, քանի որ այդ նորմն աշխատանքային պայմանագրի լուծման հիմք չի սահմանում:

Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակը դատարանում հայտնել էր, որ Արտյոմ Կարապետյանը Բրիտանական Խորհրդի աշխատակից չի հանդիսացել և երբեք լիազորություններ չի ունեցել Խորհրդի անունից դիմումներ ընդունելու: Հայտնել է, որ հայցվորի անունից ներկայացված փաստն ինքնին հաստատում է, որ Հայցվորը իր գործատուին անձամբ որևէ դիմում չի ներկայացրել, որը հիմք կծառայեր նրա արձակուրդը երկարաձգելու համար:

Նշել է, որ երեք տարի Ղուլյանը Հայաստանում չէ և բնակվում է ԱՄՆ-ում: Այդ ընթացքում իր արձակուրդը երկարաձգելու մասին դիմումները Հայցվորը Բրիտանական Խորհրդին ուղարկել է ֆաքսիմիլային կապի միջոցով, և այդ դիմումները ընդունվել և հարգվել են: Տարօրինակ է համարել, որ այս անգամ դիմումը ֆաքսով կամ փոստով ուղարկելու փոխարեն Ղուլյանն ընտրել է տարբեր անձանց միջոցով դիմումը առաքելու եղանակը:

2012թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, մերժել էր Ոսկեհատ Ղուլյանի հայցադիմումը՝ անհիմն լինելու հիմքով:

Ոսկեհատը վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն դատավորներ Նարինե Բարսեղյանը (նախագահող), Արսեն Մկրտչյանը և Գոհար Մատինյանը մերժել են վերաքննիչ բողոքը՝ առաջին ատյանի դատարանի վճիռը թողնելով անփոփոխ` օրինական ուժի մեջ: Իսկ Վճռաբեկ դատարանը 2012թ. նոյեմբերի 28-ին վերադարձրել է բողոքը:

Հայաստանյան դատարաններում Ղուլյանի շահերը պաշտպանել է փաստաբան Գնել Մուղնեցյանը, իսկ ՄԻԵԴ-ում՝ Կարեն Մեժլումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter