HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Իրանը եւ Հայաստանը հիասթափված են Մոսկվայից

Մանուչեր Մոթթաքիի չնախատեսված այցը Երեւան

«Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքիի այցը ոչ անակնկալ էր, ոչ էլ նախատեսված»,-ահա այսպիսի ոչ ստանդարտ պատասխան տվեց մեր հարցին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ օրը ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Մոթթաքիի այցը ոչ միայն անակնկալ էր, այլեւ իր կարեւորությամբ ինչ-որ առումով ստվերեց ղարաբաղյան կարգավորման Ռամբույե ամրոցում նախագահների մակարդակով տեղի ունեցած բանակցություններին հետեւած մեկնաբանությունները: Իրանագետ Էմմա Բեգիջանյանն ասում է, որ Իրանի շուրջ այսօր ստեղծված պայմաններում Թեհրանը փորձում է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել: «Ռամբույեի բանակցությունների հետ այցը, թերեւս, կապ չուներ, սակայն, անշուշտ, կապ ուներ Իրանի միջուկային հարցի հետ: Այստեղ կարեւոր է նշել, որ այդ հարցում Թեհրանը հիասթափված է Մոսկվայի դիրքորոշումից, թերեւս ինչ-որ տեղ կարելի է նաեւ դրա հետ կապել»,-ասաց նա:

Իսլամական հանրապետությունում Մահմուդ Ահմադինեժադի' նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ավելի լարվեցին մի կողմից Թեհրան- Եվրամիություն, մյուս կողմից' Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունները, իսկ Թեհրան-Մոսկվա ռազմավարական գործակցությունը տվեց առաջին ճաքերը: Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ վերսկսել է ուրանի հարստացման աշխատանքները: Ռուսաստանը, ի հիասթափություն Թեհրանի, կողմ քվեարկեց իրանական միջուկային դոսյեն ՄԱԳԱՏԵ-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելուն: Ավելին' Ֆրանսիան առաջին անգամ Իրանին մեղադրեց «գաղտնի ռազմական» միջուկային ծրագիր իրականացնելու մեջ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Սենատում հայտարարեց, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու տարբերակներ, ներառյալ նավթային արգելքը:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Մանուչեր Մոթթաքիի այցը ավելի շատ կապված էր Իրանի անվտանգության խնդիրների հետ, որոնք շոշափում են եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական ուղղություններ: «Խոսքը վերաբերում է նաեւ Իրան- Եվրոպա գազատարի կառուցմանը: Այդ խողովակաշարը կարող է Իրանի համար լինել անվտանգության երաշխիքներից մեկը, որովհետեւ այդ խողովակաշարի կառուցման դեպքում Եվրոպան ինքը շահ է ձեռք բերում Իրանի հետ զարգացումներում: Չեմ կարծում, որ Մոթթաքիի այցը մեծապես կապված էր Ռամբույեի հետ, թեպետ, ինչպես հայտնի է, 2001թ. Քի Վեսթի բանակցություններից հետո Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն ասաց, որ մանրամասներին պետք է տեղյակ պահել Իրանին: Այս դեպքում էլ ԼՂ խնդրի այս կամ այն լուծումը որոշակիորեն առնչվում է նաեւ Իրանի շահերին»,-ասաց Ս. Սաֆարյանը:

Փետրվարի 14-ին Երեւանում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունեցին նրա գործընկեր Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպումների ընթացքում, ըստ պաշտոնական լրատվության, անդրադարձ է եղել Իրանի միջուկային ծրագրերին, ինչի առիթով Իրանի արտգործնախարարը վերահաստատել է իր երկրի հավատարմությունը միջուկային էներգիան բացառապես խաղաղ նպատակներով կիրառելու գաղափարին:

Օսկանյանի եւ Մոթթաքիի համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը կոշտ տոնով հայտարարեց, որ «ոչ ոք իրավունք չունի միջամտելու Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը»: Երբ Օսկանյանին հիշեցրինք հայկական եւ ռուսական մամուլում տեղ գտած վերջին հրապարակումները, համաձայն որոնց Մոսկվան ճնշումներ է բանեցրել Երեւանի եւ Թեհրանի վրա Իրան-Հայաստան գազատարի տրամագիծը 1200 մմ-ից 711-ի իջեցնելու հարցում, որպեսզի խողովակաշարը չդառնա տարանցիկ եւ չհարվածի Ռուսաստանի գազային շահերին, արտգործնախարարն ընդգծեց, որ գազատարի շինարարությունն իրականացվում է հայ-իրանական երկկողմ համաձայնագրի հիման վրա, եւ «երրորդ երկրները չեն կարող ազդել կամ ճնշում գործադրել մեզ վրա»: Մոթթաքին իր հերթին նշեց, որ լիովին կիսում է իր հայ պաշտոնակցի կարծիքը եւ հավելեց, որ Իրան-Հայաստան գազատարն «ուղղված չէ որեւէ մեկի դեմ»:

Քաղաքագետ Ս. Սաֆարյանը տարածաշրջանում վերջին զարգացումների մասին ասում է. «Մենք այստեղ ականատես ենք լինում նուրբ քաղաքական տեխնոլոգիայի, որտեղ ուղղակիորեն զարգացումները տանում են Իրան- Ռուսաստան հակասության, ես չեմ ասում խոշոր մակարդակի վեճի: ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ որդեգրած կոշտ դիրքորոշմամբ եւ միջազգային ասպարեզում Իրանի նկատմամբ տրամադրություն ձեւավորելու առումով ուժեղացնում է սարսափեցումների մթնոլորտը, որը դրդում է Իրանին ավելի համարձակ գործողությունների եւ քայլերի գնալ, ավելի համարձակ եւ արագ իրականացվող ծրագրերի դիմել, որոնք կամրապնդեն նրա անվտանգությունը, այդ թվում' իր անվտանգության հարցում շահախնդիր դարձնելով նաեւ Եվրոպային: Այս ծրագրին դեմ է դուրս գալիս Ռուսաստանը, որի հատկապես տնտեսական շահերին հարվածում են իրանական հաշվարկները»:

Սաֆարյանի կարծիքով' «Օսկանյանի հայտարարությունը կարելի է դիտարկել իբրեւ Արեւմուտքին սիրաշահելու քայլ, որտեղ բարձրաձայնվում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանը միանշանակ ռուսական կողմնորոշում չունի: Ինչ վերաբերում է Իրան-Եվրոպա ծրագրված գազատարի կառուցմանը եւ դրա խոչընդոտներին, այստեղ ռուսական խոչընդոտի հետ համահավասար չենք կարող չշեշտել ամերիկյան խոչընդոտը»:

Հայաստանի արտգործնախարարության մեր աղբյուրները նշում են, որ պաշտոնական Երեւանը հիասթափված է առաջին հերթին Մոսկվայի վերջին քայլերից, երբ, փաստորեն, ռուսական «գազային գրոհը» (ԱՊՀ երկրներին առաքվող «երկնագույն վառելիքի» թանկացումը- Թ. Հ.) ուղղվեց նաեւ ռազմավարական դաշնակից Հայաստանին: Սա այն դեպքում, երբ, օրինակ, նույն Ռուսաստանը Թուրքիային գազը վաճառում է ընդամենը 75 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց:

Է. Բեգիջանյանը կարծում է, որ Թեհրանը, էլ չենք խոսում Երեւանի մասին, միշտ «ենթարկվել» է Իրան-Հայաստան խողովակաշարի հետ կապված Ռուսաստանի «ցանկությանը»: «Քանի որ գազատարն արդեն ընթացքի մեջ է, պետական պաշտոնյան չէր կարող ասել, որ, այո՛, եղել են ճնշումներ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից: Փաստը, որ 15 տարվա ընթացքում միայն նոր է կառուցվում այդ գազատարը, ցույց է տալիս, որ ճնշումներ եղել են: Երբ շրջանառության մեջ մտավ Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, Իրանը սկսեց ակտիվանալ: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն այցելեց Թեհրան եւ հայտարարեց, որ 2002թ. փետրվարին պետք է սկսվի գազատարի շինարարությունը, բայց երբ Մեղրիի հարցը հանվեց օրակարգից, Իրանը կրկին թուլացրեց դիրքերը, եւ այդպես գազատարի շինարարությունը ձգձգվեց»,-ասաց Բեգիջանյանը:

Երեւան–Թեհրան հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, օր-օրի խորանում են երկու երկրների միջեւ կապերը, հատկապես էներգետիկ եւ էներգակիրների ոլորտում։ Հայաստանում ԱՄՆ դեսպան æոն Էվանսն ակնարկում է, որ հայ–իրանական էներգետիկ հարաբերությունների խորացման փաստը խոչընդոտ չէ հայ–ամերիկյան կապերի ընդլայնման հարցում։ «Միացյալ նահանգներն ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի էներգետիկ իրավիճակին եւ այն հանգամանքին, որ Հայաստանը ձգտում է իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնել։ Մինչեւ այժմ Հայաստանի կողմից կատարված քայլերն Իրանի հետ ամերիկյան օրենսդրության պահանջներին չեն հակասում»,-ասաց դեսպանը։

ԵՄ-ն եւս դեմ չէ Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը: «Մենք միշտ կողմ ենք էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը եւ կարծում ենք, որ Հայաստանն իրավունք ունի դիվերսիֆիկացնել էներգիայի իր աղբյուրները»,-ուրբաթ օրը Երեւանում հայտարարեց ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Համատեղ մամուլի ասուլիսում Օսկանյանը եւ Ֆերերո-Վալդները նշեցին, որ այլ հարցերի թվում քննարկել են նաեւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ խնդիրը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով, իսկ հանձնակատարը նշեց. «Իրանը երկխոսությունը վերսկսելու համար կօգտագործի դեռեւս պահպանված հնարավորությունները»:

Երեւանում կոշտ հայտարարություններ արեց նաեւ պարոն Մոթթաքին: Հարցին, թե ինչպես է Թեհրանը վերաբերվում ԱՄՆ պետքարտուղարի այն պնդումներին, թե Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի շուրջ աղմուկը եւ բռնությունները հրահրում են Իրանը եւ Սիրիան իսլամական աշխարհում հակաքրիստոնեական տրամադրություններ առաջացնելու համար, Մոթթաքին Կոնդոլիզա Ռայսին անվանեց «ստախոս, որը միշտ էլ ստում է»:

Իրանի արտգործնախարարը Երեւանում հայտարարեց, որ «Հայաստանը եւ Իրանը հանդիսանում են միմյանց կրոնական զգացմունքները հարգելու փայլուն օրինակ»: Մոթթաքին նաեւ ընդգծեց, որ Դանիան մահմեդական աշխարհից պետք է ներողություն խնդրի հասցված վիրավորանքի համար եւ քրեական պատասխանատվության ենթարկի ծաղրանկարների հեղինակներին: Մոթթաքին պնդեց, որ ծաղրանկարների հրապարակումը «ծրագրված քայլ էր, որն արվեց քաղաքակրթությունների բախում հրահրելու նպատակով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter