HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բավրայում արտադրվող հնդկաձավարը հասանելի է սպառողին միայն Երեւանում

2017թ. օգոստոսի 14-ին Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում պաշտոնապես բացվեց հնդկացորենի վերամշակման գործարանը, որ կառուցվել էր արգենտինահայ բարերարներ Դեւեճիէան, Էքզերճիան ընտանիքների եւ Քրիքոր Շիմշիրօղլուի ֆինանսավորմամբ՝ «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ: Հնդկացորենի վերամշակումը Հայաստանում իրականություն դարձավ շնորհիվ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD):

Կազմակերպությունը 2015թ.-ից աշխատում էր առաջնային արտադրող եւ վերամշակող 53 կոոպերատիվների հետ՝ տրամադրելով սարքավորումներ եւ իրականացնելով ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Բավրայի գործարանի կառուցման եւ տեխնիկապես վերազինման համար ծախսվել էր 200 հազար եվրո գումար:

2..JPG (377 KB)

Բավրայի գործարանը ստեղծման պահին համախմբում էր 28 կոոպերատիվ (շուրջ 430 ֆերմեր) Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից: Բացման օրը հայտարարվեց 7 աշխատատեղի մասին, որը հետագայում հասնելու էր 20-ի: Այնինչ, բացումից մոտ երկու տարի անց, Բավրայի գործարանի ղեկավար Կորյուն Սումբուլյանը մնացել է մենակ: «Ես տնօրեն եմ, ինժեներ եմ, բանվոր եմ, պահակ՝ «Սամ սեբե ռեժիսոր» կարգավիճակով: Կոոպերատիվի 430 անդամից «տանը» մնացել եմ մենակ ես,- ասում է Կորյուն Սումբուլյանը,- կոոպերատիվի անդամները փայավճար ունեին տալու՝ ամեն մեկը 25 հազար դրամ, որը կազմելու էր 10 մլն դրամ, ընդամենը վճարվել է 2 մլն 50 հազար դրամ: Ես արդեն 4 ամիս է մենակ եմ աշխատում, բայց մնացածը հավասարաչափ պահանջատեր են»:

Չգազիֆիկացված Բավրայում գործարանը պարապուրդի չմատնելու, ջերմամշակում իրականացնող վառարաններն աշխատեցնելու նպատակով սկզբնական շրջանում Արմավիրի մարզից բրիկետ ներկրեցին: Անգամ մտածում էին հետագայում բիովառելիքը տեղում արտադրել հնդկացորենի կեղեւից՝ ապահովելով անթափոն արտադրություն, սակայն հարցի լուծումն եղավ անսպասելի՝ Բավրայի մաքսակետից կարողացան խողովակներով գազ հասցնել գործարան: «Այդ պատճառով էլ մենակ կարողանում եմ հասցնել աշխատանքները»,- պարզաբանում է Կորյուն Սումբուլյանը:

Koryun Sumbulyan.JPG (307 KB)

Ըստ ENPARD-ի ուսումնասիրությունների, որ ներկայացվեց Բավրայի գործարանի բացման օրը, Հայաստանի ներքին սպառումը տարեկան կազմում է մոտ 8000 տոննա, եւ անհրաժեշտ է մոտ 6000 հա հնդկացորեն մշակել՝ պահանջված հումքը ստանալու համար: Բույսը չի սիրում շոգ եղանակ՝ շուտ է փչանում, դրա համար էլ հիմնականում ցանում են բարձրադիր վայրերում: Սա լավագույն հնարավորությունն է հյուսիսային տարածաշրջանում, բարձրադիր վայրերի անմշակ հողերը հնդկացորենի մշակության համար օգտագործելու: «Միջազգային կազմակերպությունը, բարերարներն իրենց հասանելիքն արել են, մենք փորձում ենք չտապալել գործը, սակայն չկա աջակցություն ու ուշադրություն կառավարության կողմից: Միակ բանը, որ առ այսօր ստացել ենք՝ 160 հազար դրամն է եղել, եռաֆազի ծախսի գումարը, անգամ հացքաղ կոմբայնը, որի կարիքն այդքան ունեինք, կոնկրետ նախկին կառավարության վարչապետը չկամեցավ մեզ»,- ասում է զրուցակիցս:

Բանն այն է, որ գործարանը ուներ չորանոցի, սերմազտիչի եւ ժամանակակից կոմբայնի կարիք: Ունեցած կոմբայը սովետական, հին տեխնիկա էր՝ ցածր ՕԳԳ-ով, այսինքն` կորուստն ավելի շատ էր, քան ստացած արդյունքը: 2016թ. դեկտեմբերի 7-ին Գյումրիում գործարարների հետ հանդիպման ժամանակ Կորյուն Սումբուլյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել էր կառավարության աջակցությունը ժամանակակից կոմբայնի տեսքով եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Հիմա ինձ ասում եք, որ ի՞նչ անեմ: Դուրսը կոմբայն չկա, որ բանալին տամ, խոդի գցես՝ գնա»:

4.JPG (319 KB)

«Ես նաեւ չորանոց էի ուզել, բացի կոմբայնից, ես իրենցից չէի ուզել, որ հյուրանոց կառուցեն, ու ստացա այդպիսի պատասխան: Հետո, երբ 2017թ. ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանը եկել էր Աշոցք, ես գնացել էի հանդիպմանն ու իրեն հիշեցրեցի խնդրանքս ու հարցրեցի՝ էլի դատարկաձե՞ռն եք եկել,- հիշում է դեպքերի զարգացումը Կորյուն Սումբուլյանը,- ճիշտն ասած` էդ կոմբայնը հետո հասավ Շիրակի մարզ, բայց տվեցին Ախուրյան խոշորացված համայնքին՝ դիտմամբ, երեւի ուզեցին ասել, թե կարող ենք, բայց չենք անի ձեզ համար»:

Չնայած առկա դժվարություններին, հնդկաձավար ներկրողների՝ տեղական արտադրողի հայտնվելուն զուգահեռ վաճառքի գների իջեցմանը, Բավրայում արտադրվող հնդկաձավարն արդեն հայտնվել է շուկայում: Տեղական արտադրանքը կարող են առայժմ ձեռք բերել միայն մայրաքաղաքի բնակիչները: Ոչ մեծ քանակությամբ սպառում են ապահովում Երեւանում գործող սուպերմարկետները: Թեպետ հնդկացորենի վերջնական վերամշակումը տեղի է ունենում Շիրակի մարզում, սակայն Գյումրու խանութներում վաճառվում է միայն ներկրված հնդկաձավար:

3.JPG (301 KB)

«Չեն վերցնում, որովհետեւ մեր ապրանքը թանկ է, մտավախություն ունեն, որ չեն կարողանա իրացնել,- բացատրում է Բավրայի հնդկացորենի վերամշակման գործարանի ղեկավար Կորյուն Սումբուլյանը,- ես սովորական հնդկաձավարը Սիթիներին տալիս եմ 500, կանաչ հնդկաձավարը՝ 700 դրամով, նաեւ ալյուր ունենք: Հումքի ծախսը չհաշված՝ միայն արտադրական ծախսն իմ վրա նստում է 230 դրամ: Չի կարող մեր արտադրածը էժան լինի, մանավանդ որ համային որակով գերազանցում է ներկրածին»:

Երեւանում 35 առեւտրային կենտրոններ տեղական հնդկաձավարի, թեեւ ոչ մեծ քանակով, սակայն կայուն սպառում են ապահովում: «Ներկրողները 30 տարի էս գործով են զբաղվում, շուկա են գրավում, ցանց են ստեղծում, մենք դեռ մի քանի ամիս է, որ սկսել ենք ճանաչելի դառնալ: Շուկայում հաստատվելու համար ժամանակ է պետք, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ բնակիչը կարողանա հստակ կողմնորոշվել օգտակարի ու ոչ օգտակարի միջեւ, նաեւ վճարունակ լինի, որ կարողանա էկոլոգիապես ավելի մաքուր ապրանքի համար ավելի թանկ վճարել»,- ասում է Կորյուն Սումբուլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter