HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը բավարարեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանին գրավով ազատելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ բավարարեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Միքայել Զադոյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: 

Թեև Զադոյանը միջնորդել էր գրավի չափ սահմանել 2 մլն դրամը, դատարանն իր որոշմամբ թույլատրելի է համարել ավելի մեծ՝ 3 մլն դրամ գրավը: Դատարանի դեպոզիտ հաշվին գումարը վճարելուց հետո Զադոյանն ազատ կարձակվի:

Նշենք, որ մինչ այս դատարանը մի քանի անգամ մերժել էր Զադոյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ: Այսօր առաջին անգամ միջնորդությունը ներկայացրել էր անձամբ ինքը՝ Զադոյանը:

Քննիչի խոսքով՝ ինքն ազատության մեջ մնալու ընթացքում հնարավորություն ունեցել է քննությունից թաքնվելու, սակայն այդպիսի բան չի արել, իրեն թույլ չի տա նման բան:

Մեղադրող դատախազ Արա Մնացականյանը միջնորդության դեմ առարկել էր՝ նշելով, որ այն առհասարակ պետք է թողնել առանց քննության: Ըստ մեղադրողի՝ դրանում Զադոյանի խափանման միջոց կալանքը փոխելու այսօրվա միջնորդության մեջ նախկինում ներկայացված միջնորդության հիմնավորումներն են ներկայացված, դրանում նոր հանգամանքներ առկա չեն:

Նշենք, որ ըստ կաշառքի վերաբերյալ գործի՝ քաղաքացի Բաբկեն Գասպարյանը ԱԱԾ-ին հայտնել է, որ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում:

Հաղորդումից հետո ամբաստանյալի աթոռին է հայտնվել հենց ինքը՝ Գասպարյանը, որդու գործով քննիչ Միքայել Զադոյանը, փաստաբան Գայանե Գալոյանն ու Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի արդեն նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, որի վերաբերյալ գործը քննվում է անջատված՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի վարույթում:

Ըստ գործի նյութերի՝ Բաբկեն Գասպարյանի որդուն՝ Սոս Գասպարյանին, վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, և որդին նման պայմաններում պետք է ազատ արձակվեր, ինչը, սակայն չի արվել:

Այն բանից հետո, երբ որդու վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Բաբկեն Գասպարյանը ԱԱԾ-ում հանցագործության մասին հաղորդում է տվել:

Քննիչ Միքայել Զադոյանը, փաստաբան Գայանե Գալոյանն ու մեկ այլ քրեական գործով անցնող Բունիաթ Եղիազարյանը չեն ընդունում իրենց մեղադրանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter