
Նոր տեսախցիկներ Ստեփանակերտի փողոցներում
Ստեփանակերտի փողոցներում ԼՂՀ ոստիկանությունը պարբերաբար տեսախցիկներ է տեղադրում: Այս օրերին տեսախցիկներ են տեղադրում Ստեփանակերտի Մարտունի-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը «Հետք»_ի հետ զրույցում ասաց, որ հասարակական կարգի անվտանգության նկատառումներից ելնելով է ոստիկանությունը տեսախցիկներ տեղադրում. «Դրանք երթևեկության կարգավորման հետ կապ չունեն»: Ֆելիքս Հարությունյանը դժվարացավ Ստեփանակերտում տեղադրված տեսախցիկների թիվն ասել:
«Հետք»-ը ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլյարանին հարցրեց, թե արդյոք մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում չէ փողոցներում տեսախցիկների տեղադրումը:
«Հետք»-ը ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլյարանին հարցրեց, թե արդյոք մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում չէ փողոցներում տեսախցիկների տեղադրումը:
Ըստ Բեգլարյանի` անվտանգությունն ապահովելու համար հանրային տարածքներում կատարվող նկարահանումները միջամտություն չեն մասնավոր կյանքին: Մասնավոր ոլորտի նկատմամբ միջամտություններ են սիստեմատիկ տեսագրումն ու տեսագրության պահպանումը:
«Միջամտություն է նաև պատրաստված լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումը: Հասարակական վայրերում` փողոցներում, մայթերում, հրապարակներում, խաղահրապարակներում, զբոսայգիներում, պուրակներում, հանրային տրանսպորտի կանգառներում իրականացվող տեսահսկումը պետք է ունենա հստակ սահմանված իրավաչափ նպատակ կամ նպատակներ և պայմանավորված լինի խիստ անհրաժեշտությամբ»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանը նաև ընդգծեց, որ հասարակական վայրերում տեղադրված տեսահսկման սարքերը չպետք է նկարահանեն բնակելի շենքերի մուտքը և ներսը, այդ թվում՝ պատուհաննները և պատշգամբները. «Այս կարծիքը հիմնված է ՄԻԵԴ իրավաբանության և ՀՀ արդարադատության նախարարության ուղեցույցի վրա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել