HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Ինչպես հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել:

Դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է մնացել դեռևս Խորհրդային տարիներից: Մ15 ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի  և Նոր Նորք վարչական շրաջնները:

«Իմաստն այն է, որ Երևանն ունենա շրջանցիկ ճանապարհ, ինչպես բոլոր զարգացած քաղաքներն ունեն: Այսօր մենք լավ գիտենք, որ գրեթե բոլոր ճանապարհներն անցնում են Երևանով, շատ լավ գիտենք նաև, թե ինչ վիճակ է կապված խցանումների հետ, տրանսպորտի վիճակը քաղաքի ներսում ինչպիսին է: Ցավոք սրտի, եթե մենք հյուսիսից հարավ ենք գալիս կամ արևմուտքից արևելք, բոլոր ճանապարհներն անցնում են Երևանի միջով: Նպատակն այն է, որ արդեն այն մեքենաները, որոնք անցնում են Երևանով, բայց իրենց նպատակը քաղաք հասնելը չէ, ունենան ալտերնատիվ ճանապարհներ և չմտնեն կենտրոն: Սա շատ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի զարգացման, այլ ընդհանրապես Հայաստանի ճանապարհների և տնտեսության զարգացման համար»,- նշել է քաղաքապետը:  

Քաղաքապետը նկատել է, որ քննարկվող նախագծերն իրատեսական են և իրագործելի, ու ընդգծել, որ այսօր նախաձեռնվող ծրագրերը ապագայի համար են:

«Մենք պետք է այսօրվա օրով միայն չապրենք, այլև ապրենք երեք կամ հինգ տարվա ծրագրով: Պետք է 10-15 տարի առաջ նայենք ու այսօր դնենք հիմքերն այդ աշխատանքների, որ մի քանի տարի հետո արդեն արդյունքներ ունենանք: Այսօր այդ հիմքերը դրվում են և այս շրջայցը հիմքն է, որը սկիզբ կտա այս ճանապարհաշինությանը»,- ասել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի եթևեկության բեռնաթափման նպատակով քննարկվող հաջորդ ծրագիրը նախատեսում է Դավթաշենը ուղիղ կապով միացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ միաժամանակ հնարավորություն տալով այցելել Կոտայքի մարզ:

«Մենք պետք է Հայաստանը նայենք, որպես մեկ ամբողջություն և տնտեսական, և ճանապարհների կառուցման ու ենթակառուցվածքների առումով: Մենք քննարկում ենք պարոն Մարությանի հետ Երևանի շրջանցիկ ճանապարհների հարցը: Պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարենք և հասկանանք, թե այդ ճաապարհների կառուցումը տնտեսապես ինչ շահավետությամբ կաշխատի, հանրապետական ու միջպետական նշանակության, որ ճանապարհներն են, որ պետք է վերանորոգվեն  և որպես ընդհանուր ծրագրի մաս կարողանանք Երևանի բեռնաթափման ծրագիր մշակել»,- նշել է նախարարը:

Առաջիկայում ճանապարհաշինական վերոնշյալ նախագծերի մասով կներկայացվեն կոնկրետ գնահատակններ, ինչն էլ հնարավարություն կտա ըստ առաջնահերթության կյանքի կոչել ծրագրերը: Քննարկվող տարբերակների համաձայն, նոր ճանապարհահատվածները կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին, կունենան երթևեկելի մի քանի գոտիներ, կամրջային կառուցվածք:

Հայկ Մարությանի տեղեկացմամբ, քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: Կարևորագույն այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter