Մրցանակ հային` հայերեն խոսելու համար
Երեւանում ամենուր փակցված է. «ՀՀ ԿԳՆ կից լեզվի պետական տեսչությունը հիշեցնում է' ՀՀ պետական լեզուն հայերենն է» ցուցանակը: Գրական բանավոր խոսքը վերահսկելը միշտ էլ դժվար է, իսկ վերջերս նույնքան անհնար է գրավոր լեզվի վերահսկումը: Բազմաբնույթ տառասխալների կարելի է հանդիպել թերթերում, հայտարարություններում, հանրային գրվածքներում: Վերջիններիս թվին են պատկանում փողոցային ցուցանակները, գովազդային վահանակները, փողոցների եւ խանութների անվանումները:
Տարածված սխալներից է վարսավիրանոցը «կանացի» անվանելը: «Կանացի» ածականով կարելի է բնորոշել քայլվածքը, ձայնը, բայց ոչ երբեք վարսավիրանոցը: Այն ընդամենը «կանանց» համար է: Վարսավիրական սրահների հետ կապված տարածված սխալներ շատ կան:
«Էպիլյացիայի» փոխարեն նրանք պատրաստ են անել «էպյիլյացիա» (Մ. Հերացու անվան փողոց) , կամ' «կտրվածքի» փոխարեն «ստրիշկա» (գրված է հայերեն տառերով): «Քաբաբ» բառը հայերենում չունի իր համարժեքը, այդ պատճառով էլ մեկ գրվում է առանց յ-ի, մեկ' յ-ով' «քյաբաբ»: Իսկ «տարածք» բառի ուղղագրությանը մենք ծանոթ ենք դեռ դպրոցից' ձ-ծ-ց-ի ուղղագրությունից: Մինչդեռ Մյասնիկյան պողոտայի մի կրպակի վրա գրված է. «Վաճառվում է տարացքով»: Մաշտոցի պողոտայում հանդիպում ենք մեկ այլ լեզվական աղավաղման: Ծաղկի սրահի վրա փակցված է. «Պահաջվում է ծաղկի դեզայնե ռ »: Անտեսելով հայերեն «ձեւավորող» բառը' օտար «դիզայներ» բառը գրված է ռ-ով:
Պատահում են նաեւ անուշադրության հետեւանքով կատարված զավեշտալի սխալներ: Նոր Նորքի առաջին զանգվածում իրար տակ փակցված է «Ավիատոմսերի վաճառք» ցուցանակը: Հ ետագայում ցուցան ա կ ն երից մեկը պոկվել-ընկել է' թողնելով «մսերի առք» երկիմաստ հայտարարությունը: Հայերենի շեշտի «դաժան բախտի» մասին կարելի է անվերջ խոսել: Չ՛ ծխել, բարձր չ՛խոսել, աղբ չ՛թափել ձեւերը սխալ են, քանզի հայերենում շեշտ կրում է վերջի վանկի ձայնավորը, ոչ թե ժխտական մասնիկը: Շատ հաճախ տարաբախտ շեշտի փոխարեն դնում են բութ, օրինակ՝ չ՝աղմկել, դիմացը չ՝փակել: Մաշտոցի պողոտան վերջերս սկսեց զարդարել «Հետիոտնի անցումը կանգառ չէ՝» հայտարարությունը, որտեղ շեշտի փոխարեն դրված է բութ եւ, բացի այդ, առկա է մտքի ոճաբանական խեղաթյուրում:
Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը առաջարկում, խնդրում եւ վերջապես պահանջում է որեւէ հանրային գրվածք փակցնելուց առաջ այն ներկայացնել լեզվագիտական փորձագիտության: «Մենք պատրաստ ենք անվճար ուղղել բոլոր սխալները, միայն թե վերջ դրվի նման խայտառակ գրվածքներին»,-ասում է նա: «Բրաբիոն» ընկերության «Այդ ուր, առանց ծաղիկ?» գովազդային վահանակը բավականին մեծ անախորժություններ առաջացրեց՝ ընդհուպ մինչեւ դատական գործի հարուցում ( եւ ծաղիկ բառն էին սխալ հոլովել ( ծաղկի ) , եւ հայերենին խորթ հարցական նշան էին դրել ( ? ) : «Բրաբիոնի» գովազդի մենեջեր Արտակ Ասատրյանը տեղեկացրեց, որ նախկին ցուցանակին փոխարինելու է եկել «Բա ծաղի՞կը» ցուցանակը եւ խնդրեց այլեւս վերոհիշյալ ցուցանակի մասին հարցեր չտալ:
«Ոսկե գալաթեա» մրցանակի արժանացած «Zebra» գովազդային գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թամարա Հակոբյանը մեզ հավաստիացրեց, որ իրենց պատրաստած վահանակներից եւ ոչ մեկը չի պարունակում որեւէ ուղղագրական, կետադրական, ոճաբանական ու իմաստային անհարթություն: «Մի ժամանակ մենք ներկայացնում էինք փորձաքննության, սակայն լեզվի տեսչության հետ ունեցած հակասությունների պատճառով այլեւս չենք ներկայացնում, բացի այդ՝ կարիք չկա»,-ասում է նա: Հարկ է նշել, որ ընկերության անվանումն ինքնին հայերեն չէ: Ոչ հայերեն անվանում ունի նաեւ «American taxi» ընկերությունը: Պարոն Միրզոյանը դիմել է նրանց եւ խնդրել թարգմանել անվանումը, սակայն մերժել են' ասելով՝ տերը ամերիկացի է:
«Թվում է՝ հայոց լեզվի անաղարտությունը անհանգստացնում է միայն մեզ: Ինչու՞ են ԶԼՄ-ն այդքան անտարբեր, ինչպե՞ս կարող է թերթը լույս տեսնել 72 ուղղագրական սխալով ( խոսքը «ԳԻՆԴ» թերթի մասին է ) »,-ասում է նա:
Անգրագետներին պատժել լեզվի պետտեսչությունն օրենսդրությամբ իրավասու չէ: Նրանք կազմում են ակտ, համաձայն որի եռօրյա ժամկետում սխալը պետք է ուղղվի, հակառակ դեպքում դիմում են դատարան:
«Եթե լեզվի տեսչությունը լիներ նախագահին առընթեր կառույց, ապա որեւէ ցուցանակ փակցնելուց առաջ կվազեին մեզ մոտ: Իսկ հիմա մենք ենք նրանց ետեւից ընկնում, համոզում ճիշտ գրել»,-ասում է Լ. Միրզոյանը: Անցյալ տարի տեսչությունը պետբյուջեն հարստացրել է հաջողված դատական գործերից ստացված վարչական տուգանքներով' 5մլն 500 հազար դրամ:
Հանրային գրվածքների լեզվական սխալների վրա ստվեր են գցում ԶԼՄ-ը իրենց բազմաբնույթ, բազմաժանր, խայտաբղետ աղավաղումներով: Անցյալ տարի մեկնարկեց «Անաղարտ եթեր» մրցանակաբաշխությունը, որը հավակնում է դառնալ ամենամյա: Լավրենտի Միրզոյանն ասում է. «Ամոթ է' մենք հային մրցանակ ենք տալիս հայերեն խոսելու համար»:
Ելենա Բեջանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել