Բրազիլիայում պոչամբարի փլուզման հետևանքով 9 մարդ է մահացել, 100-ավոր մարդիկ համարվում են կորած
Բրազիլիայի հարավ-արևելքում երկաթի հանքի պոչամբարի փլուզման հետևանքով 9 մարդ մահացել է, 150-200-ը համարվում են անհետ կորած: Ինչպես հայտնել է Մինըզ Ժերայսի (Minas Gerais) նահանգապետը, քիչ հույս կա, որ կորածները ողջ են:
Դեռևս պարզ չէ պոչամբարի փլուզման պատճառը: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Պոչանքի հոսքը քանդել է իր ճանապարհին եղած մեկ այլ պոչամբար՝ անցնելով մոտակա բնակավայրի միջով և քանդելով տներ:
Ճանապարհների անանցանելիության պատճառով պոչանքի մեջ եղած մարդկանց տեղափոխել են ինքնաթիռներով, տարհանվել են նաև տարածքի այլ բնակիչներ:
BBC-ի հրապարակած ինտերակտիվ պատկերը ներկայացնում է կարմիր պոչանքի ներառած տարածքը:
Պոչամբարը պատկանում է Բրազիլիայի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությանը՝ Vale-ին, որը նաև համարվում է երկաթի հանքաքարի խոշորագույն արդյունահանողն աշխարհում: Ընկերության նախագահ Ֆաբիո Շվարցմանը (Fabio Schvartsman) լրագրողներին ասել է, որ աղետից տուժածների մեծ մասը հանքի աշխատողներն են: Դեպքի վայրում գտնված 300 աշխատողներից մինչ այժմ փրկվել են 100-ը:
1976թ-ին կառուցված պոչամբարը վերջին 3 տարիներին չի շահագործվել: 86մ բարձրությամբ այս տարածքում 11.7 մլն լիտր հանքաթափոն է եղել: Ընկերության նախագահի խոսքով՝ գերմանական TÜV SÜD ընկերությունը 2018թ-ի սեպտեմբերին ստուգել էր պոչամբարը և նշել, որ այն «իդելական վիճակում է»:
Լրատվամիջոցները հիշեցնում են նմանատիպ վերջին աղետը Բրազիլիայում: 2015թ-ին նույն նահանգում փլուզվել էր մեկ այլ պոչամբար, որը շահագործում էր Samarco ընկերությունը: Սրա սեփականատերերից մեկը նույն Vale-ն էր, մյուսը՝ անգլո-ավստրալական BHP Billiton ընկերությունը: Այս դեպքը համարվում էր Բրազիլիայի վատթարագույն բնապահպանական աղետը, որին զոհ էին գնացել 19 մարդիկ, 375 ընտանիք զրկվել էր տներից, իսկ թունավոր պոչանքը լցվել էր Ռիո Դոսե գետը: Ընկերությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար էր ծախսել տարածքի մաքրման ու վերականգնման աշխատանքների համար և վճարել միլիոնավոր դոլարի տուգանքներ, բայց որևէ մեկը պատասխանատվության չէր ենթարկվել:
Բնապահպանները քննադատում են երկրի իշխանություններին այդ դեպքից դասեր չառնելու համար: Նշվում է նաև, որ պատնեշի փլուզման վտանգի մասին խոսվել է ընկերությանը լիցենզիա տալու ժամանակ: «[Սրանք] պատահարներ չեն, այլ էկոլոգիական հանցագործություններ, որոնք պետք է հետաքննվեն, պատժվեն և հատուցվեն»,- հայտարարել է բնապահպանական Greenpeace ընկերությունը:
լուսանկարը՝ AFP/Getty Images
Մեկնաբանել