Որքա՞ն հեռու կգնաս
Երկու բաժակ կանաչ թեյից հետո քիթս դեռ փակ է, եւ կոկորդս ցավում է: Փորձեցի քնել, բայց չստացվեց: Եվ հիմա փաթաթված եմ վերմակի մեջ, երկու մոմ վառվում է կողքիս:
Մինչ ողջ Հայաստանը քնած է, ես վայելում եմ կարմիր գինու դառը չորությունը եւ Նինա Սիմոնեի մեղմ ձայնը:
Այն բանից հետո, երբ այդ խորհրդավոր վարակը ( ես թունավորվել էի ) թափանցեց օրգանիզմս եւ սաստիկ հյուծեց այն, ես ինքս ինձ խոստացա, որ այսուհետ այլեւս երբեք կյանքը չեմ ընդունի որպես ինքնին հասկանալի մի բան: Ես խոստացա շնորհակալ լինել Աստծուն ապրածս ամեն մի վայրկյանի համար: Ես զգացի սեփական մաշկիս վրա' ինչ ասել է ֆիզիկապես անօգնական լինելը: Ես ցանկացա կարեկցությունս ցուցաբերել մարդկանց, որոնք նույնպես ֆիզիկապես հիվանդ են:
Անհավատալի է, բայց ինձ այժմ խոստումս գործնականում կիրառելու հնարավորություն է ընձեռվել: Ես անգլերեն եմ դասավանդում իմ սիրելի հայ աշակերտներին, ովքեր ֆիզիկական կամ հոգեկան արատներ ունեն: Չնայած վերջերս եմ ինքս զգացել ֆիզիկապես անօգնական լինելու տհաճությունը, այնուամենայնիվ, գիտեմ, որ երբեք չեմ կարողանա լիովին հասկանալ, թե ինչ են զգում նրանք, ովքեր միշտ այդ վիճակում են:
Ամեն երկուշաբթի ես հանդիպում եմ իմ գեղեցկադեմ պատանի աշակերտին' Կարենին, ով ի վիճակի չէ քայլել:
Մի օր ես նրան սովորեցնում էի «հարմարավետ» բառը:
- Յունիս, Հայաստանում սուպերմարկետները հարմարավե՞տ են:
- Այո:
- Ինձ նման մարդկանց համա՞ր էլ:
Կարենը ցույց է տալիս իր անվասայլակը:
Առ այսօր ես միայն նկատում էի նրա քայլելու դժվարությունը, բայց հիմա մտածում եմ նրա սիրելու եւ սիրվելու բաղձանքի մասին: Ինչու՞ եմ ասում սա:
Երկու օր առաջ ես սովորականի պես գնացի նրա տուն: Նա գամված է անվասայլակին, եւ այստեղ տանից դուրս գալու միակ հարմարանքը իմ կազմակերպության մեքենան է:
Այդ օրը մենք խաղաթուղթ էինք խաղում եւ խմում նրա տատիկի պատրաստած գինին: Իմ աշակերտը հանկարծակի հարցրեց.
- Յունիս, ի՞նչ կուզենայիր անել քո կյանքում:
Իմ աշակերտ, իմ ընկեր Կարենը բանաստեղծ է, ով ցանկանում է հետագայում հայտնի դառնալ: Մենք միշտ զրուցում ենք կյանքի իմաստի շուրջ նրա կոտրատված անգլերենով եւ իմ կոտրատված հայերենով: Այս անգամ նա կարծես սովորականից լուրջ է եւ միգուցե փիլիսոփայորեն է տրամադրված:
Երեք անգամ խփելով բաժակները' մենք նայեցինք իրար' լուռ փոխանակելով ազնիվ լինելու խոստումներս:
- Յունիս, ես կարող եմ սիրել բոլոր մարդկանց, բայց ոչ անհատի:
Նա վախենում է սիրել որեւէ մեկին: Նա վախենում է, որ իր սերն անպատասխան կլինի:
Նա ավելի առաջ գնաց մի թեմայում, որ ես խուսափում էի քննարկել, քանզի չգիտեի' ի՞նչ մտածել եւ ի՞նչ ասել:
- Կասկածում եմ, որ ինչ-որ աղջիկ կհամաձայնի սիրել ինձ նման հաշմանդամի:
Նա ասաց դա: Ես կարծում էի' շատ դժվար կլինի խոսել իր' հաշմանդամի պայքարի մասին: Ճիշտ է, մենք նախկինում էլ ենք խոսել նրա դժվարությունների մասին, հատկապես զարգացող երկրում, ուր այնքան խնդիրներ կան լուծելու, որ փոքրամասնութունների խնդիրներին անդրադառնալուժամանակ չի մնում, չնայած դրանք բոլորովին էլ փոքր չեն:
Բայց հիմա մենք խոսում ենք սիրո մասին: Սիրո թեման անհատական է ամենքի համար: Բացի այդ, ես կապկպված էի իմ սեփական նախապաշարումներով: Ես պաշտպանում էի հաշմանդամների յուրաքանչյուր իրավունքը, ես ցանկանում էի լացել նրանց հետ ամեն անգամ, երբ նրանք բախվում էին իրենց մեկուսացնող հասարակության կողմից անարդարության: Բայց արդյո՞ք ես նրանց մասին իրոք մտածում եմ որպես ինձ հավասարների:
Ես այլեւս ետդարձի ճանապարհ չունեմ: Կարենն ինձ արդեն տվել է այդ հարցը: Նա ինձ խրախուսեց լինել ազնիվ եւ հանգիստ խոսել այդ թեմայով: Նա հարցրեց.
- Յունիս, կկարողանայի՞ր սիրել հաշմանդամի:
Ես այս հարցը տալիս էի ինքս ինձ Հայաստան ժամանելու պահից սկսած: Բայց հիմա ես պիտի պատասխանեմ այդ հարցին, եւ դա հեշտ չէ:
- Չգիտեմ,-ասացի ես,-միգուցե չէի կարողանա:
Նա նայեց վրաս չդատապարտող հայացքով:
- Միգուցե կկարողանայի, բայց դա դժվար կլիներ:
Ես չկարողացա ասել' ի՞նչ տարբերություն, կամ' իհարկե:
-Իմ պատասխանը ցավեցրե՞ց քեզ:
Իմ մեծահոգի ընկեր Կարենն ասաց.
- Ոչ: Դու ազնիվ էիր: Համոզված եմ, որ բոլորն այդպես են մտածում: Ես ինձ հարցնում եմ' արդյո՞ք ես կկարողանայի սիրել հաշմանդամ աղջկա, եթե ինքս այդպիսին չլինեի: Դժվարանում եմ պատասխանել:
Չգիտեմ' նա ասաց դա, որպեսզի ես ինձ վատ չզգամ, թե իրոք այդպես էր մտածում:
- Քեզ նյարդայնացնու՞մ է այն փաստը, որ դու հաշմանդամ ես:
- Ոչ: Բայց ինձ նյարդայնացնում են դրա հետեւանքները: Այն, որ ես չեմ կարող հաճախել դպրոց եւ աշխատել: Յունիս, աշխատանք ասելով ես նկատի չունեմ փող վաստակելը: Աշխատանքն ինքնին արդեն իմաստ է:
Անելով գինու վերջին կումը' մենք դարձյալ խփեցինք մեր բաժակները երեք անգամ: Կրկին լռության մեջ մենք փոխանակեցինք անկեղծ ընկերության ժպիտներ:
Հայաստանում հաշմանդամների հանդեպ նախապաշարումները խոր արմատներ են ձգել: Եվ դա արդյունք է հասարակությունից նրանց կատարյալ մեկուսացման:
Դիլիջանում չկա ոչ մի դպրոց, որ ընդունում է հաշմանդամներին, չկան հարմարություններ նրանց տեղաշարժի համար: Իմ աշակերտներից ոմանք ավարտել են բարձրագույն դպրոցը եւ նույնիսկ բարձրագույն կրթություն ունեն: Սակայն նրանք ի վիճակի չեն աշխատանք գտնելու, նրանց համար ոչ մի աշխատատեղ չկա:
Դիլիջանում ապրում է հոգեկան կամ ֆիզիկական հաշմանդամությամբ 18 տարեկանից բարձր ավելի քան 854 մարդ: Նրանք մեծ մասամբ տանն են եւ ոչինչ չեն անում:
Քանի որ հասարակությունն անտարբեր եւ անտեղյակ է ֆիզիկական արատներ ունեցող իր անդամներից, ուստի հաշմանդամներն ու նրանց ընտանիքներն էլ անտեղյակ են իրենց իրավունքից: Նման երեխաների ծնողները հաճախ աշխատում են իրենց ամբողջ ուշադրությունը հատկացնել հաշմանդամ երեխային, այդպիսով իրենք էլ են հեռանում հասարակությունից: Իրենք էլ չեն աշխատում եւ ապրում են սարսափելի չքավորության մեջ:
Իմ աշակերտ Կարենը նրանցից մեկն է: Նա ինձ ասաց, որ երկար չի ապրի: Նրա ոտքի մկանները հետզհետե ավելի ու ավելի են քարանում: Մինչ 18 տարեկանը նա ունակ էր քայլելու, չնայած ցավոտ էր: Հիմա նա 21 տարեկան է: Եվ չգիտի' որքան կապրի, սակայն շատ ավելի քիչ, քան ավելի առողջ 21-ամյա տղան:
Երբ մեր զրույցի ավարտին ես պատրաստվում էի գնալ, նա ասաց.
- Յունիս, գրիր այս մասին:
Հիմա ես գրում եմ այդ օրվա մասին: Սովորաբար սիրում եմ գրածս համեմել պատկերավոր խոսքերով: Բայց հիմա դա չեմ անում: Երկխոսությունն ինքնին պատկերավոր էր:
Հիմա, փոխանակ ուղղակի պաշտպանեմ աշակերտիս իրավունքը, ես սկսեցի կիսել նրա հետ իր ցավը:
Ես հավատում եմ մարդու իրավունքին: Կարենն ինձ ստիպեց ըմբռնել մարդու իրավունքի իսկական իմաստը: Մարդու իրավունքի հիմքում ընկած է հետեւյալ դրույթը. անհատն իրավունք ունի սիրելու եւ սիրվելու:
Մինչ այժմ անվերջ մտքեր' կապված աշակերտներիս դժվարությունների հետ, անցնում էին մտքովս, սակայն ես գերադասում էի խուսափել դրանցից' պատսպարվելով նախապաշարումներիս պատի ետեւում: Աշակերտիս հետ զրույցը քանդեց այդ պատը:
Խաղաղության Կորպուսի կարգախոսն ասում է. «Որքա՞ն հեռու կգնաս»: Չգիտեմ' որքան երկար դեռ կճաշակեմ այս անգնահատելի փորձությունն այստեղ:
Ես միացա Խաղաղության Կորպուսին' աշխարհը փոխելու մեջ իմ ավանդն ունենալու: Մինչ ես ապրում եմ այդ երազանքով, իմ աշակերտները մեծ փոփոխություն են առաջացնում իմ կյանքում:
Մոմերը դեռ վառվում են, Նինա Սիմոնեն դեռ խրախուսում է ինձ վայելել կյանքը, բայց գինին վերջացել է: Զսպելով երկրորդ բաժակը սկսելու ցանկությունս' ես կրկին փորձում եմ քնել:
Յունիս Հա
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել