Դիանա Տեր-Ստեփանյանն ընտրվել է ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
2019 թվականի հունվարի 26-ին տեղի է ունեցել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդի բոլոր 24 անդամները: Այս մասին հայտնում է համալսարանի կայքը:
Հոգաբարձուների խորհրդի անդամ, ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրել է խորհրդի անդամ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանի թեկնածությունը:
Ինքնառաջադրմամբ հանդես է եկել խորհրդի անդամ, ՎՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը: «Խորհրդի անդամների զգալի մեծամասնությունը դեմ էր բուհում դասավանդող անձի առաջադրման հարցին՝ հղում կատարելով խորհրդի աշխատակարգին: Վ. Եղիազարյանը, վերահաստատելով ինքնառաջադրումը, հղում կատարեց ՎՊՀ կանոնադրությանը, ըստ որի՝ խորհրդի նախագահ չի կարող ընտրվել անդամներից միայն ուսանողը: Մեկ ու կես ժամ ծավալված քննարկումից հետո Վ. Եղիազարյանն առաջարկեց Լոռու մարզպետի թեկնածությունը, ինչին անմիջապես հաջորդեց Անդրեյ Ղուկասյանի ինքնաբացարկը»,- տեղեկացնում է համալսարանի կայքը:
Միաձայն կողմ քվեարկությամբ Դիանա Տեր-Ստեփանյանն ընտրվել է «Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Միաձայն կողմ քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում վերընտրվել է խորհրդի նախկին քարտուղար Սամվել Աղաջանյանը:
լուսանկարը՝ Facebook-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել