HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդի քաղաքին հատկացվող բնապահպանական սուբվենցիաները ծախսվում են աննպատակային

Պետբյուջեից սուբվենցիայի տեսքով 2018թ-ին Ալավերդի համայնքին հատկացվել է 178 մլն դրամ։ Բնապահպանական մասհանումների 125 մլն դրամը ավագանու 2017թ.-ի հունիսի 23-ի որոշմամբ նպատակաուղղվել է բնապահպանական, 53 մլն դրամը՝ առողջապահական ծրագրերի կատարմանը:

Բնապահպանության և առողջապահության նախարարությունների հետ համաձայնեցված ծրագրերով ներգրավված միջոցառումները տարիներ շարունակ հակասում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքին: Բնապահպանական մասհանումներով երբևէ չեն իրականացվել պղնձաձուլական գործարանի գործունեության հետևանքով Ալավերդու հողային տարածքների, օդային և ջրային ավազանների վնասների վերականգնման միջոցառումներ:

Բնապահպանական ծրագրով 2018թ.-ին նախատեսված Ալավերդու Սանահինի Քարե կամրջի հարակից տարածքում պուրակի և ճեմուղու, քաղաքային շուկայի կառուցման, Ալավերդու կոշտ կենցաղային աղբավայրի լոկալիզացիայի և Հաղպատ բնակավայրի 1,5 մլն դրամի աղբահանության նախատեսած միջոցառումները չեն իրականացվել:

Կանաչապատ տարածքների վերականգնման, ընդլայնման և բարեկարգման, աղբարկղներ ձեռք բերելու, փողոցների հենապատերի թափված քարերի և գլխաքարերի վերականգնման, Երիտասարդական և Ս./Սարահարթ թաղամասի Գայի փողոցների մայթերի վերանորոգման և մյուս աշխատանքերից ու առողջապահական ծրագրերից համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը տնտեսել է 33 մլն դրամ: Տնտեսումների պատճառով թերի է մնացել նախատեսված ծրագրերի մեծ մասը:

Ավագանու անդամ Հարութ Ձավարյանն անարդյունավետ է համարում նաև Ալավերդիում արևային ֆոտովոլտայիկ կայանի տեղադրման 12,5 մլն դրամի ծախսը, քանի որ համայնքը ֆոտովոլտայիկ կայանն աշխատեցնող մասնագետ չունի: Տարեվերջին բնապահպանական ծրագրով նախատեսված 66 մլն դրամի ծրագրեր Ս. Խեչումյանին չի հաջողվել իրականացնել: Նա մեկ տարում չի կողմնորոշվել, թե որտեղ է կառուցելու Ալավերդու շուկան:

Սուբվենցիայի 53,2 մլն դրամով ավագանին հոկտեմբերի 25-ի որոշմամբ Սասուն Խեչումյանին թույլատրել է ձեռք բերել աղբատար երկու ավտոմեքենա: «Աղբի մեքենաներ գնելու համար հիմնականում ներդրված են մեր տնտեսումները, եթե չեմ սխալվում մի 33 մլն դրամ: Եվ ընդամենը 21 մլն դրամ նախահաշվային արժեքով Քարե կամրջի մոտ պուրակի և ճեմուղու ծրագիր ունեինք, դա է»,- բացատրում է Ս․ Խեչումյանը:

«Հոկտեմբերի 25-ին բերեցին, թե աղբի ավտոներ ենք առնելու, եթե չառնենք, 66 մլն դրամը տեղափոխվելու է 2020թ.: Մենք էլ ճարահատյալ հաստատեցինք Ս. Խեչումյանի առաջարկությունը»,- պատմում է ավագանու անդամ Արտուշ Աբելյանը: Վերջինս առաջարկել է բնապահպանական սուբվենցիայի մասհանումներով իրականացնել Ալավերդու քաղցկեղով հիվանդների բուժման աջակցության ծրագիր: Ս. Խեչումյանը մերժել է, թե դա հակասում է օրենքին:

«Ես տեղյակ եմ, որ բնապահպանական ծրագրով տարեվերջին նախատեսվել էր նույնիսկ աղբի ավտոմեքենաներ գնել: Դա դեռ չի արվել, շուկա պետք է կառուցվեր, դա էլ չի կառուցվել: Բոլորս հասկացել ենք, որ բնապահպանական սուբվենցիաները չի կարելի դնել ու շինարարություն կատարել: Դա նպատակային ծախս է և պետք է նպատակային օգտագործվի»,- ասում է ավագանու անդամ Լաուրա Մելիքսեթյանը: «Ավագանու որոշումից հետո եմ իմացել, որ կարելի էր համայնքների խոշորացման ծրագրով կառավարության աջակցությամբ ավելի շահավետ գնով աղբի ավտոմեքենաներ գնել»,- ասաց Հարութ Ձավարյանը:

2018 թ․ հոկտեմբերի 31-ին Ս. Խեչումյանի և բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Ջիլավյանի փոխադարձ համաձայնությամբ կնքված N 2 համաձայնագրով աղբատար երկու մեքենաներ գնելու ծրագիրը տեղ է գտել բնապահպանության նախարարության 2018թ.-ի 178 մլն դրամ սուբվենցիայի ծախսերի մեջ: Ս. Խեչումյանին չի հաջողվել մինչև տարեվերջ ձեռք բերել աղբի ավտոմեքենաները: Նա ստիպված «Գալոպեր» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել՝ մինչև 2019թ.-ի մայիսի մեկը աղբի ավտոմեքենաներ գնելու համար: Ս. Խեչումյանը պայմանագրի գինը՝ 52 մլն 900 հազար դրամը, որպես կանխավճար փոխանցել է «Գալոպեր» ՍՊԸ-ին:

«Հետքը» բնապահպանական ծրագրերին համաձայնություն տալու սկզբունքների մասին հարցեր է ուղղել բնապահպանության նախարարության բնապահպանական ռազմավարության ծրագրերի և մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության, ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի բաժնի պետ Արթուր Ղավալյանին։ Վերջինս պարզաբանել է․

- Սկզբունքները սահմանված են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքով: Դուք ճիշտ նշեցիք, մասհանումները պետք է ուղղվեն պղնձաձուլական գործարանի գործունեությամբ համայնքին հասցված վնասները վերականգելուն: Բայց օրենքում կան կետեր, ասենք` կոշտ թափոնների հավաքման բնապահպանական ուղղվածությունը չի հակասում բնապահպանական օրենքին: Ինչ վերաբերում է այդ գումարներից աղբի ավտոմեքենա ձեռք բերելուն, դա արդեն համայնքի ղեկավարի խնդիրների մեջ է մտնում: Ինձ թվում է` աղբի մեքենաները անհրաժեշտ կլինեն համայնքին:

- Բայց  օրենքը բնապահպանական մասհանումներով աղբահանության գույք գնելու իրավունք համայնքի ղեկավարին չի ընձեռում: Նա կառավարության աջակցությամբ համայնքի համար շահավետ գներով կարող էր աղբի ավտոմեքենա ձեռք բերել համայնքների խոշորացման ծրագրով, ինչպես դա արել է Օձունի համայնքապետը:  

-Ձեր նշած բոլոր խնդիրները կան ոչ միայն Ալավերդիում, այլ ազդակիր բոլոր համայնքներում: Դրանց լուծման երկու ճանապարհ կա՝ մեկը ծրագրերի նպատակայնության հարցի ամեն տարի բարձրացումն է, մյուսը՝ իրավական դաշտի կարգավորումը, որտեղ պետք է նշվի` կոնկրետ ինչ ուղղության միջոցառումների համար կարող են ծախսվել բնապահպանական մասհանումները: Կոնկրետ ես ասեմ, առողջապահության մասով օրենքում ոչ մի հստակեցում չկա, թե ինչ միջոցառում կարելի է իրականացնել: Մենք սկսել ենք բնապահպանական ծրագրերի վճարման նախագծի մշակումը: Մշակվող նախագծով նախատեսվում է ոչ միայն հստակեցնել այդ ուղղությունները, այլ նաև մեծացնել ազդակիր համայնքների և ընկերությունների ցանկը:

Հիմնականում գյուղական համայնքների ղեկավարները չգիտեն` ինչ կարելի է անել բնապահպանական մասհանումներով: Դա լուրջ խնդիր է: Բնապահպանական ծրագրերի իրականացման տխուր պատկեր կա: Բնապահպանության նախարարությանը և բնակչությանը ավելի ձեռք կտան բնապահպանական երկարաժամկետ ծրագրերի իրականացումը: Մի տարի անենք ինչ-որ մի գործ, որ մի քանի տարի վայելենք դրա արդյունքները:

-Բնակչությունը տեղեկացված չէ Ալավերդու շրջակա միջավայրին և իրենց առողջությանը Պղնձաձուլական գործարանի պատճառած վնասների մասին: Ս. Խեչումյանը դրա համար անգամ օրենքով նախատեսված միջոցառումներից է խուսափել:

- Դուք տեղին հարց եք բարձրացնում: 2020թ.-ի համար համայնքի ղեկավարի հետ քննարկել ենք, թե ինչ պետք է անել հողերի մոնիթորինգի համար: Հողերի մոնիթորինգը շատ թանկ չէ, պաշտոնապես ճշտել եմ: Մեկ նմուշառումը` իր անալիզներով, կազմում է մոտ 80 հազար դրամ: Ու ես առաջարկել եմ համայնքապետերին վերջապես կատարել մանկապարտեզների կամ դպրոցների բակերի հողային տարածքների մոնիթորինգ: Հողի մեջ գտնվող նյութերը փոշու օգնությամբ 1,5 մ բարձրանում են: Մեծահասակներին դա այնքան էլ վնաս չի տա, որովհետև նրանց հասակը 1,5 մետրից բարձր է, երեխաները ընկնում են այդ 1,5 մետրի տակ: Նախարարությունն անցած տարի Ալավերդի համայնքի ղեկավար Ս. Խեչումյանին գրավոր առաջարկել է համայնքի բնապահպանական ծրագրում ներառել հողի մոնիթորինգի իրականացման միջոցառում: Ս. Խեչումյանը չի իրականացրել նախարարության առաջարկությունը:

«Ես չգիտեմ բնապահպանության նախարարության բնապահպանական ռազմավարության ծրագրերի և մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության, ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի բաժնում ինչ են հայտնել, բայց ես կբարձրացնեմ այդ գրությունը և կտեսնեմ` ինչ են մեզ գրել»,- հեռախոսով ասաց Սասուն Խեչումյանը:

Մեկնաբանություններ (1)

Ալավերդու բնակիչ
Արդեն մի տարուց ավել է էս քաղաքապետը ինչ ուզում, էն էլ անում է մեր քաղաքում: Ալավերդու հետ սրանից վատ բան չէր կարա պատահի, ինչ որ պատահեց 2017 թվի նոյեմբերի 5-ին: Օբսոլյուտնո անտեղյակ մարդ, "ձեռի հետ, ոտի վրա" քաղաքապետ: Բայց սա ոչ մեկ չի տենում, աչքակապուկի են խաղում բոլորը, ավագանուց սկսած մինչև նախարարություն: Եթե ժողովուրդը դժգոհ ա, քաղաքը ձեռից գնում ա, լրագրողը գրում ա ու էլի նույնն ա, ուրմեն ոչ մի բան էլ չի փոխվել: Էս տոնածառը չենք ուզում, լավը չի, փոխեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter