HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

210 ընտանիք կզրկվի տանիքից

Սվետա Մակարյանի ընտանիքը մեկն է այն 210 կարիքավոր ընտանիքներից, որ բնակվում են Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի 5-րդ մասնաշենքում, որի աճուրդը կայանալու է փետրվարի 28-ին։

Սվետա ն երեք երեխայի միայնակ մայր է։ Փետրվարի 1-ին, տուն վերադառնալիս, նա հարեւաններից տեղեկացել է, որ իրենց շենքը վաճառվում է։ Արդեն յոթ տարի է՝ Սվետան բնակվում է «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ ընկերությանը պատկանող հանրակացարանի հինգերորդ մասնաշենքում։

Շենքի բնակիչներից մեկն առավոտյան տանից դուրս գալիս պատահաբար ուշադրություն է դարձրել մուտքի դռան մոտ փակցված հայտարարությանը, որտեղ նշված էր, որ հանրակացարանի 5-րդ մասնաշենքը «Հայգազարդին» պարտք է 42մլն դրամ, եւ Երեւանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի համաձայն' շենքը ներկայացվում է հարկադիր աճուրդի։

«Հանրակացարանը հսկայական գումար է պարտք էլեկտրացանցին, նա էլ' «Հայգազարդին», որն էլ դիմել է դատարան' պարտքը ստանալու համար: Դատարանն էլ ուղարկել է հարկադիր ակտերի կատարման»,-պարզաբանել է «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ ընկերության տնօրեն Արշավիր Կարապետյանը:

Ուսանողների համար նախատեսված շենքում մոտ տաս տարի է օթեւան են գտել անապահով ընտանիքներ, որոնք, այլ ելք չունենալով, հարմարվել են ուսանողական հանրակացարանի պայմաններին։ Շենքը յոթ հարկանի է, ամեն հարկում՝ 16քմ տարածքով 30 սենյակ, մեկ ընդհանուր զուգարան, իսկ բաղնիք չկա։

Շենքը կառուցվել է 70-ականներին և մինչ օրս երբեք չի վերանորոգվել։ Շքամուտքի մեծ պատուհանները ջարդված են, միջանցիկ քամու պատճառով շենքում ավելի ցուրտ է, քան դրսում, յոթ հարկ բարձրացող աստիճաններն էլ ձյունածածկ են։

«Արթուրիկս այստեղ է ծնվել»,-ուրախությամբ պատմում է Սվետան, որը փորձում է կյանքի բոլոր դժվարություններին ժպիտով նայել։ Նրա միջնեկ աղջիկը՝ Լիլիթը, երկրորդ կարգի հաշմանդամ է. ուղեղի վրա ուռուցք ունի, ինչի պատճառով ձախ ձեռքն ու ոտքը լարված են, հիշողությունը թույլ է։ «1000 դոլար է հարկավոր վիրահատության համար, էդ փողը ինձ որտեղի՞ց, արդեն վիրահատության մասին չեմ էլ մտածում»,-ասում է աղջկա մայրը՝ ավելացնելով, որ երեխային մերսման կուրս են նշանակել՝ ժամը 1000 դրամով, որը մեծ գումար է Սվետայի համար։

Սվետան աշխատում է հացի փռում՝ լավաշ է թխում։ Օրական 500, երբեմն 1000 դրամ է ստանում։ «Գիշերը մենակ ենք քնում, սկզբում վախենում էինք, հետո սովորեցինք»,-ասում է մեծ աղջիկը՝ Թամարան ։

Հանրակացարանի բնակիչները սենյակի համար ամսական վարձ են մուծում՝ 3000 դրամ։ Սվետան 113.000 դրամ պարտք է, իր ասելով՝ փող չի ունեցել տան վարձը վճարելու։ «Արդեն չորս օր է չեմ քնում. եթե շենքը վաճառվի, երեխաներիս հետ փողոցում կմնամ, իրոք, ոչ մի տեղ չունեմ գնալու »։ Սվետան 6 տարի առաջ ամուսնալուծվել է, ամուսինն ուրիշ կին ունի: «Երեւի ես լավը չեմ … Ի նձնից լավին է գտել»,-ասում է նա։ Նախկին ամուսինը ոչնչով չի օգնում: «Ուղղակի չի աշխատում, փող չունի»,-արդարացնում է Սվետան։

Հանրակացարանի բնակիչները շենքի հարցերով զբաղվող խորհուրդ են ստեղծել, որի նախագահը նույն շենքի բնակիչ Ալլա Բարխուդարյանն է։ Վերջինս ասում է, որ «Հայգազարդի» պարտքի մեծ մասն իրենցը չէ, այլ մնացել է հանրակացարանում նախկինում ապրած ուսանողներից։ Սակայն շենքի բնակիչները համաձայն են վճարել այդ գումարը, միայն թե դրսում չմնան, պարզապես ժամանակ է հարկավոր։

Աճուրդը պետք է կայանար փետրվարի 7-ին, սակայն բնակիչների խնդրանքով հետաձգվել է 21 օրով։ «Մենք այս կարճ ժամկետում չենք կարող այդքան փող հավաքել, այստեղի մարդիկ օրվա հացի խնդիր ունեն ... Ա մենաքիչը մեկ ու կես տարի է պետք այդ գումարը հավաքելու համար»,-ասում է Ալլան։

Սվետայի երեք երեխաներն էլ գիշերօթիկ դպրոց են հաճախում։ «Մինչև ժամը 6-ը այնտեղ են մնում, երկու անգամ հաց են ուտում, դասերն են պատրաստում»,-պատմում է Սվետան։ 7-րդ դասարանում սովորող Թամարան՝ Սվետայի ավագ դուստրը, ասում է. «Ավելի լավ է թող վաճառվի շենքը, դուրս գանք էստեղից, անձրեւանոցով ենք զուգարան գնում՝ վերեւի հարկի զուգարանի կեղտաջրերը մեր գլխին են կաթում»։ «Իսկ որտե՞ղ եք ապրելու» հարցին ի պատասխան՝ 13-ամյա աղջնակն ուսերն է թոթվում։ Նա երազում է վարսավիր դառնալ և աշխարհով մեկ շրջագայել։ Քույրը՝ երկրորդ կարգի հաշմանդամ Լիլիթը, երազում է իր անձնական հեռուստացույցն ունենալ, որ ոչ ոք ալիքը փոխելու իրավունք չունենա: «Ամբողջ օրը «ԱԼՄ»-ի համերգները կնայեմ»,-ասում է նա։

Նրանց մայրը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի երեխաներին աշխարհը անհոգ ու խաղաղ թվա, իսկ ինքը երազում է հանգիստ ապրել հարեւանների օգնությամբ եւ իր ձեռքերով վերանորոգված 16քմ տարածքով բնակարանում։

Փետրվարի 22-ին հանրակացարանի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Ցուցարարներն այստեղից շարժվել են նախագահի նստավայր: Նրանց պահանջը մեկն է' իրենց նվիրաբերել զբաղեցրած տարածքները, որի դիմաց պատրաստ են 3-5 տարվա ընթացքում մարել կուտակված պարտքերը:

Ցուցարարներին ընդունել է Կառավարության ֆինանսատնտեսական վարչության աշխատակից Արթուր Սողոմոնյանը եւ խոստացել, որ կզբաղվեն նրանց խնդիրներով:

«Մեր կառավարությունում լավ մարդիկ կան, մեզ դրսում չեն թողնի»,-ասում է Ալլա Բարխուդարյանը:

Արփի Մաղաքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter