HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակի օրվա առիթով Ս. Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ պատարագիչն էր ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Մայր Աթոռի միաբաններ, ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանն անդրադարձավ օրվա խորհրդին՝ ի մասնավորի նշելով, որ հայ քրիստոնյան թե՛ հոգևոր, թե՛ առօրյա կյանքում և թե՛ ծառայության մեջ մշտապես պետք է լինի արթուն, որովհետև զգոնությունը թուլացնելու, թմրելու ու ննջելու իրավունք չունի, այլապես անխուսափելի կորուստներ կունենա: «Սակայն ինչպես որ չարը՝ սատանան է փորձում քրիստոնյա մարդու զգոնությունը թուլացնել, ուշադրությունը շեղել փրկության գերխնդրից շեղելու համար, այդպես էլ մեր մարմնավոր թշնամին է փորձում մեր ընդհանուր, այդ թվում՝ բանակի ուշադրությունը շեղել և մեր արթնությունը չեզոքացնել զանազան ճանապարհներով ու ստոր միջոցներով: Հետևաբար այս կոչն արդիական է բազմապատիկ չափով և միշտ հնչում է այսպես. «Արթո՛ւն կացեք և պատրա՛ստ եղեք, որովհետև չգիտեք, թե թշնամին որ ժամին կգա»:

Արթնության և թշնամուն դիմագրավելու այս կոչը երեք մակարդակ ունի՝ անհատական, ընտանեկան ու պետական, և այս մակարդակներից և ոչ մեկում ծուլությունն ու թմբիրը, ինչպես նաև «ութերորդ մահացու մեղք» անտարբերությունը, «այս խնդիրն ինձ չի վերաբերում»-ը տեղ չունեն. դրանք ուղղակի անթույլատրելի են:

Անհատական պատրաստության ու զգոնության լավագույն օրինակներից մեկը հենց զինվորականի կերպարն է՝ անկախ աստիճանից: Ծառայության ողջ ընթացքում զինվորի գոտին կապված է, որ խորհրդանշում է ամեն վայրկյան թշնամուն դիմագրավելու և մարտի նետվելու նրա պատրաստակամությունը: Այդ պահը հեռու է, թե մոտ՝ ոչ ոք չգիտի: Ով ժամը գիտի, կարող է անհրաժեշտ պահին հսկել, իսկ ով չգիտի, ամեն ժամ պիտի հսկի: Մեր դեպքում երկրորդն է, ուստի հայ զինվորն ու զորականը զօրուգիշեր են հսկում և պատվով կատարում իրենց ծառայողական պարտականությունները՝ իրենց զրկելով բաղձալի հանգստի նույնիսկ կարճատև պահերից: Գոտին մեջքներին կապած ու ճրագը վառած (հմմտ. Ղուկ. ԺԲ 35) սպասելը, ավետարանական պատմության նմանությամբ, նշանակում է հանգստի չտրվել, որովհետև երբ ցկյանս ծառայության ժամկետը լրանա, այն ժամանակ միայն ծառաները, մեր դեպքում՝ զինվորն ու զորականը, կարող են գոտիներն արձակել, ճրագները մարել ու գիշերային հանգիստը վայելել:

Գաղտնիք չէ, որ մենք բանակ-ժողովուրդ ենք, բանակ՝ նորածնից մինչև ալեհեր ծերունի, իսկ այդպիսին լինել մեզ պարտադրել է պատմական մեր բարդ ճանապարհը, ուստի վերը նկարագրված ձևով ուղղակի պարտավոր ենք միշտ արթուն հսկել՝ բոլորով զինվոր դարձած՝ երբեք գոտիներս չթուլացնելով: Այդպիսի զգաստության ու արթնության պահերը ազգի լինել-չլինելու օրերին ակնհայտ ու անուրանալի արդյունք են տվել, ուստի և իբրև հավիտենական օրինակ մեր աչքի առջևից չպիտի հեռացնենք», - ասաց Սրբազան Հայրը՝ հորդորելով արթնություն պահելու, զգոն ու սթափ մնալու հարցում մշտապես աղոթքի կանգնել, քանի որ աղոթքը մտքին պարզություն ու զորություն է հաղորդում և մղում միակ ճիշտ որոշումը կայացնելու, ինչը շիտակ լինելուց զատ՝ հաճելի է նաև Աստծուն:

Վերջում Վրթանես Սրբազանը, շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ, մաղթեց, որ մշտապես արթուն լինեն, համարժեք գործերով ու քայլերով դիմագրավեն թշնամու ոտնձգությունները՝ գոտեպնդված մարմնավոր ու հոգևոր սպառազինությամբ:

Ս. Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին Երկնավոր Տիրոջը Հայաստան աշխարհի խաղաղության ու անսասանության և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Հայրապետն օրհնեց սպայական անձնակազմին ու զինվորներին բաշխվելիք «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշանները:

Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խնդրանքին, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք բարձրաստիճան զինվորականների:

Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ԱՀ ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ԶՈՒ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին, Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր  Տիգրան Փարվանյանին, ՊՆ ԲՍԽ խմբի անդամ գենարալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանին, ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Գայանե Հովհաննիսյանին,  ՊՆ Ռազմական ոստիկանապետի տեղակալ գնդապետ Աղասի Բագրատունյանին, ԶՈՒ 1-ին զորամիավորման հրամանատար գնդապետ Ժիրայր Պողոսյանին և ԶՈՒ 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Կիրակոսյանին: Վեհափառ Հայրապետը նաև «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշաններ հանձնեց նաև ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, պաշտպանության նախարարի տեղակալներին, վարչության պետերին ու բարձրաստիճան սպաներին:

Ընդունելության ժամանակ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացան պարգևների:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանին, Արարատյան Հայրապետական թեմի Երևան քաղաքի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանին, գնդերեցներ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանին ու Տ. Երեմիա քահանա Սարգսյանին: «Դրաստամատ Կանայան» մեդալ շնորհվեց գնդերցներ Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ստեփանյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին և Հակոբ սարկավագ Մալխասյանին:

Շնորհաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելով ԶՈՒ բարձրագույն սպայակազմին Բանակի օրվա կապակցությամբ, ուրախությամբ արձանագրեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել բանակին նվիրված տոնը Մայր Աթոռում սկսել աղոթքով՝ Հայրենիքի ու նրա պահապանների համար Երկնավոր Տիրոջից հայցելով  խաղաղություն և ոգու անսասանություն: Նորին Սրբությունը Հայոց բանակի քաջազուն մարտիկներին մաղթեց, որպեսզի Ամենակալ Տերը մշտապես ամուր պահի նրանց բազուկը և երբեք չխաթարվի Հայոց աշխարհի սահմանների խաղաղությունը:

Իր հերթին Պաշտպանության նախարարը, շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին, շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին զինվորականների նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար: Պրն. Տոնոյանը կարևորեց գնդերեցների ծառայությունը Զինված ուժերում, նաև վստահեցրեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները  հանդարտ հոգով և անսասան հավատով անելու են առավելագույնը հանուն Հայրենիքի պաշտպանության:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter