HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի մրցույթը չեղյալ է համարել

Շուրջ 15 տարի պետական գնումներին մասնակցող «Խաչպար» ՍՊԸ-ի բողոքի հիման վրա Գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է չկայացած համարել պաշտպանության նախարարության կազմակերպած մրցույթներից մեկը:

ՊՆ-ն նախորդ տարվա դեկտեմբերին ախտահանիչ նյութեր գնելու մրցույթ էր հայտարարել: Պահանջվող նյութերի տեխնիկական բնութագրերում գրել էր, որ ապրանքները պետք է ունենան ԵՄ երկրներից որևէ մեկում, կամ ԱՄՆ-ում, կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր (բացառություն են կազմում ՀՀ-ում արտադրված ապրանքները):

«Նշված պայմանները դրված էր բոլոր 5 չափաբաժիններում, որոնք, մեր կարծիքով, խտրական էին, սահմանափակում էին հնարավոր մասնակիցների մասնակցությունը և արհեստական խոչընդոտներ էին հանդիսանում: Մինչ դեկտեմբերի 12-ը նման պայման ոչ մի անգամ չէր եղել, սա նորամուծություն էր»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ գործընթացը խտրական դիտարկելով` դիմել են գնումների բողոքարկման խորհուրդ (ԳԲԽ):

ԳԲԽ-ում 3 նիստ է կայացել, որոնց արդյունքում հունվարի 11-ին բավարարվել է «Խաչպար» ՍՊԸ-ի բողոքը, և ՊՆ-ի հայտարարած մրցույթը չեղյալ է համարվել, իսկ մինչ այդ արդեն կասեցվել էր մրցույթը:

Մատակարար ընկերության տնօրենը ԳԲԽ դիմելուց բացի` պաշտպանության նախարարությանն էլ է նամակ գրել` հիմնավորելով, որ մրցույթի տեխնիկական բնութագիրը հակասում է օրենսդրությանն ու խտրականություն է պարունակում: Այդ ընթացքում էլ՝ դեկտեմբերի 25-ին, ՊՆ-ն ախտահանիչ նյութեր գնելու ևս մեկ մրցույթ է հայտարարում` նույն քանակի նյութ ձեռք բերելու համար: Արդեն այդ մրցույթում պահանջվող որոշ նյութերի տեխնիկական բնութագրից բացակայել է «ապրանքները պետք է ունենան ԵՄ երկրներից որևէ մեկում, կամ ԱՄՆ-ում, կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր» նշումը: «Խաչպար» ՍՊԸ-ն դիմում է նշված մրցույթին, և իր առաջարկած ախտահանիչ նյութի գինը համակարգը գնահատում է ամենաէժանը:

«Դեկտեմբերի 25-ին ՊՆ-ն կրկին աճուրդ է հայտարարում ախտահանիչ նյութերի ձեռքբերման վերաբերյալ արդեն 8 չափաբաժնով, որից թիվ 1 չափաբաժինը նույն ախտահանիչ հաբեր պարունակող նյութ ձեռք բերելու մրցույթն էր: Այդ ախտահանիչ նյութը տարբեր ընկերություններ են արտադրում՝ և՛ գերմանական, և՛ ֆրանսիական, և՛ ռուսական և այլն: Բոլորը նույն ազդող նյութն են, պարզապես ամեն արտադրողի մոտ ելնելով արտադրման տեխնոլոգիայից՝ քաշերի տարբերություն կա: Բոլոր հաբերի համադրվող չափանիշն այն է, որ ՊՆ-ն իր տենդերներում երբեք չի գրել, հիմա էլ չի գրում, որ 1 հաբը 10 լիտր ջրում առաջացնում է 0.015 տոկոսի կոնցենտրացիայի աշխատանքային լուծույթ: Այս միակ ընդհանուր համադրելի պայմանը չեն գրում, բայց գրում են տարբեր կամայական թվեր»- նշեց Սմբատ Բալասանյանը:

Հարցին՝ կարելի է ասել, որ ՊՆ-ի սահմանած տեխնիկական նոր բնութագիրը օրինակելի է, «Խաչպար» ընկերության տնօրենը դրական պատասխան տվեց: «Կարելի է համարել օրինակելի: Պարզապես այստեղ էլի կան իներցիայով եկած սխալներ, որ քիմիական նյութի անունը սխալ են գրել, բայց դա այդքան էլ էական չի»,- ասաց նա՝ նշելով, որ դեկտեմբերի 25-ի մրցույթում պահանջվող 8 ապրանքներից 3-ի տեխնիկական բնութագրերում կրկին նշվել է ԵՄ երկրներից որևէ մեկում գրանցման հավաստագրի անհրաժեշտության մասին, որոնց վերաբերյալ իրենք կրկին դիմել են ԳԲԽ և հույս ունեն, որ բողոքն այս անգամ էլ կբավարարվի, քանի որ տրամաբանությունը նույնն է:

«9/34 ծածկագրով մրցույթի 1-ին չափաբաժնի աճուրդին մասնակցել ենք, և ամենաէժան գինն ենք առաջարկել: Համակարգը համարել է 1-ին տեղ ճանաչված գին (1.3 միլիոն դրամ), և սպասում ենք հանձնաժողովի կողմից համապատասխան փաստաթղթերի պահանջի ներկայացմանը, որից հետո իրենք կգնահատեն: Բայց համակարգի միջոցով ամենացածր գինն առաջարկել է «Խաչպար» ՍՊԸ-ն»,- ասաց Սմբատ Բալասանյանը:

Վերջինս համեմատելու համար նշեց, որ 2016 թ-ի մրցույթը, որտեղ իրենց հայտը մերժել են, իսկ հաղթող ճանաչված ընկերության առաջարկած «Պրեսեպտ» ապրանքը ՊՆ-ն գնել է 30 միլիոն դրամով:

«Այսինքն 30 միլիոն և 1.3 միլիոն, 20-22 անգամ թանկ: Դրանից հետո տեղի ունեցած մրցույթներում նույն տեխնիկական բնութագրերը գրելով` տասնյակ միլիոնավոր դրամների վատնում են ունեցել, պետությանը վնաս են տվել: Այսինքն ինչ-որ մեկի քմահաճույքով տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամի վնաս է պատճառվել պետբյուջե ընդամենը մի չափաբաժնի, ամենապրիմիտիվ հաբերի հաշվով»,- ընդգծեց մատակարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter