HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու N 2 հիմնական դպրոցի շենքը սեյսմակայունության տեսակետից Հայաստանի առավել վտանգավոր դպրոցների ցանկում է

Կառավարության 2015-2030թթ. պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով հաստատվել է սեյսմակայունության տեսակետից Հայաստանի առավել վտանգավոր դպրոցների ցանկը: Ալավերդու Հովհ. Թումանյանի անվան N 2 հիմնական դպրոցը հայտնվել է ծրագրի N 2 հավելվածում ներկայացված՝ սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում:

Դպրոցն ունի 340 աշակերտ, 16 դասարան: Տնօրեն Լուսինե Միքայելյանի խոսքով՝ դպրոցի պատերը ճաքել են 1988-ի երկրաշարժի հետևանքով, և տարիների ընթացքում ճաքերն ավելի են մեծացել: Այդ մասին տնօրեն Լ. Միքայելյանը 2015թ.-ի մայիսի 15-ի իր գրությամբ հայտնել է «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին:

Տնօրենի խոսքով՝ կենտրոնի ուսումնասիրության եզրակացությամբ դպրոցն ունի ամրացման խնդիրներ և կառավարության հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ենթարկվելու է ամրացման՝ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով:

N 2 դպրոցի շենքը տիպային նախագծով, 1967թ.-ին կառուցված, քառահարկ շինություն է: Սեյսմիկ հիմնական վտանգը շենքի ձախակողմյան թևն է: Դպրոցաշինության նոր նախագծերով չի նախատեսվում 4-րդ հարկ, շենքի 4-րդ հարկը պետք է պարտադիր հանվի: «Հիմա, թե ամրացում կանեն, թե ընթացիկ վերանորոգում` կախված է դպրոցի ընդհանուր վիճակից»,- հայտնեց Լուսինե Միքայելյանը:

«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի եզրակացությամբ պարզվել է, որ շենքի ձախակողմյան լայնական պատը առաջինից երրորդ հարկերում ունի մինչև 15 մմ բացվածքով միջանցիկ ճաք, գլխավոր ճակատային պատի աջակողմյան հատվածամասի միջնապատերը ճզմված են, և կան 2-3 մմ բացվածքով ճաքեր: Ներքին պատերում կան 1-2 մմ բացվածքով ոչ միջանցիկ ճաքեր, սանդուղքներն ունեն տեղաշարժված աստիճաններ: Շենքի շրջակա սալվածքը մաշված և վնասված է, տարածքի ջրերը լցվում են հիմնատակ: Լայնական պատերի միջև եղած 17,0 մ առանցքային հեռավորությունները չեն բավարարում գործող նորմերի պահանջներին: Եզրակացությամբ շենքի վնասվածության մակարդակը դասվում է 3-րդ աստիճանի:

Մեր այցելության պահին նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու համար շենքի տեխնիկական վիճակն ուսումնասիրում էին Ասիական զարգացման բանկի ծրագրի համակարգող Հայկ Գալստյանը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի փորձաքննության բաժնի վարիչ, ճարտարապետ Ռոբերտ Թերզյանը:

«Աշխատանքները նախնական ուսումնասիրության փուլում են, որից հետո պետք է որոշում կայացնենք՝ կառուցում ենք դպրոցի նոր շենք, թե ամրացնում ենք գոյություն ունեցող այս շենքը: Տեսականորեն հնարավոր է, որ կառուցվի նոր շենք: Բայց դա պետք է գնահատվի՝ որքանով է արդյունավետ: Եթե արդյունավետ լինի ամրացնելը, կամրացնենք, քանի որ տեսնում եք դպրոցը տարածք չունի, եթե կառուցվի, պետք է նույն տեղում կառուցվի: Եվ պետք է գնահատվի՝ իմաստ ունի՞ նոր շենք կառուցելը: Դրանից հետո  կպատվիրենք նախագիծ, նախագծումից հետո կսկսենք շինարարական աշխատանքները: Շինարարությունը մոտավորապես կարող է սկսել 2020թ.-ի հունվարից»,- հայտնեց Հայկ Գալստյանը:

«Հետք»-ի հարցին, թե դպրոցի շենքն իր տեխնիկական ներկա վիճակով մինչև 2020թ.-ը շահագործելն արդյոք վտանգավոր չէ դպրոցի 340 աշակերտների և ուսուցիչների համար, Ռոբերտ Թերզյանը պատասխանեց.

«Եթե որևէ բան չլինի, ես նկատի ունեմ՝ երկրաշարժ չլինի, էս վիճակով դեռ կդիմանա: Բայց դա չի նշանակում, թե շենքը խնդիրներ չունի»,- պատասխանեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի փորձաքննության բաժնի վարիչը:

Մեկնաբանություններ (1)

<<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ
ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՄԵԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ Նախորդ տարիներին նշված ծրագրի շրջանակներում անհասկանալի դրդապատճառներով, առանց մասնագիտական հիմնավորումների, ընտրվեցին 46 դպրոցներ, որից հետո նույն սկզբունքով սկսվեցին դրանց շինարարական աշխատանքների հետ կապված գործընթացները. անհասկանալի է, թե ինչու՞ համապատասխան լիցենզավորում ունեցող՝ <<Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն>> ԲԲԸ-ի կողմից դպրոցի շենքի հետազննության տեխնիկական եզրակացության առկայության դեպքում (որի համար արդեն վճարվել էր պետական բյուջեից) շենքի քանդելու նպատակահարմարությունը որոշելու նպատակով նորից իրականցվում է շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, այն էլ ոչ լիցենզավորված մասնագետների կողմից: Համաձայն ՀՀ գործող նորմերի՝ շենքերի քանդման կամ հետագա ուժեղացման և վերակառուցման աշխատանքների նպատակահարմարությունը հաստատվում է լիցենզավորված կազմակերպության կողմից ներկայացված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հիման վրա կազմված համապատասխան տնտեսական հաշվարկներով: Շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը պարունակում է նաև կոնկրետ առաջարկություններ ու հանձնարարականներ հետագա շահագործման, վնասված կոնստրուկտիվ տարրերի վերականգնման-ուժեղացման, ամբողջ շենքի սեյսմակայունության ապահովման վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսանում շենքի և դրա կոնստրուկտիվ առանձին տարրերի ուժեղացման-վերականգնման նախագծային փաստաթղթեր մշակելու համար: Ակնկալում ենք, որ հանրությանը հստակ կներկայացվեն դպրոցական շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունների պահանջները և դրանց հիման վրա կազմված համապատասխան տնտեսական հաշվարկների արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter