HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

 Что такое хорошо и что такое плохо?

«Что такое хорошо и что такое плохо , Վլադիմիր Մայակովսկի

Քիչ առաջ լսեցի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ նույնիսկ դիվանագիտական լեզվով ոչինչ չասող բացատրությունները Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ։ Այսպես․ «Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, ․․․Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Դուշանբե,․․․էսկալացիա, ռիսկերի նվազեցում, ․․․ ռիսկերի նվազեցում,․․․ռիսկերի նվազեցում, նորից եմ կրկնում՝ մեզ համար կարևոր են ստատուսն ու անվտանգությունը (չի պարզաբանում՝ ինչպիսի՞ ստատուս, չէ՞ որ Ադրբեջանն էլ է առաջարկում Լեռնային Ղարաբաղի մշակութային ինքնավարության կարգավիճակ՝ Խանքենդի կենտրոնով և անվտանգություն)։ Եվ, վերջապես, «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։

Անհամբեր սպասում էի, որ կա´մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կա´մ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերջապես մամլո ասուլիսով հանդես կգան՝ պարզաբանելով Փաշինյան-Ալիև, Մնացականյան-Մամեդյարով զրույցների և բանակցությունների արդյունքները՝ հստակ ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սակայն պարոն Մնացականյանի՝ ոտքի վրա տված հարցազրույցն ավելի շատ հարցեր առաջացրեց՝ նկատի ունենալով մինչ այսօր տեղի ունեցած, թերևս, ոչ պատահական զարգացումները։

Այսպես, հունվարի 22-ին 5-րդ հեռուստաալիքի եթերով «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասում է. «Խաղաղությունը մի նախապայման է, որի այլընտրանքը պատերազմն է, այսինքն` մենք բոլորս և բոլոր ժամանակներում պետք է հասկանանք` խաղաղությունը գոյակցելու լավագույն տարբերակն է․․․և այլն»։ Համադրելով Զոհրաբ Մնացականյանի «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է» և Թագուհի Ղազարյանի «Խաղաղությունը մի նախապայման է, որի այլընտրանքը պատերազմն է․․․» հիմնարար բացատրությունները պատերազմի և խաղաղության մասին՝ տպավորություն է ստեղծվում, որ կա´մ ՀՀ նոր իշխանությունները հայ հասարակությանը վերաբերվում են որպես մանկապարտեզի սաների և բացատրական աշխատանք են տանում տարրական հասկացությունների վերաբերյալ, ինչպես Վլադիմիր Մայակովսկին "Крошка сын к отцу пришел и спросила кроха, что такое хорошо и что такое плохо?" Плохо если мальчик грязный, обижает младших, порвал подряд книжицу и мячик, просто трус, неряха. Если мальчик любит мыло, чистит валенки и калоши, защищает младших, любит труд про такого говорят: "Он хороший мальчик", կա´մ նախապատրաստվում է 1997թ Լևոն Տեր-Պետրոսյանի  «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի հայեցակարգի շրջանառությունը՝ նոր փաթեթավորմամբ։

Պատահակա՞ն էր, արդյոք, Հ1-ով «Անցյալի բարեկամությունն ու ներկայիս թշնամանքը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Լրագրող-մեկնաբան, արցախյան բանակցությունների պատմության հմուտ գիտակ Թաթուլ Հակոբյանը ձեռնամուխ է եղել  վերականգնելու հայկական Այգեպար և ադրբեջանական Այլիբեյլի գյուղերի երբեմնի բարեկամությունը։ «Խաղաղության» քարոզչությունը հնամաշ է, պարզունակ, նույնիսկ առավել, քան խորհրդային «ժողովուրդների անխախտ բարեկամության» քարոզչությունը։ Եթե նպատակը Տավուշի աղքատ գյուղացիներին նյութապես գայթակղելն է, ինչպես Թաթուլ Հակոբյանն է ֆիլմում ասում՝ «հայերը Այլիբեյլիից նուռ կբերեն վաճառելու, ադրբեջանցիները Այգեպարից՝ հայկական կոնյակ», ապա, թերևս, խաղաղության քարոզիչները, քողարկելով Հայաստանի իշխանությունների ապիկարությունը, նշանակետին են խփում «Ձեր աղքատ վիճակի պատճառը արցախյան հակամարտությունն է»։ Ի դեպ, ինչպես նշեցի, Թաթուլ Հակոբյանը արցախյան բանակցությունների, արցախյան հակամարտության հարցով ընդունված բոլոր բանաձևերի և փաստաթղթերի հմուտ գիտակ է, բայց անձամբ ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, առնվազն ինձ հայտնի չէ։

Արդյոք այս քայլերո՞վ են ՀՀ իշխանությունները «խաղաղության» նախապատրաստում հայ հանրությանը, այն է՝ «Ուզու՞մ եք լավ ապրել, նուռ ուտել, կոնյակ վաճառել, Հայաստանում ներդրումներ լինեն և այլն, ուրեմն ․․․»։ Թե չէ՝ «Սերգո ջան, լավ չես ապրելու»։

Վերհիշենք 1920թ հայ բոլշևիկների կողմից Կարսում տարածված շրջաբերականից հատվածներ

«․․․Հայաստանի կոմունիստների բոլշևիկների կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե´ թիկունքում, թե´ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկների, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե հնարավոր է, ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝

․․․Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի

․․․ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին ու սովին․․․»։

Մի՞թե շուրջ 100 տարի անց հայ քաղաքական գործիչների համար համամարդկային բոլշևիկյան գաղափարախոսությունն ընդամենը փոխվել է համամարդկային լիբերալ- ազատականի։ Էլի հիշեցի Հովհաննես Թումանյանին «Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում, ազնվացնում են... Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։ Դժբախտաբար, մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ»։

Ուզում եմ հարց ուղղել «խաղաղության» ջատագովներին ձեր կարծիքով՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունների հանրությունը պատրաստ չէ՞ խաղաղության։ Ին՞չ հիմքեր ունեք կասկածելու մեր ժողովրդի խաղաղասիրության վրա։ Թե՞ խաղաղություն նշանակում է խաղաղություն ամեն գնով` Արցախի (իհարկե՝ փուլ առ փուլ), Զանգեզուրի կամ Երևանի կորստի։ Թե՞ մենք չենք հասկանում, որ խաղաղությունը՝ պուպուշ, պատերազմը՝ քըխ։

Ինչ վերաբերում է «նռան և կոնյակի» հայեցակարգին, ապա, ցավոք, հանուն «նռան» մեր ժողովուրդը հաճախ «մոռանում» է անցյալը, կորցնում արժանապատվությունը։ Այսպես, 1905թ Բաքվի ջարդերից հետո նորից շարունակեցինք Բաքվում բնակվել և վերաբնակվել մինչև 1919թ հերթական ջարդերը։ Սակայն, դա էլ խրատ չեղավ, հանուն «նռան» նորից ու նորից վերաբնակվեցինք՝ այս անգամ «եղբայրական» Բաքվում, մինչև 1990թ ջարդերը։ Արդյո՞ք հերթական խաղաղությունից հետո հանուն «նռան» էլի չենք արտագաղթի Բաքու, մինչև հերթական ջարդը։ Դրա վկայությունն են Ստամբուլ արտագաղթած 100 հազարից ավելի Հայաստանի քաղաքացիները։

Մեկնաբանություններ (1)

Անդրանիկ
չեմ կարծում,որ քաջություն կունենան այն մտավախությունները հոդվածում նշված կփորձեն իրականացնել; հԱԶԱՐԱՎՈՐ Արցախի ազատամարտիկներ,որոնք իրենց ընկերների կյանքը և իրենց առողջությունն են թողել Ազատագրման գործում, դիտորդի կարգավիճակով կնայեն նման գործընթացներին:Ավելին՝քաոսայնորեն տասնյակ ՊՊԾ-ներ կլինեն եթե.............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter