HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Աշնանը պետությունը կանգնելու է գյուղացու կողքին»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Մայրաքաղաքի և մարզերի ավելի քան քսան վերամշակող ընկերության ղեկավարների հետ «Երևան գարեջուր» ՓԲԸ-ում անցկացված խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարները, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

Հանդիպման սկզբում նախագահը նշել է, որ հանրապետության խոշոր տնտեսվարողների և հարկատուների հետ իր նախաձեռնած հանդիպումները նպատակ ունեն անմիջականորեն տնտեսվարողների հետ քննարկել իրենց խնդիրները, խոսել տարբեր ոլորտների այդ ընկերությունների ներկայի և ապագայի, զարգացման ծրագրերի, նաև՝ կառավարության հետ համագործակցության մասին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ինքն այսուհետև էլ կարևորելու է պետական եկամուտների կոմիտեի հետ աշխատանքներն ու ընդհանրապես, հարկային մուտքերի հետ կապված ամբողջ գործընթացը:

«Գործընթաց ասելով' նկատի չունեմ զուտ միջոցների ներգրավում պետական բյուջե, այլ' այդ գործընթացի պարզեցում, տնտեսվարողների համար ավելորդ հոգսերից ձերբազատում' ակնկալելով, որ տնտեսվարողներն իրենք գիտակցաբար կանեն առավելագույնը, որ իրենց հարկային պարտավորությունները կատարեն, քանի որ մենք եկամուտների, թոշակներ, աշխատավարձեր վճարելու, պաշտպանության ծախսեր կատարելու այլ աղբյուրներ չունենք:

Հանքարդյունաբերողների և բանկիրների հետ հանդիպումներից հետո ես ցանկացա, որ հերթական հանդիպումը լինի վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների, սեփականատերերի հետ, որովհետև մենք, իրոք, ամեն տարի հանդիպում ենք, խոսում գյուղմթերքի իրացման, գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքների մասին:

Բայց կարծում եմ, որ այդպիսի հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե տեղի ունենան ոչ թե արդեն ամռան վերջին, աշնան սկզբներին, երբ անհրաժեշտ է մթերումները կազմակերպել, երբ կան ժամանակային ճնշումներ, և հնարավոր չի լինում որոշակի խնդիրներ լուծել, այլ հիմա, երբ իսկական ժամանակն է, որ մենք փորձենք քննարկել նաև այն խնդիրները, որոնք ծառացած են ձեր ընկերությունների առջև:

Շատ լավ տեղյակ եմ, որ պարբերաբար հանդիպում եք գյուղնախարարի հետ: Գյուղնախարարը նախկինում լինելով ձեր ոլորտից' կարծում եմ, լավագույնս տիրապետում է այն խնդիրներին, որոնք գոյություն ունեն ոլորտում:

 Վստահ եմ, որ հիմա հատկապես վերամշակողների համագործակցությունը կառավարության, կոնկրետ՝ գյուղնախարարության հետ, լինելու է ավելի արդյունավետ: Մեր պայմանավորվածությունները չեն փոխվել, և այս ընթացքում, կառավարությունը և, իհարկե, առաջին հերթին գյուղնախարարությունը լինելու են ձեր աջակիցը: Բոլոր խնդիրների առումով, գյուղնախարարությունը հանդես է գալու որպես պատրաստակամ գործընկեր, իսկ աշնանը, ինչպես նախորդ անգամ ենք խոսել, պետությունը կանգնելու է գյուղացու կողքին:

Անընդունելի է, երբ դուք պայմանագրեր եք կնքում գյուղացիների հետ, այնուհետև, կապված իրավիճակից՝ բերքի քանակից և այլն, սկսվում են որոշակի քննարկումներ գների վերաբերյալ: Եվ մի տեսակ տարօրինակ պատկեր է ստացվում, երբ երկու հարևան մարզերում, որոնք իրարից էապես չեն տարբերվում, մենք գրանցում ենք գյուղմթերքի տարբեր գներ: Կարծում եմ՝ սա ճիշտ չէ:

Կարծում եմ, որ ամենաճիշտ մոտեցումն այն է, երբ հենց սկզբից սկսեք պայմանագրերի կնքումը, որպեսզի մարդկանց համար պարզ լինի, թե իրենց արտադրանքն ի՞նչ գնով են վաճառելու, նաև ձեզ համար պարզ կլինի ձեր ապագայի ծրագրերը կազմելու համար:

Հասկանում եմ, որ յուրաքանչյուր ապրանք, այսպես ասած, երկու գին ունի. մեկը՝ վաճառողի, մյուսը՝ գնողի համար: Գնողը ցանկանում է ավելի էժան գնել, վաճառողը ցանկանում է ավելի թանկ վաճառել: Բայց երկու պարագայում էլ և գյուղացիները, և տնտեսվարողները պետք է կարողանան օպտիմալ գին ամրագրել, որպեսզի մի կողմից հաջորդ տարի ևս գյուղացին շահագրգռված լինի, մթերք աճեցնելու հնարավորություն ունենա, մյուս կողմից էլ դուք հնարավորություն ունենաք հաջորդ տարվա բերքը մթերելու և շահույթով աշխատելու: Այսինքն' այս գործընթացն անպայման պետք է լինի երկկողմանի:

Կարծում եմ, որ մենք, գոնե եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի պետք է հասնենք նրան, որ բոլոր տնտեսվարողները, վերամշակողները կարողանան ունենալ իրենց նախնական գնահատականները մթերվող բերքի քանակի վերաբերյալ և ըստ այդմ' ունենան պայմանագրեր: Պայմանագրերն անհրաժեշտություն են:

Վստահեցնում եմ ձեզ' եթե մի տարի մեզ հաջողվի գյուղացիների հետ մթերվող արտադրանքի ծավալի չափով պայմանագիր կնքել, ապա հաջորդ տարի գյուղատնտեսական արտադրանքն անպայման ավելանալու է: Իսկ գնալով վերամշակող ձեռնարկությունների քանակն է ավելանում, հզորություններն են մեծանում, փառք Աստծո, պահանջարկն էլ շատ է:

Երևի, մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ շրջանառու միջոցների որոշակի հարցեր լուծել, որպեսզի այս անիվն սկսի մեծ թափով պտտվել: Որքան վերամշակողի հետ խոսել եմ, միշտ ասում են՝ իրացման խնդիր չկա: Եթե, իհարկե, կատակլիզմները չհաշվենք և մի կողմ թողնենք, որ ճգնաժամի արդյունքում կոնյակի իրացման ծավալները քչացան, այսօր կարծես հասնում ենք 2008թ. մակարդակին, երբ ամենամեծ ծավալներն էին:

Դուք նաև առաքելություն ունեք' խթանելու գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը և ոչ միայն նրա համար, որ կարողանանք ավելի մեծ քանակով մթերք վերամշակել, արտահանել, շահույթ ստանալ, այլ նաև այն պատճառով, որ մթերքի արտադրությունը կտրականապես կազդի գնաճի մակարդակի վրա: Սա էական հանգամանք է:

Ես պայմանավորվել եմ վարչապետի հետ, որ ինքն անձամբ զբաղվի ձեր խնդիրներով մինչև աշուն: Աշնանը վարչապետի և, իհարկե, գյուղնախարարի հետ միասին կհավաքվեք և արդյունքներն ի մի կբերեք: Կարծում եմ, որ այն ժամանակ մենք ավելի հստակ կարող ենք խոսել մեր կատարած աշխատանքի և արդեն տարվա կտրվածքով որոշակի արդյունքների մասին:

Մեր այսօրվա խորհրդակցությանը, մյուս խորհրդակցությունների նման, մասնակցում է նաև պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Կարծում եմ, որ պարոն Խաչատրյանն իր ելույթի ընթացքում կանդրադառնա նաև այն բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են համակարգում և այն խնդիրներին, որոնք կան կոնկրետ ոլորտում, որի ներկայացուցիչներն եք դուք:

Այդ փոփոխությունները միտված են կանոնակարգելու դաշտը, միտված են նրան, որ ավելորդ քաշքշուկներից ձեզ ձերբազատենք, որ ավելի քիչ ժամանակ ծախսեք պետեկամուտների հետ հարաբերությունների կարգավորման վրա և ձեր թանկագին ժամանակն ուղղեք ավելի շատ արտադրանք թողարկելու վրա»,- ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Այնուհետև հանդիպման մասնակիցները նախագահի հետ քննարկել են ոլորտի խնդիրներն ու զարգացման խոչընդոտները, նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter