HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3,9 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր 3,9 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է արել՝ հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող երեխաներին իր աջակցությունը շարունակելու համար: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը։ Ըստ հաղորդագրության՝ հակամարտությունների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների պատճառով միլիոնավոր երեխաներ զրկված են կենսական անհրաժեշտության ծառայություններից, ինչը ռիսկի է ենթարկում նրանց անվտանգությունը, բարեկեցությունն ու ապագան:
 
«Միլիոնավոր երեխաներ անասելի բռնության, սթրեսի և տրավմայի են ենթարկվում այսօր հակամարտությունների կամ աղետների պատճառով», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Երեխայի պաշտպանության մեր ծրագրերի արդյունքը չենք կարող թերագնահատել: Եթե երեխաները անվտանգ խաղալու տեղ չունենան, եթե նրանք չկարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և չստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն, ապա չեն կարողանա ապաքինվել պատերազմի անտեսանելի վերքերից»:
 
Իր ամենամյա «Հումանիտար գործողություն հանուն երեխաների» դրամահավաքի կոչի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖն այս տարի ծրագրել է 59 երկրներում ապրող 41 միլիոն երեխաների ապահովել մաքուր ջրով, սննդով, կրթությամբ, առողջապահական և պաշտպանության ծառայություններով: Հավաքագրված գումարից 385 միլիոն ԱՄՆ դոլար ծախսվելու է երեխայի պաշտպանության ծրագրերի համար, որից 121 միլիոնը կուղղվի միայն Սիրիայի ճգնաժամից տուժած երեխաների պաշտպանությանը:
 
«Այս երեխաներին աջակցություն ցուցաբերելը կրիտիկական նշանակություն ունի, բայց առանց նշանակալի և միավորված միջազգային գործողության, շատերն ուղղակի կանտեսվեն»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը: «Միջազգային հանրությունը պետք է արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաներին աջակցելու պարտավորություն ստանձնի»:

Հավաքագրվող գումարը կծախսվի հետևյալ 5 ուղղություններով՝ Սիրայից փախստականների և նրանց ընդունող համայնքների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի և Թուրքիայի աջակցությանը (904 ԱՄՆ դոլար), ինչպես նաև Եմենին (542,3 ԱՄՆ դոլար), Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությանը (326,1 ԱՄՆ դոլար), Սիրիային (319,8 ԱՄՆ դոլար) և Հարավային Սուդանին (179,2 ԱՄՆ դոլար):

Հավաքագրված գումարով և գործընկերների աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2019թ-ին պատրաստվում է՝

  • 4 միլիոն երեխայի և խնամատարի սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել,
  • 43 միլիոն մարդու մաքուր ջուր մատակարարել,
  • 10,1 միլիոն երեխայի ապահովել տարրական կրթությամբ,
  • 10,3 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ,
  • 4.2 միլիոն երեխայի բուժել ծանր թերսնուցումից:

 2018թ. առաջին տասն ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝

  • 3,1 միլիոն երեխա և խնամատար սոցիալ-հոգեբանական օգնություն է ստացել,
  • 35,3 միլիոն մարդու մաքուր ջուր է մատակարարվել,
  • 5,9 միլիոն երեխա ստացել է կրթություն,
  • 4,7 միլիոն երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ,
  • 2.6 միլիոն երեխա բուժվել է ծանր թերսնուցումից,

 «Հումանիտար գործողություն հանուն երեխաների» դրամահավաքի և ըստ երկրի հավաքագրումների մասին ավելին՝ կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter