HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը։

Ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Ն․ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:«Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ երկրի ղեկավարն ասել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, ինչն ընդունվել է միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և Հայաստանը հաստատակամ առաջ է ընթանում ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Վարչապետն ընդգծել է՝ կառավարության օրակարգում այժմ երկրում տնտեսական հեղափոխության իրականացումն է, և այդ ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում:

Իր հերթին Յոհանես Հանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և պատրաստ է նպաստելու տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների իրականացմանը: ԵՄ հանձնակատարը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները՝ ընդգծելով, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից Հայաստանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին վերաբերող հարցերի: Արծարծվել են, մասնավորապես, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գործարար միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր: 

Երկուստեք կարևորվել է հատկապես անկախ դատական համակարգի ամրապնդման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը և Յոհանես Հանը քննարկել են նաև տնտեսական գործակցության հետագա ընդլայնման, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, երկուստեք հեռանկարային է համարվել ենթակառուցվածքների, կրթության, էներգետիկայի և այլ ուղղություններով նոր նախաձեռնությունների իրագործումը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին հասցնելը և դրա առաջին փուլի շրջանակում քայլերի ձեռնարկումը: 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է բոլոր գործընկերների հետ և ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության հետևողական զարգացումը՝ ընդգծելով Հայաստան-ԵԱՏՄ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը:

ՀՀ վարչապետը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter