Հայտնաբերվել են կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ. «Yong Gang»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ: ՍԱՏՄ-ն հայտնում է այս տեղեկությունը՝ հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը։
Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն վերը նշված կեսաբանական ակտիվ հավելումը (150 տուփ) ձեռք է բերել ֆիզիկական անձից և հետագայում իրացրել դեղատներում:
Քանի որ կենսաբանական ակտիվ հավելումներում սինթետիկ դեղանյութի առկայություն չի թույլատրվում, ուստի «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելումը, համաձայն սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հանդիսանում է կեղծված սննդամթերք:
Միաժամանակ պարզվել է, որ արտադրանքը չի ուղեկցվել անվտանգությունը հավաստող փաստաթղթով (Եվրասիական տնտեսական միության տարածքում չի ենթարկվել պետական գրանցման) և իրացվել է առանց հայերեն մակնշման:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ տվյալ արտադրանքը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար, հայտնում ենք, որ ՍԱՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Տեսչական մարմինը, ըստ հաղորդագրության, շարունակում է վերահսկողական գործողությունները իրացման կետերում, մասնավորապես՝ դեղատներում:
ՍԱՏՄ-ն քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել, չգնել «Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումներ, իսկ դեղատներում կամ այլ իրացման կետերում նշյալ ապրանքատեսակը նկատելու դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի թեժ գծի 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել