HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել են Կոռուպցիայի ընկալման 2018 թ. hամաթվի արդյունքները

Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթիվը (ԿԸՀ 2018), որի դասակարգման աղյուսակում ներառված են 180 երկրներ և տարածքներ: 

Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթիվը, ըստ ԹԻ հաղորդագրության, ցույց է տալիս, որ աշխարհի երկրների մեծ մասում հակակոռուպցիոն ջանքեր չեն գործադրվում։

Վերլուծությունը բացահայտում է, որ կոռուպցիան նպաստում է ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամին

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ կոռուպցիան վերահսկելի մակարդակներում պահելու ուղղությամբ աշխարհի երկրների մեծ մասի շարունակական տապալումն իր ներդրումն է ունենում ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամի մեջ:

«Աշխարհով մեկ ժողովրդավարական շատ հաստատությունների` հաճախ ավտորիտար կամ ամբոխավար հակումներ ունեցող առաջնորդների կողմից վտանգված լինելու պայմաններում մենք պետք է ավելին անենք` ուժեղացնելու զսպումների և հակակշիռների մեխանիզմները և պաշտպանենք քաղաքացիների իրավունքները: Կոռուպցիան «մաշեցնում» է ժողովրդավարությունը` ծնելով մի արատավոր շրջան, որում կոռուպցիան քայքայում է ժողվրդավարական հաստատությունները և այդ քայքայված, թուլացած հաստատություններն էլ, իրենց հերթին, ավելի քիչ են ունակ` պահելու կոռուպցիան վերահսկելի մակարդակների վրա»,- նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն տիկին Պատրիսիա Մորեյրան:

ԿԸՀ 2018թ. տվյալները հիմնված են աշխարհի 180 երկրներում և տարածքներում անցկացված 13 ուսումնասիրությունների և փորձագիտական գնահատումների վրա, որոնք չափում են հանրային ոլորտում կոռուպցիան` տալով յուրաքանչյուր երկրին ԿԸՀ արժեք 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր), սանդղակի վրա:

ԿԸՀ մի քանի կարևոր տվյալներ

Աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից ցածր են, իսկ նրա համաշխարհային միջինը հավասար է 43-ի: Սկսած 2012 թվականից, միայն 20 երկիր է էականորեն բարելավել ԿԸՀ իր արժեքը, ներառյալ՝ Արգենտինան և Կոտ Դ'Իվուարը, իսկ 16 երկրների դեպքում, ներառյալ՝ Ավստրալիան, Չիլին և Մալթան, դրանք էականորեն նվազել են:

Դանիան և Նոր Զելանդիան գլխավորում են 2018թ. դասակարգման աղյուսակը՝ համապատասխանաբար 88 և 87 միավորներով: Աղյուսակը եզրափակում են Սոմալին, Հարավային Սուդանը և Սիրիան` համապատասխանաբար 10, 13 և 13 միավորներով: ԿԸՀ ամենաբարձր ցուցանիշն ունեցող տարածաշրջաններն են Արևմտյան Եվրոպան և Եվրոպական Միությունը՝ 66 ԿԸՀ միջին արժեքով, իսկ ամենացածր ունեցողներն են Անդրսահարյան Աֆրիկան (ԿԸՀ միջին արժեքը` 32) և Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան (ԿԸՀ միջին արժեքը` 35):

Կոռուպցիան և ժողովրդավարության ճգնաժամը

ԿԸՀ և ժողովրդավարության գլոբալ տվյալների խաչաձև վերլուծությունը բացահայտում է կոռուպցիայի և ժողովրդավարության վիճակի միջև կապը: Լիովին ժողվրդավար երկրների ԿԸՀ միջին արժեքը հավասար է 75-ի, ժողովրդավարության անբավարար մակարդակ ունեցող երկրների դեպքում այն հավասար է 49-ի, ավտորիտարիզմի տարրեր պարունակող հիբրիդ վարչակարգերի ԿԸՀ միջին արժեքը հավասար է 35-ի, իսկ առավել վատ է վիճակը ավտորիտար երկրների պարագայում՝ դրանց ԿԸՀ միջին արժեքը ընդամենը 30 է:

Այս միտումի օրինակ են Հունգարիան և Թուրքիան, որոնց ԿԸՀ արժեքները վերջին հինգ տարիներին նվազել են, համապատասխանաբար, 8 և 9 միավորով: Միևնույն ժամանակ, Թուրքիան ժողովրդավարության առումով նշված տարիների ընթացքում նահանջ ապրեց` «մասամբ ազատ» երկրից վերածվելով «ոչ ազատ»-ի: Իր հերթին, Հունգարիան 1989թ. կոմունիզմի անկումից հետո ընկած ժամանակաշրջանում գրանցեց քաղաքական ազատությունների գծով ամենացածր արժեքը: Այս տվյալներն արտացոլում են օրենքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների խարխլումը, ինչպես նաև այդ երկրներում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների համար գործունեության ոլորտների արագ տեմպերով կրճատումը:

Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրները կարող են հանդիսանալ վտանգավոր վայրեր քաղաքական ընդդիմության համար: Գործնականում, բոլոր այն երկրները, որտեղ իշխանությունների կողմից պատվիրվում են քաղաքական սպանություններ կամ դրանց թողություն է տրվում, ԿԸՀ դասակարգմամբ հանդիսանում են մեծապես կոռումպացված պետություններ:

Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների արդյունքները

Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման 2018թ․ համաթիվը հավասար է 35-ի, իսկ ստանդարտ սխալի չափը` 4.00-ի: Գծապատկե- 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012-ից մինչև 2018թ. ընկած ժամանակահատվածում:

ԿԸՀ դասակարգման 2018թ. աղյուսակում Հայաստանը Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ
դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր-Լեստեի և Զամբիայի հետ 180 երկրների
շարքում կիսում է 105-ից 113-րդ տեղերը: Նախորդ` 2017թ. համեմատ Հայաստանի ԿԸՀ համաթվի
արժեքը չի փոխվել, սակայն այն ժամանակ նա նույն 180 երկրների շարքում կիսում էր 107-ից 110-
րդ տեղերը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը
շարունակում է ներառված մնալ Արևելյան Եվրոպա–Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Մանրամասն՝ այստեղ։

Ուշադրության արժանի երկրներ

Իր ԿԸՀ 71 արժեքով, որն անցյալ տարվա համեմատությամբ չորս միավորով պակաս է, ԱՄՆ-ն 2011թ.-ից հետո առաջին անգամ դուրս մնաց աշխարհի 20 ամենից քիչ կոռումպացված երկրների խմբից: Այսպիսի ցածր արժեք ԱՄՆ-ն ստանում է այն ժամանակ, երբ վտանգված է զսպումների և հակակշիռների նրա համակարգը, ինչպես նաև իշխանության ամենավերին մակարդակներում առկա է բարոյական նորմերի էրոզիա:

Բրազիլիայի ԿԸՀ համաթվի արժեքն անցյալ տարվա համեմատ նվազեց երկու միավորով` հասնելով 35-ի, որը վերջին յոթը տարիների նրա ԿԸՀ ամենացածր արժեքն է: Կոռուպցիան վերջ տալու խոստումների հետ միաժամանակ երկրի նոր նախագահը նաև հասկացրեց, որ ինքն իշխելու է «ուժեղ ձեռքով», դրանով իսկ վտանգելով երկրի ժողովրդավարական նվաճումները:

«Մեր ուսումնասիրությունը պարզորեն ցույց է տալիս, որ առկա է կապ ամուր ժողովրդավարություն ունենալու և հանրային ոլորտում կոռուպցիայի դեմ հաջող պայքարելու միջև: Շատ ավելի հավանական է, որ կոռուպցիան կծաղկի այն երկրներում, որտեղ ժողովրդավարության հիմքերը թույլ են, և, ինչպես մենք տեսանք շատ երկրների դեպքում, ոչ ժողովրդավար և ամբոխավար քաղաքական գործիչներն այն օգտագործում են հօգուտ իրենց»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն:

Կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթաց արձանագրելու և ժողովրդավարությունն ամրապնդելու համար Թրանսփարենսի Ինթերնեշնլը աշխարհի բոլոր երկրների իշխանություններին կոչ է անում.

  • Ամրապնդել այն հաստատությունները, որոնք պատասխանատու են զսպումների և հակաշիռների պահպանման համար և ապահովել նրանց այնպիսի կարողություններով, որոնք նրանց թույլ կտան գործել վախից զերծ մթնոլորտում:
  • Փակել հակակոռուպցիոն օրենսդրության, դրա կիրարկման և չկիրարկելու համար պատժելիության միջև առկա բացերը:
  • Աջակցել քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է քաղաքական մասնակցության ընդլայնմանը և, մասնավորապես, տեղական մակարդակում, պետական ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը:
  • Աջակցել ազատ և անկախ լրատվամիջոցներին և ապահովել լրագրողների անվտանգությունը և հնարավորությունը` աշխատելու սպառնալիքներից և ոտնձգություններից զերծ մթնոլորտում:

2018թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի և ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամի միջև խաչաձև վերլուծության համար օգտագործվել են «Էկոնոմիստ» թերթի Ժողովրդավարության համաթիվը (http://www.eiu.com/topic/democracy-index), Ֆրիդոմ Հաուսի Ազատությունն աշխարհում (https://freedomhouse.org/report-types/freedom-world) զեկույցը և Ժողովրդավարության բազմազանության ծրագրի Ժողովրդավարության տարեկան զեկույցը (https://www.v-dem.net/en/news/democracy-all-v-dem-annual-democracy-report-2018/):

Թրանսփարենսի Ինթերնեշնլի մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերջին 25 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության առաջատար համաշխարհային կազմակերպությունն է:  

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ հղմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter