«Ես իմ աշխատանքն եմ կատարել իմ աշխատաժամին». ՊՊԾ գնդում եղած շտապօգնության բուժքույրն իրեն տուժող չի համարում
ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող ճանաչված, շտապօգնության բուժքույր Անահիտ Ենգիբարյանն իրեն տուժող չի համարում:
«Եթե տուժած լինեի, կառավարությունը մեզ գոնե 10 օրով սանատորիա կուղարկեր»,- դատարանում հայտարարեց Անահիտ Ենգիբարյանն ու նշեց, որ դեմ չէ, որպեսզի գնդի գրավման գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ համաներում կիրառվի:
Բուժքույր Ենգիբարյանը 2016 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 23:00-ն, գտնվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից գրավված Ոստիկանության էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում, որտեղ բուժօգնություն է ցույց տվել գնդում գտնվող վիրավոր անձանց:
Ըստ բուժքրոջ ցուցմունքի՝ այդ ընթացքում ինքն աշխատանքի մեջ է եղել, իր աշխատանքն ավարտվում էր առավոտյան ժամը 09:00-ին:
«Եթե աշխատաժամիցս դուրս աշխատեի, ինձ թույլ չտային դուրս գալ, ես ինձ տուժող կհամարեի, բայց ես իմ աշխատանքն եմ կատարել իմ աշխատաժամին»,- ասաց Ենգիբարյանն ու նշեց, որ իրենք երբեմն ժամանակից ավել են աշխատում, մինչև իրենց փոխարինող խումբ է գալիս: «Մինչև մեզ փոխարինող չի տալիս, մենք իրավունք չունենք լքելու»,- բացատրեց Ենգիբարյանը:
Վերջինս նշեց, որ ինքը հիմնականում եղել է շտապօգնության մեքենայի մեջ, և իր հետ ՊՊԾ գունդ գնացած բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ իրենց արգելում են գնդի տարածքից դուրս գալ, մինչև իրենց փոխարինող բիրգադ գա:
Բուժքրոջ խոսքով՝ ՊՊԾ գնդում ինքը բուժօգնություն է ցույց տվել գնդի գրավման գործով մեղադրյալներ Սմբատ Բարսեղյանին, Մխիթար Ավետիսյանին, ինչպես նաև տուժող ոստիկանի, ում անունը չի հիշում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել