Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
«Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն ու խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացմանը` օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել երկու երկրների պատգամավորների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը նաեւ բազմակողմ խորհրդարանական ձեւաչափերում:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել:
Դեսպանը վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում, այդթվում` Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Թիմուր Ուրազաեւը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում:
Քննարկելով երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգը` զրուցակիցները կարեւորել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-ղազախական փոխգործակցության խորացման դեռեւս չիրացված մեծ ներուժ»,- ասվում է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել