Աբովյանում տեղի ունեցած միջադեպի գործով Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է վկայի կարգավիճակով
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Գործի քննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք՝ այդ թվում ձեր կողմից նշված անձը»,- մեզ հետ զրույցում ասաց Տռուզյանը՝ նշելով, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ անձ՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացել է: Ռեստորանային համալիրն, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Աբովյանում գտնվող վուլկանացման կետի աշխատակիցները դժգոհել են Մելիքսեթ Մանուկյանի ազգականների և որդու խոսելու տոնից, որն էլ դարձել է վիճաբանության առիթ: Վիճաբանող կողմերը պայմանավորվել են հանդիպել «Պարտեզ» ռեստորանի տարածքում, որտեղ էլ հնչել են կրակոցները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):
Միջադեպից հետո դրա մասնակիցներից ոմանք տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու անձ կա: Նրանից մեկը Մելիքսեթ Մանուկյանի որդին է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել