HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդերքօգտագործողների իրական սեփականատերերին գաղտնազերծելը կօգնի նաև բացահայտել հանցավոր կապերը և փողերի լվացման դեպքերը»

Հայաստանում օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքով 16 կազմակերպության տրված է ոսկու և ոսկի-բազմամետաղների հանքավայրերի արդյունահանում իրականացնելու թույլտվություն: Սակայն ոսկու արդյունահանման աշխատանքներ իրականացնում է ընդամենը 4 ընկերություն՝ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ-ն:

«Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս տեղեկությունները տրամադրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Սակայն հարցին, թե ինչու արդյունահանում չեն իրականացնում մյուս 12 ընկերությունները, որոնք ևս ընդերքօգտագործման իրավունք ունեն, նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը չի պատասխանել հետևյալ պատճառաբանությամբ.

«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) ՀՀ-ի միանալու նախապայմաններից էր ոլորտի վերաբերյալ տարեկան ազգային զեկույցի կազմումը և հրապարակումը: Վերոնշյալ ազգային առաջին զեկույցում զետեղված են 2016-2017թթ. ՀՀ պետական մարմինների և ընդերքօգտագործող ընկերությունների կողմից ներկայացված հաշվետվությունները և դրանց համադրման արդյունքները»,- բացատրել էր փոխնախարարը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ազգային առաջին զեկույցը հրապարակվելու է մինչև հունվարի 30-ը:

Այսօր այն հրապարակվեց, և դրա շնորհանդես-համաժողովին կառավարության անդամներ ու բարձրաստիճան հյուրեր էին հրավիրված: Սակայն մեր հարցադրման պատասխանն այս զեկույցում ևս չգտանք: 

ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը ներկայացնում է 2016-2017 թվականներին Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը։ Հայաստանում արդյունահանվող հիմնական մետաղական օգտակար հանածոներն են պղինձը, մոլիբդենն ու ոսկին։ Օգտակար հանածոների հանքավայրերի պետական կադաստրում հաշվառված է հաստատված պաշարով օգտակար հանածոների ավելի քան 850 հանքավայր, ներառյալ` 42 մետաղական: Դրանցից, ըստ զեկույցի, շահագործվում է շուրջ 400-ը, այդ թվում` 28 մետաղական հանքավայր:

Համաձայն հրապարակված տվյալների՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը 2017թ. 143,533 տոննա արտահանում է իրականացրել Շվեյցարիա, որի արժեքը կազմել է 147 մլն դոլար (70,775 մլն դրամ):

Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն նույնպես Շվեյցարիա է արտահանել իր արդյունահանած ոսկին՝ 1,419 տ, որի արժեքը կազմել է 1,7 մլն դոլար (794 մլն դրամ):

Լոռու մարզի Մղարթի հանքավայրը շահագործող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն արտահանել է 80 տոննա ոսկի՝ 0,26 մլն դոլար (125 մլն դրամ) արժեքով: Այս ընկերությունը ևս ոսկին արտահանել է Շվեյցարիա:  

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն 2017-ին ոսկի չի արտահանել:

Ոսկու արտադրության մեջ առաջատարը կրկին «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունն է:

Ներքին իրացման դաշտում առաջատարը «Մեղրաձոր գոլդ»-ն է: Սակայն հետաքրքիրն այն է, «Մեղրաձոր գոլդ»-ը իր արդյունահանածը վաճառել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությանը:

«Հետք»-ը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից անցյալ տարի խնդրել էր տրամադրել Հայաստանում ոսկու հանքավայրերը շահագործող ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկություններ: Դա նույնպես չէր տրամադրվել՝ պատճառաբանելով նույն ԱԹՃՆ ստանդարտի շրջանակներում դրա ապագա հրապակայնությունը:

Այսօրվա խորհրդաժողովին այդ մասին ևս անդրադարձ եղավ: Զեկույցը կազմող «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության փորձագետները նշեցին, որ ՀՀ-ում տեղեկատվությունը սեփականատերերի մասով հասանելի է միայն ՍՊԸ-ների դեպքում: Սակայն վերջնական շահառուն կարող է թաքնված լինել ՓԲԸ-ի կամ օֆշորային այլ ընկերությունների հետևում: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հստակեցրեց, որ նախատեսված օրենսդրական փաթեթի փոփոխությունների շրջանակներում 2019-ից այդ հարցը ևս կարգավորվելու է, և նոր օրենսդրական փաթեթի ընդունմամբ՝ ընդերքօգտագործման մեջ ներգրավված ընկերությունները պարտավորվում են բացահայտել իրենց վերջնական շահառուներին կամ բաժնետերերին: Օրենսդրական փաթեթը պատրաստ է և ներկայացվելու է ԱԺ առաջիկայում:

Սուրեն Քրմոյանը նշեց, որ առաջին փուլում այն վերաբերելու է մետաղական հանքավայրեր շահագործող ընկերություններին, որոնք հաշվառվելու են պետռեգիստրում: Հետագայում այն կարող է ընդլայնվել:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Պերճ Խաչատրյանը նշեց, որ իրական սեփականատերերի հրապարակումը միայն դրական ազդեցություն կունենա ընկերության համար ևս ինչպես ազգային, այնպես էլ միջազգային տիրույթում: Դա կբարձրացնի հանրության վստահությունը ընկերության նկատմամբ, ինչպես նաև վարկեր ներգրավելու դեպքում ընկերությունն ավելի համարձակ կդառնա:  

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, իր համար զարմանալի էր կառավարության շահագրգռվածության դրսևորումը` իրական սեփականատերերին բացահայտելու գործում: Սակայն միայն մետաղական հանքավայրերի շահագործող ընկերությունների մասին ինֆորմացիան չպետք է բաց լինի, այլ ակնկալում է, որ իրավաբանական անձանց ռեգիստրում սեփականատերերի մասին տվյալները հասանելի դառնան բոլոր ընկերությունների համար:

 «Շատ կարևոր է, որպեսզի տվյալները հասանելի լինեն անվճար հիմունքներով, ինչն այս պահին վճարովի է»,- նշեց Սոնա Այվազյանը: Ինֆորմացիան, ըստ Այվազյանի, պետք է հասանելի լինի բոլորին և անվճար: Ավելին, պետք է ներդրվեն նաև ստուգման մեխանիզմներ: 

«Քաղհասարակության համար կան ակնկալիքներ, որ ընկերությունը, որը հանրության ռեսուրսը շահագործելու արտոնություն է ստացել, պետք է նաև հաշվետու լինի,- ավելացրեց Սոնա Այվազյանը,- իրական սեփականատերերին բացահայտելը կօգնի նաև հանցավոր կապերը, փողերի լվացման դեպքերը բացահայտել»:

Անդրադառնալով պատասխանատու հանքարդյունաբերությանը՝ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը նշեց, որ պատասխանատու հանքարդյունաբերության կարևոր պայմանը քաղաքական կամքն է: Դրա առկայության պայմաններում բոլոր գործընթացները պատշաճ կիրականացվեն:

ԱԹՃՆ ստանդարտի ներդրմամբ մի շարք փաստաթղթեր են հրապարակվել, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրերը, երկրաբանահետախուզական աշխատանքների փաստաթղթերը, հանքերի անձնագրերը, ընդերքօգտագործողների արդյունահանման ծավալների, արտահանումների և հարկերի մասին տեղեկությունները:

«ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վահե Վարդանյանը կարծում է, որ ընդերքօգտագործման վերաբերյալ հրապարակային տվյալները կարող են օգտակար լինել նաև ներդրողների համար, եթե նրանք որևէ տարածքի նկատմամբ նկրտումներ ունեն և դրա վերաբերյալ տեղեկություններ են ուզում քաղել: Հիմա դա առանց մարդկային գործոնի կարող են անել հրապարակված փաստաթղթերից, օրինակ, երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքների մասին կարող են օնլայն տեղեկանալ: Եվ այդ ներդրողը կարող է տեսնել, թե տվյալ տարածքը ով է զբաղեցնում, գուցե գործընկերային հարաբերություններ հաստատեն տվյալ ընկերության հետ և ներդրումներ անեն:

Մեկնաբանություններ (2)

Էդգար
Հոդվածում ակնհայտորեն խառնաշփոթ է ոսկու քաշերի (կգ/տ/ունցիա), արտահանված կամ իրացված ապրանքի (խոսվում է ոսկու մասին, այնինչ աղյուսակնոերից երևում է, որ կամ դորե համաձուլվածք է, կամ այլ խտանյութ) մասով։ Պատկերացնում եմ, մի շարքային քաղաքացի վերցնում է, օրինակ, Գեոպրոմայնինգի 143 տ ոսկին ու հաշվի առնելով ոսկու մոտ 40 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր գրամի համար գինը ստանում 5 720 000 000$։ Ոի համեմատում հոդվածում նշված 147 մլն դոլարի հետ... Դե թալանում են էլի ընդերքը....
Minas
,,Մուլտի Գագոի,, արտահանածը ոչ թե 80 տոն է այլ այդքան կիլո, դա երեւում է գնից 0,26 մլն։ Բայց այստեղից հետաքրքիր հարցեր են առաջանում, այդ չնչին գումարից ոնց են աշխատավարձ տվել մոտ հարյուր մարդու, պետ տուրք մուծել մի քանի կոպեկ, վառելիք ու էներգիա ծախսել եւ այլն ու այլն??? Արժե արդյոք դրա համար բնություն ու մի հինավուրց գյուղ ավիրել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter