HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ Յուրի Խաչատուրովի՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իրեն մեղադրել է պետական դավաճանության մեջ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, այսօր քննվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի:

Ըստ հայցվորի՝ Ստեփան Գրիգորյանն իր հրապարակային ելույթներից մեկով Խաչատուրովի վերաբերյալ զրպարտիչ արտահայտություններ է արել, որոնք արատավորել են իր պատիվն ու արժանապատվությունը: Հայցվորը հերքում է պահանջում:

Հայցվոր կողմի խոսքով՝ «Ա1+»-ում հրապարակվել է տեսանյութ, որում Խաչատուրովը, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելուց հետո անցում է կատարում 2016 թվականի ապրիլի քառoրյա պատերազմին:

Ստեփան Գրիգորյանն, ըստ Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի, ասել է բառացիորեն հետևյալը.

«Բայց ստեղ ուրիշ խնդիր կա: Խաչատուրովի դեպքում ես համոզված եմ՝ պետք է ստուգել ոչ միայն մարտի դեպքին իր դերը, դերակատարությունը, այլ պետք է ստուգել ապրիլի պատերազմին իր մասնակցությունը 2016 թվականին: Ես բազմիցս ասել եմ՝ զարմանալի է ինձ համար, որ մեր մի քանի գեներալներ կամ չեն եղել իրենց տեղում, երբ որ պատերազմ էր, չգիտեմ տարբեր տեղերում են եղել և արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակները ու երկրորդը՝ ես առաջարկել եմ ստուգել այդ գեներալների և հարազատների հաշիվները մինչև պատերազմը ապրիլյան և անմիջապես հետո, քանի որ տարածքները ձրի չեն հանձնվում: Իրենք ոչ միամիտ են, ոչ էլ մենք ենք միամիտ: Տարածքներ հանձնելը լուրջ բան է, բոլորին պետք է ստուգես: Խաչատուրովի հետ ուսումնասիրությունը ես առաջարկել եմ ԱԱԾ-ին բաց հրապարակային և հիմա էլ առաջարկում եմ. ստուգեք իրա հաշիվները ու հարազատների հաշիվները վերջին ժամանակների հետ կապված, քանի որ միամիտ չկա: Հասկանո՞ւմ եք, թող չմտածեն՝ մենք իդեոտ ենք, դուռակ ենք, չենք հասկանում, որ տարածքները ձրի չեն հանձնում, տարածքները հանձված էին 2016 թվին, ոչ թե պատերազմի շնորհիվ Ադրբեջանը վերցրեց, որ դուք ասեք, թե ավելի ուժեղ էին...քանի որ մեր երիտասարդները, մեր բանակը հակահարված տվեց, պատրաստ էր պատժիչ գործողություններ ծավալել,  չթողեցին, չթողեցին մեր իշխանությունները ու նաև պարզ երևում է՝ այդ գեներալները, որոնք թույլ չէին տալիս, որ նրանք դիմադրեին: Ուրեմն ստեղ Խաչատուրովի հետ կան նաև այլ բաներ ուսումնասիրելու»:

Ըստ հայցվորի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի՝ վերը նշված արտահայտություններից ստացվում է, որ Ստեփան Գրիգորյանն ապրիլյան պատերազմի զոհերի համար մեղադրում է Խաչատուրովին և մյուս գեներալներին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները հանձնվել են գումարի դիմաց: Ըստ էության, ստացվում է, որ Յուրի Խաչատուրովին Գրիգորյանը մեղադրում է պետական դավաճանության մեջ:

Նշենք, որ թեև Բեքմեզյանը Գրիգորյանի խոսքի որոշ հատվածներ ընդգծեց և նորից ընթերցելով՝ մեկնաբանեց դրանք՝ գտնում է, որ Գրիգորյանի խոսքերը պետք է դիտարկել ամբողջության մեջ:

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է՝ պարտավորեցնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին՝ մեկ ամսվա ընթացքում մամուլի ասուլիս հրավիրել և հերքել իր կողմից հրապարակված սուտ տեղեկությունները, ինչպես նաև  ասուլիսի վերաբերյալ տեսանյութը տեղադրել իր՝ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ «Ա1+»-ի տեսանյութը ևս Գրիգորյանը տեղադրել է իր ֆեյսբուքի էջում, և այս հանգամանքով է պայմանավորված, որ հայցվոր կողմը համանման պահանջ է ներկայացրել՝ կապված հերքման տեքստի հետ:

Պատասխանող Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի կարծիքով՝ հայցվորի կողմից  մեջբերված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, դրանք չեն վերաբերում կոնկրետ անձի և ընդհանրական արված արտահայտություններ են:

«Ասուլիսի ընթացքում Ստեփան Գրիգորյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների, ինչպես նաև հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող ապրիլյան պատերազմի մասին և իր գնահատականը տվել այդ իրադարձությունների վերաբերյալ»,– ասաց Հայկուհի Հարությունյանը: Վերջինս ժամանակ խնդրեց հայցադիմումի վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնելու համար, և դատական նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter