HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Մկրտչյան. «Թեղուտ» ՓԲԸ-ում բուլղարացի մասնագետների կողմից հատուկ աշխատանքներ են տարվում»

Հունվարի 29-ին Ալավերդու նախկին շրջկոմի նիստերի դահլիճում պղնձաձուլական գործարանի շուրջ 250 աշխատողներ փակ հանդիպում ունեցան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ: Հանդիպմանը լրագրողներ չէին հրավիրվել: «Հետք»-ի թղթակցին, թեև թույլատրեցին ներկա լինել հանդիպմանը, սակայն բանվորները պահանջեցին չլուսաբանել հանդիպումը:

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հանդիպման վերջում պատասխանեց «Հետք»-ի հարցերին:

Ի՞նչ միջոցառումներ է կառավարությունը պատրաստվում իրականացնել Ալավերդու պղնձաձուլական գործարանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցնելու հետևանքները կանխելու համար:

Առաջինը կխոսեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման մասինԵրբ մենք եկանք իշխանության, Թեղուտում ունեինք չաշխատող բաց հանք՝ պոչամբարի բազմաթիվ խնդիրներով, ունեինք գործազուրկ 1200 մարդ, որոնց մեծ մասը արտագաղթել է: Պետք է խոստովանել՝ այստեղ մենք շատ ծանր ժառանգություն ենք ստացել: Ու այս կոնտեքստում հիմա ՎՏԲ բանկի դեմ երեք ուղղություններով դատական պրոցես է ընթանում՝ մասնավորապես «Կարաստ» ընկերության կողմից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանք էր դրել Թեղուտ ՓԲԸ-ի հաշիվների վրա և պահանջում էր բացի սնանկությունը ճանաչելուց, այլ գործողություն չիրականացնել: Այդ պատճառով հանքը վերագործարկելու պատրաստ ՎՏԲ բանկը չէր կարողանում նշանակել գործադիր տնօրեն և 200 մարդու աշխատանքի վերադառնալու ծանուցագիր տալ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց հայցը, առաջիկա օրերին դատավճիռը կհրապարակվի: Հիմա «Թեղուտ» ՓԲԸ-ի սնանկության խնդիրը վերացված է: Կիպրոսի դատարանը նույնպես վճիռ կայացրեց՝ ի օգուտ ՎՏԲ-ի: Որքանով ես տեղյակ եմ «Վալլեքս»-ն էր հայց ներկայացրել Կիպրոսի դատարան: Դա նույնպես դատական վեճ էր, որը Թեղուտում խոչընդոտում էր բանկի և ներդրողի բնականոն գործունեությունը: «Վալլեքս»-ը դատական հայց ունի նաև Լոնդոնի արբիտրաժային դատարանում, որտեղ դատը շարունակվում է: Մենք փորձում ենք հասկանալ, թե էլ ինչն է այս պահին խոչընդոտում Թեղուտի հանքավայրի վերագործարկմանը: Դատական այս քաշքշուկներից հետո ներդրող Նորիկ Պետրոսյանը առաջիկա օրերին նորից կլինի Հայաստանում: ՎՏԲ բանկի տնօրենների խորհրդի անդամների հետ նրա հանդիպումը կայացել է: ՎՏԲ բանկն է որպես ներդրող Նորիկ Պետրոսյանին ներգավել: Բանկը ներգրավել է նաև ընկերության փաստացի շահագործումն ապահովող օպերատոր: Դրանք բուլղարացի մասնագետներ են, ովքեր այս պահին գտնվում են Թեղուտում և հատուկ աշխատանքեր են կատարում պոչամբարի և ընկերության վիճակի հետ կապվածՄիևնույն ժամանակ ուզում եմ շեշտել մի շատ կարևոր հանգամանք, որ կառավարությունում չի քննարկվել հանքի ամեն գնով վերագործարկման հարցը: Խոսքը այստեղ նորմատիվ էկոլոգիական ապահովման շահագործման մասին է:

Բանվորները պահանջում են ամեն գնով վերագործարկել Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Կառավարությունում ինչպե՞ս են վերաբերվում այս պահանջին:

Նախկինում կառավարությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանին թույլ էր տվել աշխատել 5700 տ ծծմբային անհիդրիդի արտանետումներով՝ օդային ճանապարհով: Գործարանը արտանետում էր տարեկան 38 հազար տոննա ծծմբային անհիդրիդ: Վերջինիս հետ կապված մենք բազմաթիվ բողոքներ ունեինք գործարանում չաշխատող Ալավերդու բնակչությունից: Արդյունքում կառավարության տեսչական մարմնի կողմից ստուգումները հիմնավորվեցին, որ արտանետումները յոթ անգամ գերազանցում են թույլատրելի սահմանը և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը տուգանվեց 380 մլն դրամով: Դրանից հետո աշխատողներին ծանուցումներ բաժանեցին՝ 2018թ.-ի դեկտեմբերի 24-ից պղնձաձուլական գործարանի աշխատանքերը դադարեցնելու մասին: Փաստորեն 630 աշխատողներ մնալու էին առանց աշխատանքի: «Վալլեքս»-ի հետ բանակցությունների արդյունքում մենք դա հետաձգեցինք մինչև 2019թ.-ի փետրվարի 24-ը: Այս պահին բանակցային գործընթացը ընթացքի մեջ է:  

Ալավերդու աշխատանքային շուկայում տասնյակ տարիներ թելադրող է եղել  «Վալլեքս»-ը: Չե՞ք կարծում, որ այստեղ արդեն ժամանակն է՝ ստեղծել այլընտրանքային աշխատատեղեր:  

Նախ ես ուզում եմ շեշտել, որ մեր փոքր ու չքնաղ քաղաքում պետք է կարողանանք բնակչության համակեցության կանոնները ապահովել: Այսինքն՝ որևէ արտադրություն այստեղ չպետք է կարողանա այնպիսի հարված հասցնել քաղաքի էկոլոգիական վիճակին, ինչպես հիմա է: Մեզ մոտ պետք է արմատապես փոխել տնտեսության կառուցվածքը, որովհետև, եթե քաղաքի աշխատատեղերի ճնշող մեծամասնությունը ապահովում է մեկ ձեռնարկություն, անկախ նրանից, թե այդ ձեռնարկությունը արդյունաբերության որ ճյուղով է աշխատում, նա աշխատանքային շուկայում թելադրող է դառնում: Նրանց հետ բանակցությունը դառնում է շատ դժվար՝ առաջացած որևէ խնդրի քննարկման կոնտեքստում: Ես կարծում եմ՝ այո՛, այլընտրանքային աշխատատեղեր պետք է բացվեն Ալավերդիում, որպեսզի քաղաքի տնտեսությունը աշխատանքային շուկայում բերվի բալանսի:

Դրա հետ կապված կա՞ն հստակ ծրագրեր:

Դրա հետ կապված այսօր կան մի քանի ներդրողներ, որոնցից նախնական համաձայնություն է ձեռք բերվել: Առայժմ չեմ կարող շատ մանրամասներ հայտնել, նրանց հետ բանակցությունները դեռ սաղմնային փուլում են: Շատ հավանական է, որ առաջիկայում Ալավերդիում բացվի մեքենաշինական ձեռնարկություն: Այստեղ կհավաքվեն աղբատար ավտոմեքենաներ: Դա Ղազախստանում գործող ուկրաինացի և հայ գործարարների ընկերություն է, որի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել: Այս պահի դրությամբ նրանք կառավարությանը հայտ են ներկայացրել՝ հարկային արտոնություններ ստանալու համար: Հիմա խնդիրը թղթաբանական ձևակերպումների փուլում է: Կառավարությունը պատրաստ է հարկային արտոնություն տրամադրել, բայց շատ բան կախված է նրանց բիզնես պլանից: Նախնական՝ կլինի 30 աշխատատեղ, ըստ ներդրողի՝ նվազագույնը 500 դոլարին համարժեք դրամ աշխատավարձով: Ընկերությունը նաև զբաղվելու է աղբամանների արտադրությամբ և արտահանմամբ: Ունեն աղբի վերամշակման պոլիգոններ տարբեր երկրներում, և իրենք նախատեսում են ընդլայնվել:

Հավելենք, որ Արեն Մկրտչյանը արմատներով ալավերդցի է: Նա պատգամավոր է ընտրվել Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում՝ «ռեյտինգային» ընտրակարգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter