HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Զգուշացե՛ք մեքենայից կամ թաքնված մահափորձ

Դատելով Երեւանի երթեւեկությունից՝ հեղափոխությունը Ճանապարհային ոստիկանություն (ՃՈ) չի հասել կամ հասել է մասամբ։ Բազմաթիվ են գնահատականներն այն մասին, որ ՃՈ-ն ամենակարեւորը չի նկատում։

Ամեն շաբաթ վարորդները ֆեյսբուքյան «Մի արեք այսպես» խմբում հրապարակում են հանդիպակաց երթեւեկության դեպքեր։ Սա վտանգավոր հետեւանքներով խախտում է, որը Երեւանի փողոցներում հաճախ հանդիպողներից է։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանց կատարելու, կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, առաջացնում է տուգանք 30 հազար դրամի չափով։ Այս ոչ փոքր տուգանքի չափը նույնիսկ խոչընդոտ չէ՝ հանդիպակաց երթեւեկության դեպքերը շատ են։

Վարորդներից ոմանք հանդիպակաց երթեւեկությունը համարում են մահափորձ՝ սեփական անձի եւ ուրիշների դեմ։

Կարգազանց վարորդները հանդիպակաց գոտի են դուրս գալիս հիմնականում այն վայրերում, որտեղ վստահ են՝ տեսանկարահանում չկա։ Ընդհանրապես, որտեղ տեսանկարահանում չի իրականացվում, տեղի են ունենում չափազանց մեծ թվով ու տարբեր խախտումներ։

Դրանցից զերծ չեն մնում անգամ հասարակական տրանսպորտի վարորդները։

Ստորեւ ներկայացնում ենք տեսանյութ՝ խախտումներով։

Ուշագրավ դեպքերից մեկը, որ տեսանյութի 7-րդ վայրկյանից կարելի է դիտել, տեղի է ունեցել Սարալանջի պողոտայի վրա, նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին։ Տեսանյութը նկարել է «Մի արեք այսպես» խմբի ադմին Մանյա Սարգսյանը։ Ահա թե նա ինչ է պատմում․ «Հանդիպակացի մի ողջ շարան էր՝ 70 կմ/ժ թույլատրելի արագությամբ, Սարալանջում։ Նման վարորդները մարդասպաններ են հանդիսանում բոլոր նորմալ մարդկանց համար։ Հանդիպակաց վարող առաջին մեքենան մեծ արագությամբ ներքեւ էր իջնում՝ պահանջելով զիջել իրեն։ Ինչպես երեւում է տեսանյութում, Սարալանջով հանդիպակաց իջնողների, ինչպես նաեւ արգելված տեղով հետադարձ անողների թիվը մեծ է»։

Կարգազանց վարորդը, ըստ Մանյա Սարգսյանի, դեռ չի տուգանվել։ Տեսանյութում երեւացող խախտումներից միայն փոքր մասն է արժանացել ՃՈ-ի ուշադրությանը։ Կարգազանցության դեպքերի մեծ մասն անհետեւանք է մնացել։

«Հանդիպակաց երթևեկության մասին քաղաքացիների ահազանգերն ու տեսանյութերը բազմաթիվ են, տարբեր տեղերում նկատվում են հանդիպակաց երթեւեկելու մասսայական դեպքեր»,- պատմում է Մանյա Սարգսյանը: Նա պնդում է, որ հանդիպակաց երթեւեկելու դեպքերն ավելացել են հատկապես վերջին 7-8 ամիսներին՝ ապրիլ ամսից։ Ինչու՞ ապրիլից հետո։ Սարգսյանն իրավիճակի այս բացասական փոփոխությունը կապում է կառավարության կողմից վարորդների նկատմամբ իրականացրած մեծ համաներման հետ։

«Վարորդների մի մասը համաներումն ընդունեց որպես շարունակական բան։ Պետավտոտեսուչներն էլ մեղմ են վարվում վարորդների հետ։ Ակնհայտորեն մեղմ։ Ստեղծվել է թվացյալ անպատժելիության մթնոլորտ։ Անարխիստ վարորդների մի խումբ է գործում։ Ոչ թե ամեն անգամ ինչ-որ մեկն է նման խախտում անում, այլ կան նման կատեգորիայի վարորդներ, ովքեր շատ անպատասխանատու են երթեւեկում։ Եթե ՃՈ տեսուչների ներկայիս թիվը բավարար չէ, ուրեմն պետք է մեծացնել կազմը։ Իրենք մի տեղ կան, մի տեղ՝ չկան։ Չգիտեմ՝ անձնակազմն է քիչ, թե արդյունավետ չեն աշխատում»,- ասում է Մանյա Սարգսյանը։

Առավել վտանգավոր խախտումների շարքին են դասվում ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելը, լուսացույցի կարմիր լույսի ազդանշանին չենթարկվելը, հանդիպակաց երթեւեկելը, որոնք գիտակցված խախտումներ են, մեծ մասամբ չեն բխում պայմանների անհրաժեշտությունից եւ կարող են հանգեցնել երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի, գույքի եւ առողջության վնասի:

«Հանդիպակաց երթեւեկությունը մեզ մոտ դարձել է սովորական կանգ գիծը հատելու նման մի բան։ Բայց սա վտանգավոր խախտում է։ Որոշ երկրներում միանգամից զրկում են վարորդական իրավունքից»,- պնդում է Մանյա Սարգսյանը։ Նա կարծում է, որ հանդիպակաց երթեւեկելու համար սահմանված 30 հազար դրամը շատ մեղմ տուգանք է` առաջարկելով, որպեսզի փոփոխություն կատարվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նույն խախտումը նույն վարորդի կողմից երրորդ անգամ կրկնելու դեպքում սահմանելով վարորդական իրավունքից զրկում։

Մեկնաբանություններ (1)

Օգտատեր
Վոր հանդիպակած մասով խցանումը շրջանցող ու նորից ետ խցկվողներին ետ չթողնեն , մի երկու անգամ կտուգանվեն կամ լավ կշեղվեն իրենց ճանապարհից ու ել չեն անի, այնպես որ չխախտող բաըց ուրիշի խախտումը կոծկող վարորդները պակաս մեղաոր չեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter