
Կառավարությունը ներդրեց բուժօգնության երկու նոր փաթեթ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով կառավարությունն այսօր ներդրեց բուժօգնության երկու նոր փաթեթ:
Նախարարի փոխանցմամբ՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող նպաստառուները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, տուն-ինտերնատում և անօթևանի ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքի մասնակիցները, թրաֆիքինգի ենթարկված անձինք, ձերբակալված և կալանավորված անձինք օգտվելու են բուժօգնության նույն փաթեթից, որը ժամանակին գործել է զինծառայողների և սոցիալական փաթեթի շահառուների համար:
Մասնավորապես՝ նրանք անվճար կարգով հնարավորություն են ունենալու օգտվել սրտի վիրահատություններից, 18 թանկարժեք բժշկական միջամտություններից, գլխուղեղի, աչքի վիրահատություններից, դժվարամատչելի հետազոտություններից: Այս ծրագրի շահառուների թիվը 230 հազար է. «Մենք պետական բյուջեից հավելյալ հատկացրել ենք 1,4 միլիարդ դրամ, և այս ամբողջ փաթեթը մոտավորապես կազմելու է 3 միլիարդ դրամ»,- նշեց Թորոսյանը:
Նախարարը կառավարության անդամներին հայտնեց ևս մեկ կարևոր փոփոխության մասին: Այն վերաբերում է ատամնաբուժական բուժօգնությանը: Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող նպաստառուները, առաջին կարգի հաշմանդամները, մինչև յոթ տարեկան երեխաները, 7-18 տարեկան սոցիալապես անապահով անձանց ցանկում ընդգրկված երեխաները, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձինք ատամնաբուժական բուժօգնություն ստանալու են առանց համավճարի կիրառման. «Ի տարբերություն նախկինում, երբ նրանք նաև համավճար էին վճարում: Այսինքն՝ մի մասը պետությունն էր վճարում, մի մասը՝ իրենք: Հիմա ամբողջությամբ պետությունը կվճարի: Միևնույն ժամանակ նախատեսվում են լրացուցիչ ծառայություններ, ինչպես են պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և վերանորոգում և մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթների բուժում: Այս ծրագրի համար նախատեսված է 500 միլիոն դրամ»,- նշեց նախարար Արսեն Թորոսյանը:
Մեկնաբանել