HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ. «Իրանի եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը կարեւոր է, բայց դա չի խանգարում Հայաստանին աշխարհը գրավել»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հրավերով Երեւանում է աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր, Փարիզի Սիանս-Պո (Sciences Po) Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Ֆրեդերիկ Անսելը (Frédéric Encel): Նա հայտնի է Մերձավոր Արեւելքի եւ, մասնավորապես, Իսրայելի, իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին իր գիտական աշխատանքներով, հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնց թվում` «Իսրայելի աշխարհաքաղաքական ատլասը», «Սիոնիզմի աշխարհաքաղաքականությունը», «Հասկանալով Մերձավոր Արեւելքը» եւ այլն: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի խոսքով` Անսելը մեծ հեղինակություն ունի միջազգային քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներում: Երեկ դեսպանատանը Հայաստանի փորձագիտական համայնքի, լրագրողների եւ այլ ունկնդիրների համար Ֆրեդերիկ Անսելը հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ` վերնագրված «Դեպի ինքնության գաղափարի վրա հիմնված նոր իմպերիալի՞զմ»: Իր խոսքի նախաբանում պրն Անսելն ասաց, որ Ֆրանսիայում Հայկական հարցի պաշտպանությամբ է զբաղվում, բայց եւ շատ ժամանակ է տրամադրում` բացատրելու, թե ինչ կշիռ ունի Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական առումով: «Եթե հաշվի առնվի երկրի տարածքը եւ դեմոգրաֆիան, երկուսն էլ շատ համեստ են, բայց դրա համեմատ Հայաստանը շատ լուրջ կշիռ ունի, աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ հետաքրքիր է եւ օբյեկտիվորեն գտնվում է հետաքրքիր տարածաշրջանում»,- ասաց պրն Անսելը: Դասախոսությունը բաղկացած էր երեք մասից` աշխարհագրության դերը աշխարհաքաղաքականության եւ պատերազմների մեջ, ինքնության գաղափարի վրա հիմնված իմպերիալիզմ կամ կրոնականի ինստրումենտալիզացիա` ի շահ քաղաքականի (այս միտումը ուժգնանում է եւ վտանգավոր դառնում) եւ հզորության գաղափարն ու ապագայի հեռանկարները: «Հետքն» ընթերցողին ներկայացնում է դասախոսության ավարտին լսարանի եւ Ֆրեդերիկ Անսելի միջեւ ծավալված հարցուպատասխանը, որն առնչվում է Հայաստանին եւ ինքնության պահպանման հարցերին:

Դուք խոսեցիք տարածքների եւ ինքնիշխանության, ինքնության պահպանման մասին։ Որպես կանոն` ժողովուրդները ո՞րն են ավելի շուտ կորցնում, եւ ո՞րն է ավելի շուտ էքսպանսիայի զոհ դառնում։ Եվ ինչպե՞ս պահպանել երկուսն էլ։

Տարածքը կարեւոր է, բայց վերադառնամ նրան, ինչ ասում էի՝ կարեւոր է բնակչությունը, ի՞նչ արժեքներ ունի այդ բնակչությունը, արդյոք միավորվա՞ծ է, համախմբված, կապվա՞ծ է տարածքին, եւ ո՞ր տարածքին, եւ հատկապես ո՞րն է այդ բնակչության դեմոգրաֆիան։ Սա Հայաստանի համար շատ կարեւոր է, ինչպես եւ այլ պետությունների համար է առանցքային։ Եթե դուք ունեք մի հասարակություն, որը համեմատաբար կապված է իրար հետ, բնականաբար, սուվերեն տարածք պետք է ունենա, բայց ավելի կարեւոր է սուվերենության որակը, քան դրա չափը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի գործնական քաղաքականության մեջ այսպիսի բանավեճ կար Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին՝ քաղաքական գործիչների մի մասը համարում էր, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բարենպաստ չէ, շրջապատված ենք մահմեդական հարեւաններով, ուստի պետք է ապավինել երրորդ ուժին՝ տվյալ դեպքում Ռուսաստանին։ Մյուս մասը կարծում էր, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն ունի առավելություններ այս տարածաշրջանում։ Ինչպիսի՞ն է Հայաստանի աշխարհագրական դիրքը ձեր կարծիքով։

Ես ուսումնասիրել եմ մի երկիր, որն անհնարին աշխարհագրություն ունի, պրակտիկորեն անհնարին՝ գոյատեւելու համար։ Եվ առավել եւս անհնարին՝ տարածաշրջանային մեծ իշխանություն ձեռք բերելու համար։ Խոսքն Իսրայելի մասին է։ Երբ առաջին սիոնիստները եկան Պաղեստին` թուրք-օսմանյան տարածք 1881 թվականին, այնտեղ մալարիա էր տարածված, խոլերա, թերզարգացում, բայց այսօր Իսրայելն այն երկիրն է, որ ճանաչում ենք բոլորս։ Աշխարհագրությունից անդին կա, այսպես կոչված, գորշ նյութը, այսինքն՝ խելքը, խելացիությունը, եւ ինձ համար այն հոմանիշ է ադապտացիային՝ ադապտացիա գաղափարներին, դժվար աշխարհագրությանը, ուրիշներին, հարեւաններին, բոլոր իրավիճակներին։ Ադապտացվելու ունակությունը։ Այս տեսանկյունից չկա վատ աշխարհագրություն։ Ես, իհարկե, ընդունում եմ, որ Հայաստանի աշխարհագրությունը բավականին անբարենպաստ է, անբարենպաստ՝ բնական ռեսուրսների եւ հարեւանության առումով, բայց եւ այնպես, հաճախ ասում եմ իմ ուսանողներին, որ այն ճանապարհը, որը կապում է Իրանը Ռուսաստանին ցամաքային ճանապարհով, Արաքսի մի կամրջի վրայով, Մեղրու միջանցքով, մի փոքր մասն էլ` Վրաստանով, շատ կարեւոր արտերիա է, եթե հաշվի առնենք Իրանի եւ Ռուսաստանի միջեւ փոխանակումների զանգվածը։ Սա շատ կարեւոր փաստարկ է, խաչմերուկ բառից խուսափում եմ։ Ես, իհարկե, դասեր չեմ տալիս, բայց կարծում եմ՝ Հայաստանի նման երկրի համար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումը լուրջ անհրաժեշտություն է, իրական անհրաժեշտություն։ Կարող եմ դարձյալ Իսրայելի օրինակը բերել, բայց դիտարկենք Ռուանդան։ Շատ լավ գիտեմ Ռուանդայի աշխարհագրությունը, տնտեսությունը` քաղցր կարտոֆիլ, բանան, թեյ, սուրճ, եւ ոչ մի ելք դեպի ծով, ինչպես Հայաստանը, եւ հարեւաններ, որոնք երբեմն շատ բուռն են լինում։ Չկա վատ աշխարհագրություն, ըստ իս: Կան, իհարկե, առավել բարենպաստ աշխարհագրություններ, բայց ծայրահեղ վատ աշխարհագրություն չկա։ Այո, կարծում եմ, որ Հայաստանը ստիպված է, ոչ միայն իր աշխարհագրությունից ելնելով, բավականին երկար դաշինք պահպանել Ռուսաստանի հետ։ Չեմ ասում՝ հարատեւ, ոչինչ հավերժական չէ, ուժային հարաբերակցություններն արագ են փոփոխվում։ Օրինակ՝ չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում, արդյոք Թուրքիան կմնա միասնական պետություն, եւ եթե այդպես չլինի, չգիտեմ՝ արդյոք անկախ Քուրդիստանի ծննդին ականատես կլինենք։ Այնուամենայնիվ, Իրանի եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը կարեւոր է, բայց դա չի խանգարում Հայաստանին աշխարհը գրավել։ Փոքր պետություններ, որոնք բարդ աշխարհագրություն ունեն, դեպի դուրս են պրոյեկցիա արել տնտեսական, դիվանագիտական միջոցներով: Նորից դիտարկենք Իսրայելի ու Ռուանդայի օրինակը։ Երկու հետաքրքիր դեպք, որովհետեւ Սփյուռքը եւս կարեւոր դեր է խաղացել։ Այստեղ ինչ-որ առումով խուսափում ենք դժվար աշխարհագրություւնից։ 

Եվրոպացիները, որպես կանոն, քիչ են խոսում Եվրոպայում ինքնության պահպանման խնդրի մասին։ Արդյոք նման խնդիր գոյություն չունի Եվրոպայում, թե ազգայնականության հանդեպ վախը թույլ չի տալիս մտածել դրա մասին։

Չեմ կարծում, որ ինքնությունները վերացրել ենք, կարծում եմ` կա ֆրանսիական ինքնություն, ես այն ճանաչում եմ, կարծում եմ` կա որոշակի առումով եվրոպական ինքնություն, բայց կա կամք` կառավարել իշխանությունների մրցակցությունը այլ կերպ, քան ուժն է։ Եվ դա նշանակում է՝ ամրապնդել այն, ինչ մեզ մերձեցնում է, պնդելու փոխարեն այն, ինչ մեզ բաժանում է։ Սա նոր ինքնութենական մոտեցում է։ Ինքնությունների գաղափարների նոր վերելք կա եվրոպական այն պետություններում, որոնք անտեսված են եղել, համենայն դեպս իրենց այդպես են զգացել։ Իմ մոտեցումն է` կանոնավոր կերպով մերժել ռազմական հակամարտության գնալը, երբ ինչ-որ խնդիր է ծագում, եւ կամք ունենալ հնարավորինս պահպանել ինքնության որոշակի ձեւ ոչ միայն Եվրոպայում, այլեւ աշխարհում: Մշակույթների առաջխաղացումը, տարածումը ինքնության մաս է։

«Ինչու են պետությունները ձախողվում» գրքում տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն գրում է, որ կարեւորը քաղաքական ինստիտուտներն են, ոչ թե աշխարհագրությունը կամ ռեսուրսները։ Մինչդեռ Դուք շեշտադրում եք աշխարհագրությունը եւ ռեսուրսները:

Եթե հարցը տաք իսրայելցիներին, թե ինչպես են գնահատում իրենց երկրի քաղաքական հաստատությունները, ապա նրանք կծիծաղեն: Պառլամենտը համարվում է ծաղրածուների ֆորում: Չեմ չափազանցնում: Քաղաքական գործիչները, իսրայելցիների կարծիքով, ծաղրածուներ են: Գերագույն դատարանը կրոնականների կողմից բացարձակ չի ընդունվում, որոնք բավականին շատ են: Բնականաբար, կա բանակը, որը ժողովրդի, բոլորի բանակն է. այստեղ, այո, կա արժեւորում` որպես հաստատություն, բայց մյուսները` նույնիսկ ֆինանսական հաստատությունները կամ դիվանագետները բուն իսրայելցիների աչքում առանձնապես կայուն կամ ուժեղ չեն: 1949-ի մարտի 5-ին, երբ Իսրայելը նոր էր ծնվել, մի քանի ամիս առաջ, վերջին պահին, մի քանի ժամ առաջ պայմանագրի ստորագրումից, Իսրայելը զինվորներ ուղարկեց` գրավելու մի փոքրիկ տարածք, որը նույնիսկ մի գյուղ չէր` երեք բեդվինի վրան էր ընդամենը` Էյլաթը, 9 կմ երկարությամբ տարածք` ափ Եգիպտոսի եւ Հորդանանի միջեւ, որն ուներ 2 ելք դեպի Կարմիր ծով: Սա աշխարհագրություն է, այդ 9 կմ-ը հնարավորություն տվեց Իսրայելին ստանալ այն, ինչ մեծ ֆրանսիացի աշխարհաքաղաքագետն անվանում էր երկօվկիանություն, այսինքն` 2 ելք դեպի ծով: Արդյոք այն բաց կլինի Իսրայելի առջեւ վաղը` չգիտենք, բայց հաստատ է, որ Իսրայելի ինչպես տուրիստական, այնպես էլ ռազմական նավերը կարող են մինչեւ Չինաստան, Ճապոնիա գնալ եւ վերահսկել նեղուցը եւ ամբողջ տարածքը: Սա աշխարհագրություն է: Չեմ խոսում ջրային ռեսուրսների մասին, որոնք տնօրինում է Իսրայելը: Կներեք, բայց կարծում եմ, որ աշխարհագրությունն առաջնային է:

Տրանսազգային կորպորացիաներն արդյոք ավելի՞ն են, քան պետությունները:

Ինչ վերաբերում է ոչ պետական հաստատություններին, ապա իրավացի եք, բայց երբ ինձ ասում են, որ ֆինանսական հաստատությունները կամ ոչ կառավարական կազմակերպություններն ավելի շատ իշխանություն ունեն, քան որոշ պետություններ, ես միշտ պատասխանում եմ, որ նրանք ավելի շատ իշխանություն ունեն, քան որոշ պետություններ, որոնք իշխանություն չունեն, ոչ ավելի շատ իշխանություն, քան Ֆրանսիան եւ Ռուսաստանը, այլ ավելի շատ իշխանություն, քան, ենթադրենք, Զիմբաբվեն: Ինչու՞: Ոչ որովհետեւ Զիմբաբվեն պետություն է, այլ որովհետեւ Զիմբաբվեն թույլ է: Հակառակ ձեւով դիտարկենք հարցը: Վերցնենք մի համեստ ոչ կառավարական կազմակերպություն. այն ավելի քիչ իշխանություն կունենա, քան Զիմբաբվեն: Ոչ որովհետեւ դա կազմակերպություն է, այլ որովհետեւ թույլ է: Այլ կերպ ասած` ոչ թե պետության կամ հաստատության բնույթն է իր թուլությունը պայմանավորում, այլ նրա կամքը, ունակությունը ինքնին, իր ներսում ուժեղ կամ թույլ լինելու: Ես շարունակում եմ կարծել, որ պետությունները, չնայած այս ամենին, կարող են շատ լուրջ կշիռ եւ ազդեցություն ունենալ ոչ կառավարական կազմակերպությունների վրա: Վաղը եթե մի ամերիկյան պրեզիդենտ ցանկանա Ֆեյսբուքը փակել, Ֆեյսբուքը չի կարող մեծապես թուլացնել ԱՄՆ-ն, բայց ԱՄՆ-ն կարող է Ֆեյսբուքի վերջը դնել:

Ազգային ինքնությունների եւ գլոբալիզացիոն երեւույթների փոխազդեցության մասին. արդյոք որեւէ մեկը հաղթելու՞ է: 

Գլոբալացմանը, այսինքն` փոխանակումներին ես հավատում եմ: Հռոմում արդեն տեղի ունեցել է դա, մենք առաջին գլոբալացման ականատեսները չենք, պարզապես առաջին անգամ է, որ ողջ մոլորակին է այն վերաբերում: Իհարկե, ժամանակին հռոմեացիները մտածում էին, որ իրենց կայսրությունից անդին ոչինչ չկար, եւ աշխարհը գլոբալացված էր: Առաջին անգամը միշտ շատ նյարդայնացնող է: Արտադրանքի գլոբալացում, այո, կլինի, թեեւ կան տարածքներ, որոնք անկլավային են, որոնցում առանձնապես շատ դրսից բերված արտադրանք չկա, WiFi չկա, բայց դեպի ընդհանուր գլոբալացում ենք գնում: Բայց ես չեմ հավատում եւ չեմ հավատա գլոբալացման մեջ ունիֆորմիզացիային, մշակութային ինքնությունների միատեսականացմանը: Նախ` չեմ կարծում, որ ցանկալի է պարտադրված դեպի դա գնալ, ինչու՞ պետք է մենք ամբողջ աշխարհում պարտադրանք ունենանք նույն հագուստներն ունենալ, որոնք համազգեստի նման կլինեն, ինչո՞ւ պետք է պարտադրված լինենք նույն բաներն ուտել եւ նույն լեզվով խոսել: Ամեն դեպքում, մենք կլոններ չենք, երբեք պատմության մեջ չի եղել կոլեկտիվ, զանգվածային ցանկություն` միանգամայն նմանվել այլ բնակչության, այլ քաղաքակրթության: Երբ որոշակի ազդեցություններ ենք կրում, հաճախ կատարյալ սուվերենության մեջ է դա լինում: Չեմ հավատում ինքնությունների գլոբալացմանը, փոխարենը հավատում եմ, եւ դա ինձ անհանգստացնում է, որ ինքնությունները որպես գործիք հնարավոր է օգտագործել, ինքնությունների գործիքայնացում հնարավոր է, եւ դա է մտահոգիչ: Ինքնությունն այն է, ինչ մեզ դարձնում է մարդկային այլ մարդկանց եւ կենդանիների հանդեպ: Բարեբախտաբար, կան ինքնություններ, եւ դրանք պետք է պաշտպանել: Պետք չէ դրանք օգտագործել քաղաքական նպատակներով:

Գլխավոր լուսանկարը` Sipa Press-ի

Մեկնաբանություններ (1)

Hrach
ֆրեդերիկ Հենսելը այն մարդն է որը կողմ է եղել Իրակիան պատերազմին, հետեւաբար ամեն ասած հալած յուղի տեղ մի ընդունեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter