HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը և Քյոլնի քաղաքապետը քննարկել են ՏՏ և մշակույթի ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին: Այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը:

Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մեծ ոգևորությամբ են ընդունել ժողովրդավարական շարժման հաջողությունը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Ռեքերին գնահատականների համար և նշել, որ ուրախ է պաշտոնական այցի շրջանակում այցելել Քյոլնի քաղաքապետարան:

Փաշինյանը նշել է, որ այս փուլում ՀՀ կառավարության օրակարգում ժողովրդական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության փոխակերպելն է, որպեսզի ազատությունը մարդկանց նաև բարեկեցություն բերի: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է օտարերկրյա, այդ թվում` Գերմանիայից ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքը:

Քյոլնի քաղաքապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` նշելով, որ քաղաքն իր ներդրումն է ունեցել այդ գործում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղադրվել է խաչքար: Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության կարևորությունը և նշել, որ պետք է աշխատել համաշխարհային հիշողության քաղաքականության մշակման ուղղությամբ:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2016 թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում կապերի խորացումը` ողջունելով այսօր Քյոլնի և Հայաստանի համապատասխան համալսարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը` նշելով, որ այն արդեն համաշխարհային բրենդ է դարձել. այդպիսի կենտրոններ արդեն գործում են Երևանում, Ստեփանակերտում, Փարիզում, նախատեսվում է բացել Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, քննարկվել է նաև Բեռլինում բացելու հարցը: Քյոլնի քաղաքապետը հետաքրքրական է համարել ՏՏ ոլորտում Հայաստանի զարգացման փորձը` նշելով, որ կդիտարկի Հայաստան այցելելու և տեղում ՀՀ տեխնոլոգիական առաջընթացին ծանոթանալու հնարավորությունը:

Հենրիետե Ռեքերը բարձր է գնահատել Քյոլնի հայ համայնքի (Գերմանիայի տարածքում ամենամեծ) դերակատարությունը քաղաքի զարգացման գործում և կարևորել այն հանգամանքը, որ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը գտնվում է հենց Քյոլն քաղաքում: Նա կարևորել է այսօր Քյոլնի տեխնիկական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել, դրանից զատ, այլ ուղղություններով ևս ընդլայնել կապերը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ շրջայց է կատարել Քյոլնի Մայր Տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը:

Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter