HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

«Ոզնու» աշխատակիցները պայքարում են իրենց հողակտորների համար

«...1990-ական թվականներին հողամասը չէի կարող մշակել, քանի որ տվյալ ժամանակաշրջանում Երկրապահ կամավորականների ջոկատներրի շարքերում մասնակցել եմ սահմանների պաշտպանությանն ու Ղարաբաղյան պատերազմին: Դժվար է պատկերացնել, որ տվյալ պահին կարելի էր գոնե մի պահ մտածել ծառեր մշակելու մասին: Դա աբսուրդ է: Բայց պարզվում է' հենց այդ պատճառով եմ զրկվել սեփական հողակտորիցս»,-պատմում է Գոհար Մկրտչյանը:

2005թ. սեպտեմբերի 28-ին Աբովյան քաղաքի առաջին ատյանի դատարանը Վահան Հայրապետյանի հայցի հիման վրա Պտղնի այգեգործական զանգվածի 1-ին թաղամասի «Նարեկ» այգեգործական ընկերության թիվ 29, 30, 31 հողամասերի նկատմամբ սեփականատերեր Արթուր Ազարյանի, Գոհար Մկրտչյանի եւ Գուրգեն Գալստյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր է ճանաչում եւ ձեռքբերման վաղեմության իրավունքի ուժով հողամասերի նկատմամբ հաստատում հայցվորի սեփականության իրավունքը:

Վահան Հայրապետյանի հողամասին հարակից հողատարածքները 15.04.1989թ. «Նարեկ» այգեգործական ընկերության որոշմամբ համապատասխանաբար հատկացվել է «Ոզնի» երգիծական թերթի աշխատակիցներին։ Քանի որ «Ոզնի» խմբագրության անձնակազմը բազմանդամ չէր, այն կցվել էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Նարեկ» այգեգործական ընկերությանը:

Հայրապետյանի պնդմամբ' ինքը վերոհիշյալ 1200 քմ ընդհանուր մակերեսով հողակտորները սկսած 1994 թվականից բացահայտ եւ բարեխիղճ մշակել է, տնկել պտղատու ծառեր, խնամել դրանք, մասնակցել այգեգործական ընկերության ագրոտեխնիկական, ջրամատակարարման եւ էլեկտրաֆիկացման աշխատանքներին: 1999թ. Պտղնի համայնքի ղեկավարի հետ կնքել է հողի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով, եւ վարձակալության վճար է սահմանվել 12.500 դրամ: 2003թ. համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանի եւ իր միջեւ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր 90 տարի ժամկետով: Այդ փաստը դատարանում հաստատել է նաեւ Վիրաբյանը: Մինչդեռ սեփականատերերից մեկը' Գոհար Մկրտչյանը, 2004-ի մայիսին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանումից ստացել է իրեն պատկանող 525 քմ մակերեսով հողատարածքի սեփականության իրավունքի գրացման վկայական: Դատարանում ՀՀԿԱԱԳԿ Աբովյանի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Մաի Հակոբյանը հայցի դեմ առարկել է' պատճառաբանելով, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման մասին» ՀՀ օրենքի համաձայն' Գոհար Մկրտչյանի հողամասի նկատմամբ կատարվել է ճիշտ գրանցում: Գույքը գրանցելիս ընկերության եւ ինստիտուտի համատեղ ժողովի' Մկրտչյանին անդամությունից զրկելու մասին որոշումն առկա չի եղել: Այդ փաստաթղթի առկայության դեպքում գրանցում չէր կատարվի:

«Նարեկ» այգեգործական ընկերության 03.03.1991թ. ընդհանուր ժողովի եւ Մանկավարժական ինստիտուտի միացյալ արհմիության կոմիտեի նախագահության որոշմամբ այգեգործական ընկերության անդամներ Արթուր Ազարյանը, Գուրգեն Գալստյանը եւ Գոհար Մկրտչյանը այգեգործական ընկերության ընդհանուր աշխատանքներից խուսափելու, շուրջ 2 տարի իրենց հողամասերն անմշակ թողնելու, ընկերության ժողովներին չմասնակցելու պատճառով, ընկերության կանոնադրության համաձայն, առանց տեղյակ պահելու «Ոզնի» խմբագրությանը, ինչը պարտավոր էին անել, զրկվել են ընկերության անդամության իրավունքից:

Մկրտչյանը, Ազարյանը եւ Գալստյանը պնդում են, որ տվյալ ժամանակաշրջանում իրենք, ինչպես նաեւ մյուս 3 անդամները, ֆիզիկապես եւ նյութապես հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընկերության ընդհանուր աշխատանքներին: Սակայն, ի վերջո, անդամությունից զրկվել են միայն պատասխանողները, որոնց հողամասերը բավականին հարմար ձեւով հաջորդում են հենց Հայրապետյանի հողակտորին: «Վճարումներ արել եմ հողակտորի համար: Եթե արդեն իմ սեփականությունը չէր, ինչի՞ համար եմ վճարել: Բացի այդ, 2000-ին գնացի հողամաս, տեսնեմ' ծառեր են տնկված, հարեւանն էլ ջրում է: Ասացի' հայրիկ, ինչու՞ եք աճեցնում, նախ' դա իմ տարածքն է, հետո էլ' հնարավոր է դրանք հետագայում ինձ խանգարեն, բա ափսոս չե՞ն լինի, որ կտրենք: Ասաց' մեր տան դեմն է էլի, թող կանաչ լինի, գեղեցիկ, խանգարու՞մ է քեզ: Երբ գաս, տարածքիդ տերն ես»,-ասում է Գոհար Մկրտչյանը:

Այգեգործների սպառողական կոոպերատիվների հայկական հանրապետական միության նախագահ Ա. Մինասյանի գրության համաձայն' քանի որ հողակտորը տրվել է «Ոզնի» ընկերության կողմից, ապա այն կարող է վերցնել միայն հիշյալ ընկերությունը: Ո՛չ «Նարեկ» ընկերությունը, եւ ո՛չ էլ Մանկավարժական ինստիտուտի պրոֆմիությունն իրավասու չեն այլ կազմակերպությանը հատկացված հողի համար որոշում կայացնել եւ զրկել ընկերությանը անդամությունից: «Ոզնի» երգիծաթերթի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանը հավաստիացնում է, որ խմբագրությունը «Նարեկ» այգեգործական ընկերությունից երբեւէ որեւէ փաստաթուղթ իր աշխատակիցներին հողամասերից զրկելու վերաբերյալ չի ստացել, եւ նրանց հատկացված հողակտորները խմբագրությունը նորից չի վերաբաշխել այլ աշխատակիցների միջեւ:

«Տվյալ հողատարածքները հատկացվել են «Ոզնու» խմբագրությանը՝ իր աշխատակիցներին բաժանելու եւ այգեգործական ընկերության անդամ դարձնելու համար։ Այդ պատճառով նրանց՝ ընկերության անդամությունից զրկելու եւ հատկացված հողակտորները հետ վերցնելու ու այլ աշխատակիցներին տրամադրելու եւ այգեգործական ընկերության անդամ դարձնելու իրավասությունը պատկանում է միայն «Ոզնի» երգիծական ամսագրի ադմինիստրացիային եւ ԱՐՀԿՈՄ-ին»,-պնդում է Գոհար Մկրտչյանի ներկայացուցիչ Հրանտ Գեւորգյանը:

Ընկերության անդամությունից զրկելու որոշումն անօրինական կարելի է համարել նաեւ այն պատճառով, որ «Նարեկ» այգեգործական ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը ստորագրվել է ժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից, սակայն ընկերության կնիքով չի վավերացվել: Բացի այդ, 1989թ. ապրիլի ժողովի քաղվածքի համաձայն' «Նարեկ» ընկերության նախագահը Վահան Բայբուրտյանն է, տեղակալը' Գեւորգ Կարապետյանը, այնինչ որոշումը ստորագրել է «Նարեկի» նախագահի պաշտոնակատար հանդես եկած Վարդգես Հարությունյանը, որը տվյալ այգեգործական ընկերության վերահսկողական հանձնաժողովի նախագահն է: Վերջինս իրավունք չուներ հանդես գալու որպես նախագահի պաշտոնակատար, քանի դեռ ոչ ոք նրան չի օժտել այդ իրավունքով: Ժողովի արձանագրությունը գրված է ձեռագրով, որը, ըստ Գոհար Մկրտչյանի ներկայացուցչի, համընկնում է հայցվորի' 17.07.05թ. հայցադիմումի ձեռագրի հետ: Ձեռագիրը նույնացնելու նպատակով Հրանտ Գեւորգյանն արդեն Վերաքննիչ դատարանում պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին:

Բացի այդ, վերոգրյալ որոշումը եւ ընդհանուր ժողովի արձանագրությունը թվագրվել է ՀՀ կառավարության նախարարների խորհրդի 24.06.1991թ. «Տնամերձ եւ այգեգործական /ամառանոցային/ հողերի օգտագործումը կարգավորելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելուց 9 օր առաջ' ամսաթվով փորձելով առաջ ընկնել այդ որոշման կատարման պահանաջից, քանի որ դրա 1-ին կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այգեգործական /ամառանոցային/ նպատակով հատկացված հողերը 1991թ. մարտի 15-ից համարել նրանց սեփականությունը»:

Վերաքննիչ դատարանում գործի վերաբերյալ լսումները հաճախ տեղի չեն ունենում, քանի որ հայցվորը բազմիցս տարբեր պատրվակներով հետաձգել է դատական լսումները: Հայրապետյանի բացակայությունները հաշվի առնելով' դատարանը, ի վերջո, որոշում կայացրեց հայցը չքննել: Դա նշանակում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռն ուժը կորցնում է: Սակայն, այնուամենայնիվ, պատասխանողները չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից, քանի որ դրանք կալանքի տակ են: Գոհար Մկրտչյանի ներկայացուցիչը միջնորդում է դատարանին կալանքից հանել հիշյալ հողակտորները, սակայն կրկին հայտնվում է հայցվորը եւ հայցը վերականգնում: Եվ քանի որ այս տարբերակով հայցվորը կարող է անորոշ ժամանակով անընդհատ ձգձգել տվյալ գործի դատաքննությունը, դատարանը որոշեց Վահան Հայրապետյանին հայցը պնդելու վերջին հնարավորությունն ընձեռել: Իսկ մինչ դատարանի որոշումը, Գոհար Մկրտչյանը պատրաստվում է դիմել Գլխավոր դատախազություն' գյուղապետի կեղծ որոշման, այգեգործական ընկերության անօրինական ժողովներ անցկացնելու եւ որոշումներ կայացնելու կապակցությամբ դատական գործ հարուցելու խնդրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter