HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Երեւան-Բաքու. դիվանագիտական փոխհրաձգություն

Ալիեւը ռազմատենչ կոչեր է անում Մարտակերտի գրավյալ տարածքից, Քոչարյանը «սպառնում» է ճանաչել ԼՂՀ-ն

«Եթե ղարաբաղյան բանակցությունները մտնեն փակուղի, ապա Հայաստանը դե-յուրե կճանաչի Լեռնային Ղարաբաղը»: Այս մասին հայտարարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 2-ի իր ծրագրային հեռուստաասուլիսում: Անցյալ տարի նոյեմբերին Քոչարյանը սլովենական «Դելո» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «եթե բանակցությունները սպառեն իրենց' չտալով որեւէ արդյունք, ես չեմ բացառում ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից, կամ ԼՂՀ վերամիավորումը Հայաստանին»:

Երեւանի իշխանությունները նման կարգի «սպառնալիքներ» ժամանակ առ ժամանակ հնչեցնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակարգի հրաժարականից հետո: 1998թ. հունիսի 17-ին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ «այն դեպքում, եթե 3-4 տարում խնդիրը չլուծվի, ապա հնարավոր է ԼՂ բռնակցումը»: Այս հայտարարությունից երկու օր անց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը պատասխանեց. «Քաղաքական շանտաժով, ինչին, ցավոք, դիմեց Հայաստանի արտգործնախարարը, ղարաբաղյան հակամարտությունում կողմերի դիրքորոշումները մոտեցնել հազիվ թե հաջողվի»:

Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերը տարբեր կերպ արձագանքեցին նախագահ Քոչարյանի հայտարարությանը, որը, ենթադրաբար, ուղղված էր Իլհամ Ալիեւին, ով չորեքշաբթի օրը' մարտի 1-ին, հերթական անգամ սպառնացել էր «վերադարձնել զավթված հողերը ցանկացած ճանապարհով' ներառյալ ռազմականը»: Ուշագրավ է, որ սովորական դարձած սպառնալիքները Ալիեւը հնչեցրել էր իր համար անսովոր վայրից՝ Ադրբեջանի կողմից 1992թ. ի վեր օկուպացված Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային տարածքից:

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը դրական է գնահատում նախագահ Քոչարյանի ելույթը: «Ինքնին փաստը, որ Հայաստանը այս տարիներին ձեռնպահ է մնացել այդ քայլից (ԼՂՀ-ն ճանաչելուց), դա արդեն բարի կամեցողություն է, որը նպատակաուղղված էր բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանն ու հարցի լուծումը գտնելուն: Հայաստանի նախագահը պատասխանել է ռազմատենչ հայտարարություններին: Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել պատերազմի հեռանկարով»,-ասաց Լ. Մկրտչյանը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը չի կարծում, թե նախագահ Քոչարյանի հայտարարությունը միջազգային հանրությունը կընկալի որպես բանակցային գործընթացը Երեւանի կողմից վտանգի տակ դնելու փորձ: «Նախագահի հայտարարության հիմնական նպատակը հենց ուշադրություն հրավիրելն էր այն իրողությանը, որ Ադրբեջանի մեղքով բանակցային գործընթացը վտանգի տակ է դրվում: Երբ բանակցությունները խափանվում են, ասպարեզում մնում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ պատերազմի սպառնալիքը Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ: Այս պարագայում Հայաստանին այլ բան չի մնալու, ինչի մասին ասաց նախագահ Քոչարյանը: Դա զգուշացում էր, որ հանկարծ բանակցային գործընթացը չդադարի»,-ասաց Տ. Թորոսյանը:

Մինչ Երեւանն ու Բաքուն միմյանց մեղադրում են Ռամբույեի բանակցությունները ձախողելու մեջ, իսկ միջազգային կազմակերպությունները հակամարտության կողմերին իրենց ափսոսանքն են հայտնում «հնարավորությունների պատուհանից» չօգտվելու համար, Իլհամ Ալիեւը թուրքական «Էն Տե Վե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծում է. «Ներկայումս Լեռնային Ղարաբաղի կարգավորման առումով մենք ընտրության երկու հնարավորություն ունենք' համաձայնել մեզ չգոհացնող պայմանագրին կամ առաջարկին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ»:

Հայաստանի ընդդիմությունը, սակայն, ղարաբաղյան կարգավորման, ավելի ճիշտ՝ չկարգավորման հարցում հակված է մեղադրել եւ՛ Ալիեւին, եւ՛ Քոչարյանին: Խորհրդարանում ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասում է, որ «այսօր Հայաստանում շրջում է «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցադրման ուրվականը»: «Մենք կողմնակից ենք արժանապատիվ խաղաղության: 1998թ. փոխվել է բանակցությունների մեթոդաբանությունը, այն վերածվել է Հայաստան-Ադրբեջան վեճի եւ, փաստորեն, Քոչարյանը փորձում էր արդարացումներ գտնել, եւ առանց Արկադի Ղուկասյանի անունը տալու' ամրագրվեցին այն հակասությունները, որոնք կան Քոչարյանի եւ Ղուկասյանի միջեւ»,-ասաց պրն Դալլաքյանը:

Արդյո՞ք հակասություններ կան Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահների միջեւ: Մի քանի օր առաջ Արկադի Ղուկասյանն ընդգծել էր, որ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ:

Հայաստանի նախագահն իր հեռուստաելույթում շարադրեց մի շարք փաստարկներ, համաձայն որոնց Ալիեւի հետ իր ուղղակի հանդիպումներով Երեւանն առավել արդյունավետությամբ է պաշտպանում Ղարաբաղի շահերը: «Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի շփումների մակարդակը դժվար է համեմատել ԼՂՀ նախագահի եւ արտգործնախարարի շփման մակարդակների հետ: Հայաստանի նախագահի ներգրավվածությունը այլ մակարդակի վրա է բարձրացնում Հայաստանի պատասխանատվությունը Ղարաբաղի նկատմամբ»,-ասաց Քոչարյանը եւ առանց անուններ տալու ավելացրեց. «Վերջին որոշ հայտարարությունները ցույց են տալիս մեկ բան. կան մարդիկ, որ կամ լավ չեն պատկերացնում այս նրբերանգները կամ այլ նպատակներով փորձում են ինչ-որ բան որսալ»:

ԼՂՀ նախագահի օգնական Դավիթ Բաբայանն ասում է, որ երբ Բաքուն տապալում է անգամ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով բանակցային գործընթացը, որը «չի արտացոլում ղարաբաղյան հակամարտության իրական բնույթը», «այլընտրանք չի մնում, քան Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը»: Բաբայանը կարծում է, որ այդ ճանաչումով հնարավոր կլինի «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերադարձնել իր սկզբնական հուն, այն է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ»:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նշում է, որ «բանակցային գործընթացը նորից մտավ փակուղի, եւ Մինսկի խմբի համանախագահներն այսօր շոկի մեջ են»: «Իմ խորին համոզմամբ' երկու երկրներում էլ նախագահները պատրաստ չեն գնալ փոխզիջումների, այստեղ կան մի շարք հանգամանքներ, որոնցից ոչ վերջինն է Քոչարյանի եւ Ալիեւի' ոչ լեգիտիմ լինելու իրողությունը, այսինքն' չեն վայելում ժողովրդի աջակցությունը, որպեսզի կարողանան ցավագին ինչ-ինչ փոխզիջումների գնալ: Բանակցային ձեւաչափի խեղաթյուրումը նույնպես ազդում է, եւ Ադրբեջանը փորձում է այլ ատյաններում' ԵԽԽՎ, ՄԱԿ-ի ԳԱ, աջակցություն գտնել, ինչ-ինչ բանաձեւերով ճնշում բանեցնել Հայաստանի վրա, Հայաստանն էլ փորձելու է մեղքը բարդել Ադրբեջանի վրա»,-ասում է Ա. Արզումանյանը:

Գործող արտգործնախարար Վարդան Օսկանյանը ակնարկում է, որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին (ի դեպ' այդ տարիներին բանակցություններում հայկական պատվիրակությունը գլխավորում էր Օսկանյանը-Թ. Հ.) պաշտոնական Երեւանը ավելի դյուրին լուծումներ էր փնտրում: «Այսօր բանակցությունների սեղանին դրվածը բարդ լուծում է եւ լուրջ փոխզիջումներ է պահանջում հակամարտության կողմերից: Այո՛, նախկինում եղել են պահեր, երբ մենք առավել հեշտ լուծման հետեւից ենք գնացել, որին դեմ է եղել ոչ թե միջազգային հանրությունը, այլ մեր ժողովուրդը»,-ասաց Օսկանյանը:

Ա. Արզումանյանը պնդում է. «Նույն փուլային տարբերակն է քննարկվում ութ տարի անց, արդյոք լա՞վ վիճակում ենք, այդ գի՞նն էր, որ պետք է տրվեր վերադառնալու համար նույն փաստաթղթին: Շահեց Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը, չգիտեմ, պատմությունը պետք է գնահատականը տա:
Մեզ թվում էր, որ այն ժամանակ շատ նպաստավոր պայմաններ են, Ադրբեջանը դեռ նոր էր պատերազմից դուրս եկել, ներքաղաքական վատ իրավիճակում էր, կորցրել էր մի շարք տարածքներ, պատերազմը վերսկսելու որեւէ հնարավորություն չուներ, բանակը բարոյալքված էր: Այսօր Ադրբեջանը վերազինում է իր բանակը, եւ չի բացառվում, որ այսպես շարունակվելու դեպքում վերսկսվեն ռազմական գործողությունները»:

Ե՛վ Օսկանյանը, եւ՛ Քոչարյանը, առանց մանրամասնելու, նշում են, որ Ռամբույեում կողմերին չի հաջողվել համաձայնության գալ մեկ հարցում: Ենթադրվում է, որ դա, այսպես կոչված, «հետաձգված հանրաքվեի» կետն է, այսինքն՝ անվտանգության գոտուց, թերեւս բացի Քելբաջարից եւ Լաչինից, ղարաբաղյան ուժերի դուրս բերման դիմաց ԼՂ-ում հանրաքվե անցկացնելն է, բայց 10-15 տարի հետո: «Եթե փորձենք գնահատել, թե վերջին տարիներին հակամարտություններն ինչպես են կարգավորվել, ապա կնկատենք, որ բոլորը լուծվել են ազգերի ինքնորոշման սկզբունքով»,-իր հեռուստաասուլիսում ասաց Քոչարյանը՝ մեջբերելով Էրիթրեայում, Արեւելյան Թիմորում անցկացված անկախության հանրաքվեները: Քոչարյանը վստահ է, որ Կոսովոյում եւս կանցկացվի հանրաքվե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter