Խոշտանգում կատարած կամ անմարդկային վերաբերմունք դրսևորած անձինք չեն կարող ներվել, համաներվել, վաղաժամկետ ազատվել. ԱՆ-ի առաջարկը
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, ինչպես նաև «Ներման մասին» օրենքում, որի համաձայն` խոշտանգում կատարած կամ անմարդկային վերաբերմունք դրսևորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ ներում, համաներում, ինչպես նաև պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտի նկատմամբ արգելք կսահմանվի:
Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական հարթակում՝ E-draft.am կայքում:
Առաջարկվում է Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ, ըստ որի` Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, և այդ արարքը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, ապա այդ հոդվածով դատապարտված քաղաքացին չի կարող պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել (309 հոդված):
Պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից չեն կարողանա օգտվել նաև այն քաղաքացիները, որոնք դատապարտվել են 341 հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով՝ վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաև թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, որը զուգորդվել է վերոնշյալ անձանց նկատմամբ ծաղրուծանակով, խոշտանգմամբ կամ այլ բռնությամբ:
Վերոնշյալ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ նաև վաղեմության ժամկետներ չեն կիրառվում(փոփոխություն Քրեական օրենսգրքի 75 հոդվածում):
Նախատեսվում է փոփոխություն նաև 82 հոդվածում, որը վերաբերում է համաներմանը: Այժմ այդ հոդվածն այսպիսին է. «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»: Նախագծով առաջարկվում է հոդվածում ավելացնել, որ համաներում չի կարող հայտարարվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 309 հոդվածով կամ 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ»: (Կրկին վերոնշյալ հոդվածներով դատապարտված քաղաքացիներին է վերաբերում):
Առաջարկվում է նաև փոփոխություն «Ներման մասին» օրենքում, ըստ որի` կրկին 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 309 հոդվածով կամ 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց ներում չի շնորհվում:
Նախարարությունն այս փոփոխությունները բացատրում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միջև համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային միասնական հարթակն է, և նախագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի ԱԺ-ում, որպեսզի փոփոխությունները կյանքի կոչվեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել