HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2018 թվականին Հայաստանը 139 մլրդ դրամ է հատկացրել պետական պարտքի տոկոսավճարներին

2018 թվականին Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել ու մոտեցել է 7 մլրդ դոլարի շեմին։ Ինչպես նախատեսվում է, այս տարի այն շուրջ կես միլիարդ դոլարով կավելանա։ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների հիման վրա ամփոփել ենք պետական պարտքի ամենակարևոր ցուցանիշները։  

Մեկ տարում պարտքն աճել է 2.2%-ով

Վերջին տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է  մոտ 6 մլրդ 923 մլն դոլար։ Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տվյալները, արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 5 մլրդ 533 մլն դոլար, իսկ ներքին պետական պարտքը՝ 1 մլրդ 390 մլն դոլար։

Տարվա ընթացքում (2017 թ. դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 148.3 մլն դոլարով կամ  2.2%-ով։ Պարտքն ավելացել է առավելապես ներքին պարտքի աճի հաշվին։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 38 մլն դոլարով կամ 0.7%-ով, իսկ ներքին պարտքը՝  110.3 մլն դոլարով կամ 8.6%-ով։

Եվ չնայած գրանցված աճին, 2018 թվականին  պարտքի աճի ցուցանիշն առավել բարվոք վիճակում է՝ համեմատ նախորդ տարիների։ Օրինակ՝ 2017 թվականի ընթացքում այն աճել է ավելի քան 830 մլն դոլարով կամ 14%-ով։

Այս տարի ևս պետական պարտքն ավելանալու է այն պարզ պատճառով, որ պետական բյուջեի եկամուտները չեն բավարարում` ամբողջությամբ լրացնելու նույն բյուջեով նախատեսված ծախսերը։

Պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2019 թվականի տարեվերջին այն կկազմի շուրջ 7.5 մլրդ դոլար։ Սակայն, նույն փաստաթղթում նաև կանխատեսված էր, որ պետական պարտքը 2018թ. վերջին պետք է կազմեր 7 մլրդ դոլար, որը, ինչպես տեսնում ենք, շուրջ 80 մլն դոլարով ավել է, քան փաստացի գրանցված ցուցանիշն է։ Սա կարող է նշանակել, որ այդ 80 մլն դոլար պարտքն այս տարի է ներգրավվելու։ Բոլոր դեպքերում, ստացվում է, որ այս տարի շուրջ կես միլիարդ դոլար պետական պարտք է ներգրավվելու։

2007 թվականից սկսած պետական պարտքի դինամիկան ունեցել է հետևյալ տեսքը.

Ներքին պարտքը վերջին երեք տարիներին մեծ տեմպերով է աճում։ Դա մեծամասամբ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են։ Ֆինանսների նախարարությունը ներքին պարտքի մեծ տեմպերով ավելացումը մեկնաբանում է այն հանգամանքով, որ փոխարժեքի տատանումներից խուսափելու լավագույն տարբերակը ներքին պարտքի կշռի ավելացումն է, քանի որ ներքին պարտքը տրվում և մարվում է ՀՀ դրամով։ Բոլոր դեպքերում, ներքին պարտքը ևս մեծ բեռ է պետության համար, քանի որ ամեն տարի պետական բյուջեից էական գումարներ  են հատկացվում թե´ ներքին, թե´ արտաքին պարտքի սպասարկմանը՝ տոկոսավճարներին և մայր գումարների մարմանը։

Պետության համար պարտքի բեռի ծանրությունը չափելու ամենաընդունված տարբերակներից մեկն այն համախառն ներքին արդյունքի հետ համեմատելն է։    «Պետական պարտքի մասին» ՀՀ  օրենքով սահմանված է պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի շեմ։ Այդ շեմի վերաբերյալ կարգավորումները մի քանի անգամ փոփոխվել են վերջին տարիներին։ Շեմը  60%-ն է։ Նախկինում այդ սահմանափակումը վերաբերում էր ամբողջ պետական պարտքին,  մի քանի տարի առաջ սահմանվեց, որ այն վերաբերում է միայն Կառավարության պարտքին։ Այսինքն՝ սահմանափակումը Կենտրոնական բանկի պարտքի վրա չի տարածվում։ Բացի այդ, նախկինում պարտքի տարեվերջյան ցուցանիշը համադրվում էր տվյալ տարվան նախորդող ՀՆԱ-ի ցուցանիշի հետ։ Սակայն, այս դրույթը ևս փոխվեց. ներկայում համեմատվում է  ոչ թե նախորդ, այլ՝ տվյալ տարվա ՀՆԱ-ի հետ։  Այսպիսով, այսօր գործող կարգավորմամբ՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60% է:

ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2017թ. վերջին կազմել է 53.7%, իսկ 2018 թվականին, Ֆինանսների նախարարության նախնական գնահատականներով, այն 50%-ի շրջանակներում է։  Այսինքն՝ օրենքի տեսանկյունից պարտքը կառավարելի մակարդակում է։

139 մլրդ դրամ՝ պարտքի սպասարկմանը

Պետական պարտքի սպասարկումը Հայաստանի պետական բյուջեից ամեն տարի մեծ ծավալի գումարներ է «խլում»։ 2018 թվականին, ըստ Ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկագրի, բյուջեից 139 մլրդ դրամ է վճարվել կառավարության պարտքի տոկոսավճարների գծով։ Դրանից 64 մլրդ դրամը ներքին պարտքի տոկոսավճարներն են, իսկ 75 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի։ Խոսքը միայն տոկոսավճարների մասին է, մայր գումարի վճարն այստեղ ներառված չէ։

Ինչպես նշել ենք նախկինում, ըստ կանխատեսումների` 2019 թվականին Հայաստանը պետական բյուջեի 9.8%-ը, որը կազմում է  157.6 մլրդ դրամ, ուղղելու է պետական պարտքի տոկոսները վճարելուն։ Այդ գումարից 88.8 մլրդ դրամն ուղղվելու է արտաքին պարտքի տոկոսավճարներին, 68.8 մլրդ դրամը՝ ներքին պարտքի։

Ինչ վերաբերում է պարտքի մայր գումարների մարմանը, ապա նախատեսված է այս տարի այդ նպատակով բյուջեից ծախսել 199.2 մլրդ դրամ, որից  85.5 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի գծով, 113.7 մլրդ դրամն էլ՝ ներքին պարտքի։

Հիշեցնենք, որ ըստ պարտքի մարման ժամանակացույցի՝ առաջիկայում Հայաստանի համար ամենածանր տարին լինելու է 2020 թվականը։ Այդ տարի պետությունը պետք է ավելի քան 400 մլրդ դրամ ուղղի պարտքի հիմնական գումարի մարմանը։ Ամենահավանական տարբերակը 2020 թվականին նոր պետական արտարժութային պարտատոմսերի թողարկումն է։

Կառավարության խոշորագույն վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը

Ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում նախորդ տարվա վերջի դրությամբ  92%-ը (շուրջ 6 մլրդ 373 մլն դոլարը) Կառավարության պարտքն է, իսկ մնացած 8%-ը (550 մլն դոլար) Կենտրոնական բանկի պարտքն է։

Եթե կառավարության պարտքը դիտարկենք ըստ առանձնացված խոշոր խմբերի, ապա 65%-ը արտաքին վարկերն են, 19.1%-ը՝ դրամային պարտատոմսերը, 15.7%-ը՝ արտարժութային պարտատոմսերը, իսկ 0.3%-ը կազմել են երաշխիքները։

Արտաքին վարկերի ընդհանուր ծավալը 2018 թվականի վերջի դրությամբ կազմել է 4 մլրդ 140 մլն դոլար։ Դրա շուրջ 77%-ը միջազգային կազմակերպություններից ստացված վարկերն են, իսկ մնացածի վարկատուները օտարեկրյա պետություններն են ու առևտրային բանկերը։

Վերջին տարիներին Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն  է (ՀԲ) ՝ ի դեմս Զարգացման Միջազգային Ընկերակցության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի։ 2018  թվականի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին վարկերի կազմում ՀԲ-ի տեսակարար կշիռը 42.4% է։ Ասիական Զարգացման Բանկն ու Եվրասիական Զարգացման Բանկը ևս խոշոր վարկատուների ցանկում են։

Իսկ օտարեկրյա պետություններից Հայաստանի ամենախոշոր վարկատուն Ռուսաստանն է, որի կշիռը մեր կառավարության արտաքին վարկերի կազմում  7.6% է։  

Մեկնաբանություններ (1)

La Onda
Looks very bad. Armenia will default very soon.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter