HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված հանձնաժողովն ամփոփեց աշխատանքը

Մարտի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացավ մամուլի ասուլիս, որտեղ ամփոփվեցին ՀՀ գլխավոր դատախազի 2006թ. փետրվարի 17-ի հրամանով ստեղծված ՀՀ իրավապահ մարմինների, այդ թվում դատախազության համակարգի եւ սահմանապահ ծառայության պաշտոնատար անձանց' թրաֆիկինգի մեջ ներգրավվածության մասին մամուլի հրապարակումները ստուգող հանձնաժողովի աշխատանքները: Այդ հրապարակումները «Հետքի» «Անապատի գիշերները» լրագրողական հետաքննությունն էր: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը:
Հիմնավոր փաստեր չեն պարունակում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«28» փետրվարի 2006թ. ք.Երեւան

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, այդ թվում դատախազության համակարգի եւ սահմանապահ ծառայության պաշտոնատար անձանց' թրաֆիքինգի մեջ հնարավոր ներգրավվածության հանգամանքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա ԱՄՆ պետական դեպարտամենտի' թրաֆիքինգի վերաբերյալ 2004թ. ամենամյա եւ 2005թ. միջանկյալ զեկույցներում նշված հանգամանքները ստուգելու նպատակով ՀՀ Գլխավոր դատախազի 2006թ. փետրվարի 17-ի թիվ 8 հրամանով ստեղծված հանձնախումբը ուսումնասիրեց Հայաստանի Հանրապետության մի շարք զանգվածային լրատվամիջոցների, մասնավորապես էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության քաղաքական բաժնից ստացված «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հրապարակումներում արծարծված տեղեկությունները:

ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հրապարակումների կապակցությամբ դեռեւս 2005թ. հունիսին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատանը անցկացված ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական æոն Միլլերը լրագրողներին հայտնել է, որ թրաֆիքինգի վերաբերյալ Հայաստանի հասցեին զեկույցում տեղ գտած մեղադրանքները հիմնավորող ապացույցներ ամերիկյան կողմը չի կարող ներկայացնել, քանի որ դրանք հիմնված են բացառապես ՀՀ զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վրա («Գոլոս Արմենի» օրաթերթ, 2005թ. հունիսի 21):

Վերը նշված հրապարակումների ուսումնասիրությամբ հանձնախումբը հանգեց այն եզրակացության, որ դրանց համար հիմք են ծառայել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանի «Անապատի գիշերներ» գրքույկում զետեղված հոդվածները: Բացի այդ, վերջինս «Ազատություն» ռադիոկայանին 2005թ. ապրիլի 27-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Արաբական Միացյալ էմիրություններում կավատ Անահիտ Մալխասյանի/Էջմիածնեցի «դըբռ» Անո/ հովանու ներքո մարմնավաճառությամբ զբաղվող կանանցից տեղեկացել է, որ թրաֆիքինգի փաստերով զբաղվող դատախազության քննիչ Արիստակես Երեմյանին կավատ Անահիտ Մալխասյանն ու այլ կավատներ մեծ գումար եւ արժեքներ են տվել, ինչի վերաբերյալ ինքն ունի գաղտնի տեսաձայնագրման ժապավեններ:

Մամուլի հրապարակումների կապակցությամբ հարցն ուսումնասիրող հանձնախմբի կողմից 2006թ. փետրվարի 23-ին' ժամը 1500-ին, ՀՀ գլխավոր դատախազության' կոռուպցիայի դեմ պայքարի բաժին հրավիրվեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, որին առաջարկվեց օբյեկտիվ իրականությունը վեր հանելուն աջակցելու նպատակով հարցն ուսումնասիրող հանձնախմբին տրամադրել «Ազատություն» ռադիոկայանին 2005թ. ապրիլի 27-ին տված հարցազրույցում իր նշած այն տեսաերիզները, որոնցով հաստատվում է դատախազության աշխատակցի կողմից կավատներից եւ մարմնավաճառությամբ զբաղվող անձանցից ապօրինի գումարներ պահանջելու եւ ստանալու հանգամանքը:

Էդիկ Բաղդասարյանը հայտնեց, որ վերը նշված փաստերը հաստատող տեսաերիզներ, իրոք, ունի, սակայն այդ առթիվ իր հետ զրույց վարած մարմնավաճառ կանանց անվտանգության նկատառումներից ելնելով' դրանք չի կարող տրամադրել հարցն ուսումնասիրող հանձնախմբին' պատճառաբանելով նաեւ, որ տեսաձայնագրումներն իր կողմից կատարվել են հիմնականում ձայնագրվողներից գաղտնի: Նա հայտնեց նաեւ, որ թրաֆիքինգի մեջ դատախազության եւ այլ իրավապահ մարմինների աշխատակիցների ներգրավվածության վերաբերյալ, բացի նշված տեսաերիզներից, այլ նյութեր չունի:

Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում տեղ գտած փաստերը եւ դրանց հետ առնչվող հանգամանքները ստուգելու նպատակով հանձնախումբն ուսումնասիրեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում գործող՝ մարդկանց առեւտրի /թրաֆիքինգի/ եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի վարույթում նախկին տարիներին քննված եւ ներկայումս վարույթում քննվող քրեական գործերը: Պարզվեց հետեւյալը:

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում կավատության փաստի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մոսկվայում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Աղաջանյանը, Սեւակ Սիմոնյանը, Ավետիք Խաչատրյանը, ոմն Արմենը, Նորիկը եւ մյուսները, հաստատապես իմանալով, որ ՀՀ քաղաքացիներ Անահիտ Մալխասյանը, Անուշ Մարտիրոսյանը, Նարինե Խաչատրյանը, Մարիետա Մուսայելյանն ու այլոք Արաբական Միացյալ Էմիրություններում զբաղվում են կավատությամբ, վերջիններիս հետ նախնական համաձայնության գալով, յուրաքանչյուր մարմնավաճառի համար 1500-ից 2000 ԱՄՆ դոլար ստանալով, 2003 թվականի մարտից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Մոսկվայում դիմավորել, վարձակալած բնակարաններում պահել, ապա ռուսական կեղծ անձնագրերով կամ հայկական անձնագրերի մեջ ելքի թույտվության կեղծ կնիքներ դրոշմելով' բազմաթիվ հայ կանանց ուղարկել են Դուբայ:

Նշված փաստի վերաբերյալ 2004 թվականի հուլիսի 23-ին նախորդ քրեական գործի նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ, 38-262-րդ, 325-րդ հոդվածների հատկանիշով հարուցվել է այլ քրեական գործ եւ առանձնացվել այլ վարույթ:

Նկատի ունենալով, որ նշված գործով անցնող մարմնավաճառների եւ նրանց հովանավորող կավատների մեծ մասը գտնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում եւ խուսափել է Հայաստան վերադառնալ, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն կատարելու համար տեղում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանով քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա.Երեմյանը եւ քննչական խմբի քննիչ Կ.Բատիկյանը 2004թ. սեպտեմբերի 14-ից մինչեւ 24-ը գործուղվել են Դուբայ: Տեղում չստանալով տեղի իրավապահ մարմինների օգնությունն ու օժանդակությունը' քննիչներին հաջողվել է հարցաքննել Դուբայում պոռնկության կազմակերպմամբ զբաղվող կավատներ Մարիետա Մուսայելյանին, Սուսաննա Սուքիասյանին ու նրանց հովանու ներքո մարմնավաճառությամբ զբաղվող բազմաթիվ կանանց: Նշված անձանց ցուցմունքների եւ հետագայում ձեռք բերված այլ ապացույցների հիման վրա վերոհիշյալ կավատները, ինչպես նաեւ նույն գործունեությամբ զբաղվող Սիրանուշ Մուսայելյանը, Նելլի Հարությունյանը, Նունե Խչեյանը, Նանասիլ Առաքելյանը եւ այլոք դատապարտվել են, եւ նրանց վերաբերյալ կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ:

Նշված գործուղման ընթացքում չի հաջողվել հարցաքննել Անահիտ Մալխասյանին, քանի որ վերջինս տարբեր պատճառաբանություններով խուսափել է եւ չի ներկայացել: Սակայն հարցաքննվել են նրա հովանու ներքո գտնվող մարմնավաճառներ Անուշ Աղաբաբյանը, այանե Այվազյանը, Ռուզաննա Կուրեղյանը եւ մյուսները: Վերջիններս, գտնվելով կավատ Անահիտ Մալխասյանի ազդեցության եւ հսկողության տակ, տվել են իրականությանը չհամապատասխանող եւ իրարամերժ ցուցմունքներ:

Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի եւ Բահրեյնի իրավապահ մարմինների, դատախազության եւ միգրացիոն ծառայության հետ իրավական փոխօգնության ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ կողմից կազմակերպված եւ իրականացված այցի շրջանակներում Դուբայ գործուղված ՀԿԳ քննիչ Ա.Երեմյանին հաջողվել է Անահիտ Մալխասյանին հարցաքննել միայն 2005թ. փետրվարի 7-ին. հարցաքննությունը տեղի է ունեցել հյուրանոցի ադմինիստրացիայի կողմից հատկացված աշխատասենյակում' հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակցի ներկայությամբ: Հարցաքննության ժամա-նակ Անահիտ Մալխասյանը ժխտել է Դուբայում կավատությամբ զբաղվելու փաստը եւ պատճառաբանել, թե այնտեղ զբաղվում է առեւտրով:

Նշված հյուրանոցում Ա.Երեմյանի կողմից հարցաքննվել են նաեւ կավատներ Լուսինե Հակոբյանը /Այիշա/, Սուսաննա Սուքիասյանը /Էջմիածնեցի «գռփոյի Սուսո»/, Անահիտ Մկրտչյանը /«չախկալ Անո»/, Անուշ Մովսիսյանը /«բմբուլ»/ Լիանա Թորոսյանը, Գայանե Մելիքյանը /«բուլդոկ Աննա»/ եւ այլ մարմնավաճառներ:

Բացատրական աշխատանքների արդյունքում կավատների մի մասը հետագայում վերադարձել է Հայաստան, կամովին ներկայացել նախաքննական մարմնին, եւ նրանց ցուցմունքների, ինչպես նաեւ նախաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցների հիման վրա նրանք ներգրավվել են որպես մեղադրյալ: Նախաքննության արդյունքով գործերն ուղարկվել են դատարան, եւ նրանք դատապարտվել են:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2005թ. մայիսի 4-ին որոշում է կայացվել Անահիտ Մալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով, 34-262-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ, հաշվի առնելով, որ նա թաքնվել է քննությունից, նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորում:

2005թ. սեպտեմբերի 29-ին Անահիտ Մալխասյանի հետախուզումն իրականացնող ոստիկանության Վաղարշապատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ հետախուզման մեջ գտնվող Անահիտ Մալխասյանը Դուբայում ավտովթարից մահացել է, եւ նրա դին հոկտեմբերի 1-ին Դուբայ - Երեւան չվերթով կտեղափոխվի Հայաստան:

ՀԿԳ քննիչ Ա.Երեմյանի կողմից 2005թ. հոկտեմբերի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղեբեռների պահեստում կատարված դիակի զննությամբ եւ ճանաչմամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության հյուպատոս Նանե Ղազարյանի կողմից թարգմանված եւ դեսպանության կնիքով հաստատված մահվան վկայականով, ինչպես նաեւ դիակն ուղեկցող Կամո Մալխասյանի ցուցմունքով հաստատվել է, որ տեղափոխվածը, իրոք, Անահիտ Մալխասյանի դին է, եւ դրանից հետո միայն թույլատրվել է հուղարկավորությունը:

Հաշվի առնելով նշված հանգամանքը' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով Ա.Մալխասյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը 2005թ. հոկտեմբերի 3-ին կարճվել է:

Ա. Մալխասյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել եւ 2005թ. ընթացքում դատապարտվել են նրա հանցակիցներ Ավետիս Կիզիրյանը, Թամարա Մակարովան, Արայիկ Աղաջանյանը, Ավետիք Խաչատրյանը եւ Սեւակ Սիմոնյանը, որոնք Ա.Մալխասյանի հովանու ներքո մարմնավաճառությամբ զբաղվելու համար մարմնավաճառներին կեղծ անձնագրերով Մոսկվայից տեղափոխել են Դուբայ: Նույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավվել եւ տեւական ժամանակով ազատազրկման է դատապարտվել նաեւ Ա.Մալխասյանի հարազատ եղբայր Պատվական Մալխասյանը, որը, սկսած 2002 թվականից, Դուբայում օգնել է քրոջը' մարմնավաճառներին տեղափոխելով դիսկոտեկներ, գիշերային ակումբներ, հյուրանոցներ, ապահովելով նրանց անվտանգ մարմնավաճառությամբ զբաղվելը, ապա վերադառնալով Հայաստան՝ հավաքագրել եւ Ս.Ներսիսյանի միջոցով քրոջ մոտ' Դուբայ է ուղարկել մարմնավաճառ այլ կանանց:
Բացի այդ, նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել եւ կանխվել է հղիությունը կանխարգելող եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված «Ցայտոտեկ» դեղամիջոցը Սյուզաննա Կիզիրյանի միջոցով Դուբայ տեղափոխումը: Ըստ գործի տվյալների' Ա.Մալխասյանը նախատեսել էր այդ դեղամիջոցը Դուբայում մի քանի անգամ ավել գներով իրացնել եւ շահույթ ստանալ:

Հանձնախումբը եզրակացնում է, որ Ա.Մալխասյանի նկատմամբ կալանքով հետախուզում հայտարարելու, գործընկերներին ու հարազատ եղբորը դատի տալու, կողմնակի եկամուտից զրկելու պարագայում նրա կողմից քննիչ Ա.Երեմյանին որեւէ նպատակով գումար տալը կամ որեւէ այլ ձեւով շահագրգռելը անտրամաբանական է:

Ըստ մամուլում հրապարակումների հեղինակ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի' Ա.Մալխասյանի կողմից քննիչին 5 հազ. ԱՄՆ դոլար տալու մասին տեղեկությունը իրեն հայտնել է ոչ թե Ա.Մալխասյանը, այլ նրա հովանու ներքո մարմնավաճառությամբ զբաղվող կանայք:
Այս առումով հանձնախումբը նպատակահարմար է համարում փաստել, որ, ինչպես վկայում են բազմաթիվ քրեական գործերով հարցաքննված մարմնավաճառների ցուցմունքները, ինչը արտացոլվել է նաեւ մամուլի հրապարակումներում, մարմնավաճառներին Դուբայ տեղափոխելուց հետո կավատները նրանցից վերցրել են անձնագրերը, ստիպել ու առաջարկել են զբաղվել մարմնավաճառությամբ, առանց սկզբնական շրջանում գոյացած գումարներից նրանց մասհանում կատարելու' տեղափոխման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պատճառաբանությամբ: Մարմնավաճառ կանայք իրենց ցումունքներում հայտնել են նաեւ, որ իրենց հովանավորող կավատները, պատճառաբանելով, թե «իրենց անվտանգ գործունեության համար Դուբայի եւ Հայաստանի իրավապահների հետ որոշակի հարցեր են լուծել», բարձրացրել են իրենց «պարտքի» գումարների չափերը, հետեւաբար, կարել է ենթադրել, որ Անահիտ Մալխասյանի նման հայտարարությունը հենց այդպիսի նպատակ է հետապնդել:

ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության եւ ոստիկանական ծառայություններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» եւ «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպություններին հանձնախմբի կողմից արված հարցումների պատասխանների համաձայն թրաֆիքինգի մեջ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ներգրավվածության մասին երբեւիցե ահազանգեր կամ հաղորդումներ չեն ստացվել:

Հանձնախումբը հարկ է համարում նշել նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազի' նախկինում նման բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող օգնական Ռաֆիկ Գլուլնազարյանը թույլ տված օրինախախտումների, մասնավորապես Ա.Զախարյանցի եւ մյուսների կողմից անձանց սեռական շահագործման ենթարկելու նյութերին պատշաճ ընթացք չտալու, առանց բավարար հիմքերի նույն անձնավորությանը եւ Ա.Այրումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով վերաորակելու, հայտնի կավատ Ա.Մուսայելյանի եւ մյուսների քրեական գործով դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին անհիմն որոշում կայացնելու եւ անհետեւանք թողնելու, այլ քննչական մարմիններից կավատության հանցակազմով հարուցված եւ վարույթը կասեցված քրեական գործեր պահանջելու ու 5 ամիս անշարժ թողնելու, Մ.Ղազախեցյանին եւ մյուսներին սեռական շահագործման ենթարկելու վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը ձգձգելու, ինչպես նաեւ աշխատանքային եւ կատարողական կարգապահությունը կոպիտ կերպով խախտելու համար ՀՀ դատախազության կոլեգիայի 2004թ. ապրիլի 30-ի որոշմամբ եւ ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա թիվ 132 հրամանով հեռացվել է համակարգից:

Մարդկանց առեւտուրը' որպես առանձին հանցատեսակ, ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է 2003թ. օգոստոսի 1-ից եւ տարածվում է միայն նշված ժամկետից հետո կատարված արարքների վրա: Մինչ այդ կատարված հանցագործությունները, որոնք փաստացի պարունակել են թրաֆիքինգի հատկանիշներ, որակվել են որպես կավատություն /ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226-րդ հոդված/:

2003թ. ապրիլի 18-ին ընդունված եւ 2003թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում մարդու առեւտուրը (թրաֆիքինգ) սահմանվել է որպես առանձին քրեորեն պատժելի հանցատեսակ' 132-րդ հոդվածով: Օրենսգրքում տեղ են գտել նաեւ մի քանի այլ հոդվածներ' 261-րդ (պոռնկությամբ զբաղվելուն ներգրավվելը), 262-րդ (պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը), որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են մարդու առեւտրի հետ:

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում նշված բնույթի հանցագործությունների դեմ տարվող պայքարը վերջին տարիներին ակտիվացել է, վկայում են վիճակագրական տվյալները:
Այսպես, եթե 2003 թվականի ընթացքում մարդկանց առեւտրի /թրաֆիքինգ/, պոռնկության կամ սեռական այլ շահագործման նպատակով ապօրինի տեղափոխման, առուվաճառքի, ինչպես նաեւ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու եւ պոռնկության կազմակերպման /ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 261-րդ եւ 262-րդ հոդվածներ/ դեպքերով հանրապետության քննչական մարմինների վարույթներում քննվել է 20 քրեական գործ, 2004թ.' 35 քրեական գործ, 2005թ.' 40:

2003 թվականին քննված 20 քրեական գործից 12-ը (12 անձի նկատմամբ), ուղարկվել է դատարան. կարճվել է 2, կասեցվել՝ 1, մնացել է անավարտ 5 քրեական գործ:

2004 թվականին քննված 35 քրեական գործից 27-ը (47 անձի նկատմամբ), ուղարկվել է դատարան. կարճվել է 1, կասեցվել՝ 4, մնացել է անավարտ 3 քրեական գործ:

2005 թվականին քննված 40 քրեական գործերից 28-ը (42 անձի նկատմամբ), ուղարկվել է դատարան. կարճվել է 2, կասեցվել՝ 6, միացվել եւ անավարտ է մնացել 2-ական քրեական գործ:

Քննված քրեական գործերն ըստ որակումների եղել են.
2003թ.' 132-րդ հոդվածով' 0 ; 261-րդ հոդվածով' 1 ; 262-րդ հոդվածով' 19
2004թ.' 132-րդ հոդվածով' 2 ; 261- րդ հոդվածով' 2 ; 262- րդ հոդվածով' 31
2005թ.' 132 հոդվածով' 14; 261-րդ հոդվածով' 4; 262-րդ հոդվածով' 22
Ընդամենը' 132 հոդվածով' 16; 261-րդ հոդվածով' 7; 262-րդ հոդվածով' 72

Մարդկանց' միջազգային բնույթ կրող առեւտրի /թրաֆիքինգ/ եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ նպատակամղված պայքար կազմակերպելու նկատմամբ դատախազական հսկողությունը, այդ բնույթի քրեական գործերի քննության բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու եւ մեղադրանքի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ այդ ոլորտում անհրաժեշտ վերլուծական-տեղեկատվական աշխատանքները բարելավելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի 2005թ. հունիսի 8-ի թիվ 25 հրամանով ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում մարդկանց առեւտրի /թրաֆիքինգ/ եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ստեղծումից հետո թրաֆիքինգի դեմ տարվող պայքարն առավել արդյունավետ է դարձել, ինչի վկայությունն են ներքոհիշյալ վիճակագրական ամփոփումները.

2005 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով նախատեսված հանցագործությունների 30 դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ 13-ով՝ 132-րդ հոդվածի հատկանիշներով, 17-ով՝ 262-րդ հոդվածի հատկանիշներով:

Բացի այդ, 4 քրեական գործ /որոնցից 1-ը' 132-րդ, 3-ը՝ 262-րդ հոդվածներով/ փոխանցվել է 2004 թվականից, եւս 6-ը /որոնցից 2-ը՝ 261-րդ, 4-ը' 262-րդ հոդվածներով/ վերսկսվել է նախորդ տարիներին կասեցված քրեական գործերից:

Նշված գործերից 33-ը քննվել են ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության' մարդկանց առեւտրի /թրաֆիքինգի/ եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի, 1-ական գործեր Տավուշի եւ Կոտայքի մարզերի դատախազությունների, 4-ը' ՀՀ ոստիկանության քննչական մարմինների, 1-ը' ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում:
Քննված 40 քրեական գործերից 28-ը (42 անձի նկատմամբ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 24-ով (36 անձի նկատմամբ՝ 27 կին եւ 9 տղամարդ) կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ 4 գործով (6 անձի նկատմամբ) դատաքննությունը դեռեւս չի ավարտվել: Դատապարտված անձանցից 22-ի նկատմամբ (14 կին եւ 8 տղամարդ) որպես պատիժ նշանակվել է ազատազրկում 1-ից մինչեւ 5 տարի 6 ամիս ժամանակով: ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման դատապարտված 2 կանանց նկատմամբ, հաշվի առնելով նրանց անձը բնութագրող տվյալները եւ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, եւ ազատազրկման ձեւով նրանց նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել:

Թրաֆիքինգի վերաբերյալ գործերով ազատազրկման են դատապարտվել դատի տրված անձանց 59,5%՝ միջին հանրապետականի 47,2% դիմաց:

Ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ /ուղղիչ աշխատանքներ եւ տուգանք/ նշանակվել են 12 անձանց նկատմամբ, այդ թվում՝ ուղղիչ աշխատանքների՝ 1 անձ (տղամարդ), տուգանք՝ 11 անձինք /բոլորը կին/:

36 դատապարտյալներից 13-ը /9 կին, 4 տղամարդ/ եղել են նախկինում դատված, ընդ որում, նրանցից 8-ը /7 կին, 1 տղամարդ/' նույնասեռ հանցանքների կատարման համար:

Դատարանները գործեր /նաեւ գործի մասեր/ չեն վերադարձրել լրացուցիչ նախաքննության, արդարացման դատավճիռներ չեն կայացրել, մեղադրողները առաջադրված մեղադրանքներից չեն հրաժարվել, դատարաններում նախաքննության մարմնի կողմից առաջադրված մեղադրանքները չեն վերաորակվել:

Պատիժն ակնհայտ մեղմ լինելու դեմ մեղադրողի կողմից բերվել են 5 վերաքննիչ եւ 3 վճռաբեկ բողոք: Վերաքննիչ բողոքներից բավարարվել են 2-ը, մերժվել են 2-ը, 1-ի քննությունը դեռեւս չի ավարտվել: Վճռաբեկ բողոքներից մերժվել է 2-ը, իսկ 1-ի քննությունը դեռեւս չի ավարտվել:

Անհիմն դատապարտվելու եւ պատիժը խիստ լինելու առումով ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների կողմից ներկայացվել է 5 վերաքննիչ եւ 3 վճռաբեկ բողոք: Բավարարվել է 1 վերաքննիչ բողոք. 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտված Ալիկ ասպարյանի պատժաչափը 5 տարի 6 ամիս ազատազրկումից կրճատվել է մինչեւ 4 տարի ժամկետով. այս վճռի դեմ գործով մեղադրողը եւ տուժողը վճռաբեկ բողոքներ են բերել, իսկ մյուս վերաքննիչ բողոքների քննությունը ընթացքի մեջ է: Ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների վճռաբեկ բողոքները մերժվել են:

Դատարան ուղարկված քրեական գործերով 42 մեղադրյալից 25-ի նկատմամբ դատարանների որոշումներով որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորում, 1-ի նկատմամբ' գրավ, իսկ 16-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Դատի տրված անձանցից 30-ը եղել են կանայք, 12-ը' տղամարդիկ:

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով 2 քրեական գործերի վարույթը նախաքննական մարմնի կողմից կարճվել է, որոնցից 1-ը' Անահիտ Արամայիսի Սադաղյանի վերաբերյալ քրեական պատասխանատվության վաղեմությունն անցնելու պատճառով /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով/, իսկ մյուսը' Յուրի Միքայելի Հայրապետյանի նկատմամբ՝ ապացույցների անբավարարության պատճառով /ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով/:

Կասեցվել է 6 քրեական գործ՝ 6 անձի նկատմամբ, բոլորն էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով' քննությունից մեղադրյալի թաքնվելու եւ գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառով: Բոլոր գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարված է հետախուզում, եւ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորում: Նշված 6 գործն էլ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում: Այդ թվում' 2-ը' ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 3-ը' 261-րդ, 1-ը' 262-րդ հոդվածներով:

2006թ. հունվարի 1-ի տվյալներով նման բնույթի հանցագործությունների կատարման համար հետախուզման մեջ է գտնվում 12 անձ: Այդ թվում' 9-ը' կասեցված քրեական գործերով, 3-ը' ընթացքի մեջ գտնվող քրեական գործերով:

Մեկ վարույթում միացվել է 2 քրեական գործ, 2 քրեական գործ մնացել է անավարտ. դրանց նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործերի վարույթների կարճման, կասեցման որոշումներ չեն վերացվել, որեւէ գործ չի վերադարձվել լրացուցիչ քննության:

2005 թվականի ընթացքում վարույթում եղած քրեական գործերով սեռական շահագործման է ենթարկվել 182 կին, այդ թվում' ըստ որակումների' ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով հարուցված քրեական գործերով' 30, 261-րդ հոդվածով' 10, 262-րդ հոդվածով' 142:

Ըստ տարածքի՝ կանացից 36-ը սեռական շահագործման են ենթարկվել ՀՀ-ում, իսկ 146-ը՝ արտերկրում, այդ թվում' 136-ը՝ ԱՄԷ-ում, 10-ը՝ Թուրքիայում: Այդ կանանցից 172-ը եղել են ՀՀ քաղաքացի, 4-ը' Ուզբեկստանի, 3-ական՝ ՌԴ եւ Ուկրաինայի քաղաքացի:

Ներկայացված տվյալները վկայում են, որ հանրապետության իրավապահ մարմինները լուրջ աշխատանք են կատարել այդ բնույթի հանցագործությունների հայտնաբերման եւ քննության որակի բարելավման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիան, 2005թ. մարտի 16-ին քննարկելով 2003-2004թթ. ընթացքում նշված բնույթի հանցագործությունների դեպքերով հաղորդումների քննարկման, բացահայտման եւ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ու մեղադրանքի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքները, համապատասխան որոշմամբ 25 կետից բաղկացած կոնկրետ պահանջներ է ներկայացրել ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին ու վարչությունների պետերին՝ միջազգային բնույթ կրող այդ հանցործությունների կանխարգելման եւ բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Կոլեգիայի որոշման պահանջի համաձայն'
- Տեղ գտած թերությունները վերացնելու, այդ հանցագործությունները ծնող պատճառները եւ դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու համար շահագրգիռ իրավասու մարմիններին ներկայացվել են միջնորդագրեր:
- Համայնքների եւ մարզերի դատախազներին ուղարկվել է մեթոդական նամակ:
- Հարցին առնչվող միջազգային կառույցների աջակցությունը ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված փաստաթղթերի փաթեթը ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
- Թրաֆիքինգի վերաբերյալ քրեական օրենսդրությունը կատարելագործելու, այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կազմվել է քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
- Քննարկվող բնույթի գործերով դատական պրակտիկայի կիրառման վերաբերյալ խորհրդատվական պարզաբանումներ տալու, միասնական դատական եւ պատժողական պրակտիկա ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցադրումներով հաղորդում է ուղարկվել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահին:
- Ընթացքի մեջ է այդ բնույթի հանցագործությունների հանցավորության մակարդակի, շարժընթացի, հետախուզվող եւ հանցագործության զոհ դարձած անձանց եւ մյուս անհրաժեշտ տվյալների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ստեղծման գործընթացը:
- Նկատի ունենալով, որ միջազգային բնույթ ունեցող կազմակերպված հանցավորության դրսեւորումների զարգացումները եւ անմիջական առնչությունը սերտաճած այնպիսի երեւույթների հետ, ինչպիսիք են մարդկանց առեւտուրը եւ ապօրինի միգրացիան, այդ երեւույթներին դիմակայելու եւ հակազդելու, այդ ասպարեզում Հայաստանում առկա իրավիճակի կայունացման միտումներն ամրապնդելու ու զարգացնելու, մարդկանց առեւտրի եւ ապօրինի միգրացիայի նախականխման, կանխարգելման եւ քրեական հետապնդման ոլորտում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2005թ. հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազության եւ Միավորված ազգերի կազմակեր-պության զարգացման ծրագրի կողմից ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման Հուշագիր:

Թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում աշխատակիցների որակավորման բարձրացման, ինչպես նաեւ գործող օրենսդրությանը եւ դրանց փոփոխություններին տեղեկացվածության ապահովման նպատակով 2005 թվականին ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը կատարել է որոշակի աշխատանք, մասնավորապես.

1. 2005 թվականի մարտ-ապրիլ ամիսներին գիտաուսումնական կենտրոնում կազմակերպվել են հատուկ դասընթացներ' «Մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի), պոռնկության կամ սեռական այլ շահագործման հանցակազմերի քրեաբանական հատկանիշները եւ դրանց քրեաիրավական որակման առանձնահատկությունները» թեմայով: Դասընթացներին մասնակցել են ՀՀ դատախազության աշխատակիցները' դատախազներ, դատախազի օգնականներ եւ քննիչներ:

2. Նշված հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ դատախազության մարմինների աշխատակիցների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար գիտաուսումնական կենտրոնը մշակել եւ հրապարակել է «Մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի), պոռնկության կամ սեռական այլ շահագործման վերաբերյալ գործերի քննության մեթոդիկան» տեղեկատվական-մեթոդական նամակը, ինչպես նաեւ նույն վերտառությամբ գիտագործնական ձեռնարկը, որոնցում հանգամանորեն վերլուծվել են մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի), պոռնկության կամ սեռական այլ շահագործման նպատակով ապօրինի տեղափոխման, առուվաճառքի, ինչպես նաեւ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու (ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 261-րդ եւ 262-րդ հոդվածներ) հանցակազմերի բովանդակությունը եւ դրանց վերաբերյալ գործերի քննության մեթոդիկան: Վերոնշյալ ձեռնարկը նախատեսված է ինչպես դատախազության, այնպես էլ այլ իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

3. Գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցները գործուն մասնակցություն են ունեցել մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի) վերաբերյալ կազմակերպված միջազգային եւ համապետական գիտագործնական սեմինարներին:

4. Գիտաուսումնական կենտրոնը մշակել է կոնկրետ առաջարկություններ' խնդրո առարկա հանցակազմի վերաբերյալ քրեական օրենսդրությունը կատարելագործելու նպատակով:

Հանձնախումբը նպատակահարմար է համարում մեկ անգամ եւս փաստել այն, որ ինչպես միջազգային իրավական փաստաթղթերի (օրինակ, Եվրախորհրդի 1990թ. նոյեմբերի 8-ի «Հանցավոր գուծունեությունից ստացված եկամուտների լվացման, բացահայտման, առգրավման եւ բռնագրավման մասին» թիվ 141 Ստրասբուրգյան կոնվենցիան, ՄԱԿ-ի 2000թ. նոյեմբերի 15-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» Պալերմոյի կոնվենցիան, Փողերի լվացման հիմնախնդիրների ֆինանսական հանձնաժողովի (FATF) 1996թ. խմբագրությամբ «40 խորհրդատվությունները» եւ այլն), այնպես էլ ոչ պաշտոնական գիտական մեկնաբանությունների համաձայն, ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցատեսակի առարկա է հանդիսանում այն գույքը, որը ձեռք է բերվել այնպիսի հանցագործությունների կատարմամբ, ինչպիսիք են նաեւ պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելը, պահելը կամ կավատությունը:

Թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով եւ հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությյուններով հաստատվում է, որ ԱՄԷ-ում հայ մարմնավաճառներն ու նրանց հովանավորող կավատները թրաֆիքինգի արդյունքում ապօրինի ճանապարհով տասնյակ հազարների հասնող /ԱՄՆ դոլար/ գումարներ են «վաստակում» եւ դրանք բանկային փոխանցումներով ու այլ ճանապարհներով տեղափոխում են Հայաստան, որոնք հետագայում դառնում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման /լեգալացման/ առարկա:

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազը 2005թ. փետրվարի 8-ին ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ցուցում է տվել /թիվ 2/1-1-05/ ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լեգալացման) հանցադեպերի նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատախազական հսկողության բարելավման վերաբերյալ:

Չնայած դրան՝ թրաֆիքինգի համար քրեական պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 261-րդ եւ 262-րդ հոդվածների սանկցիաներով կարգավորված չէ հանցավոր ճանապարհով նշված բնույթի հանցագործությունների կատարմամբ ստացված այդ եկամուտների բռնագրավման հարցը: Հաշվի առնելով թրաֆիքինգի հանցատեսակի աճի տեմպերը, դրա տարածվածությունն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանձնախումբը եզրակացնում է, որ օրենսդրական այս բացը լրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է ցուցաբերի անհրաժեշտ նախաձեռնություն:

Կատարված ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը առանձնակի ուշադրություն է դարձնում թրաֆիքինգի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, որոնցում արծարծված փաս-տերը պարբերաբար ուսումնասիրվում, օգտագործվում եւ ստուգվում են քրեական գործերի նախաքննության ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում դատախազությունը համագործակցում է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային կայքում առավել լայն զանգվածներին ներկայացվում են թրաֆիքինգի վերաբերյալ դատախազության կատարած աշխատանքները, նույնիսկ լուսաբանվում են առանձին քրեական գործեր:

Այս տեսանկյունից ուշագրավ է նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան æոն Էվանսի կողմից 2006թ. փետրվարի 23-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված նամակում դրսեւորած համոզմունքն այն մասին, որ մարդկանց թրաֆի-քինգի չարիքի դեմ պայքարում Հայաստանի ունեցած առաջընթացի գերակշիռ մասը գլխավոր դատախազության ջանքերի շնորհիվ է գրանցվել, ինչը պայմանավորված է անձամբ գլխավոր դատախազի հաստատակամությամբ:

Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների եւ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում գործող, մարդկանց առեւտրի /թրաֆիքինգի/ եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի վարույթում նախկին տարիներին քննված եւ ներկայումս վարույթում քննվող քրեական գործերի, ինչպես նաեւ լրացուցիչ նյութերի ուսումնասիրության արդյունքների համադրմամբ հանձնախումբը

Եզրակացնում է, որ մարդկանց առեւտրով եւ նրանց անօրինական միգրացիայով /թրաֆիքինգ/ զբաղվող անձանց նկատմամբ նախաքննական մարմինը բարյացակամ վերաբերմունք չի դրսեւորել, նրանց օգտին չհիմնավորված եւ ապօրինի որոշումներ չեն կայացվել, իսկ թրաֆիքինգի մեջ ՀՀ դատախազության եւ իրավապահ այլ մարմինների աշխատակիցների ներգրավվածության մասին զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները հիմնավոր փաստեր չեն պարունակում:

28.02.06

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter