HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հակակոռուպցիոն առաջարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հակակոռուպցիոն առաջարկով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանի նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժա՛ն պարոն Փաշինյան,

Ստորև Ձեզ է ներկայացվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության (այսուհետ՝ «Կուսակցություն») դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմա-վարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:  

Հաշվի առնելով, որ երկրի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիր է շարունակում մնալ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, հանրային քննարկման ներկայացված ռազմավարակական փաստաթղթի և դրա իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ Կուսակցությունն այս փուլում ներկայացնելու է սկզբունքային համարվող մեկ առաջարկություն, որի ընդունման պարագայում կոռուպցիայի դեմ պայքարը կդրվի ինստիտուցիոնալ հենքի վրա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքներն էլ կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն:

Խոսքը գնում է անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծելու մասին, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և օպերատիվ-հետախուզություն, հետաքննություն, նախքննություն իրականացնելու գործառույթներով:

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարացման, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը համարելով կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով, Կուսակցությունն իր ստեղծման պահից որդեգրել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարելու գործելաոճ:

Արժևորելով միջազգային լավագույն փորձի հիման վրա երկրում կոռուպցիայի դեմ պայքարի գործուն մեխանիզմների ներդնումը՝ Կուսակցությունն իր հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում հանրային հանձնառություն է ստանձնել և բազմիցս հանդես եկել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու օգտին: Այդպիսի համակարգ ունենալու կարևորության մասին անդրադարձ է կատարվել նաև Կուսակցության նախընտրական ծրագրերում, ինչպես նաև այդ մասին հանրության տարբեր շերտերի հետ ակտիվ քննարկումներ ունեցել համապետական և տեղական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում:

Դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրություննների ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, հանդես գալով «ԵԼՔ» դաշինքի կազմում, նախընտրական ծրագրի «Պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նախատեսել էին անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Իսկ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առանձին մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ իր նախընտրական ծրագրում նույնպես հատուկ անդրադարձ էր կատարել կոռուպցիայի դեմ պայքարին և ներկայացրել Կուսակցության ունեցած մոտեցումները, որոնք առավելապես կապված են հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմների ներդրմանը և կիրառմանը, դատական համակարգի անկախությանն ու արդարադատության անխուսափելիության ապահովմանը, ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքարին և պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմների ու պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրմանը՝ նպատակ ունենալով բարձրացնելու բնակչության իրավագիտակցությունը և իրազեկման մակարդակը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, շարունակելով «ԵԼՔ» դաշինքի կազմում, հասարակության առջև ստանձնած հանձնառությունը, ներկայումս նույնպես կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարում ապակենտրոնացված անարդյունավետ համակարգից անցումը դեպի կենտրոնացված արդյունավետ համակարգի` ինստիտուցիոնալ լուծումը համարելով անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը:

Ուստի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծում նախատեսել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն ու օր առաջ դրա գործարկումը` կանխարգելիչ և քննչական երկու առանձին մարմիների փոխարեն:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Մեկնաբանություններ (1)

Hovhannes
"Խոսքը գնում է անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծելու մասին․․․․․" Անպիտաններ, հայերէն գրեց՛ք․․․խօսքը ոչ մի տեղ չի գնում․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter