HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի խորհրդարանում ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը տեղեկացնում է, որ այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝  կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու և զարգացնելու պատրաստակամությունը:

Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու հայկական օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կընդլայնվեն խորհրդարանական դիվանագիտության շրջանակներն՝ ի շահ միասնական օրակարգում տեղ գտած հարցերի լուծման:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ այցի նպատակն է նորընտիր պատգամավորներին ծանոթացնել Արցախի գործընկերների հետ և հստակեցնել առաջիկայում համազգային խնդիրների լուծման ուղղությամբ անելիքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ պատգամավորների կողմից միջազգային հարթակներում Արցախի խնդիրը համակողմանի ներկայացնելու և չճանաչվածության պայմաններում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը ապահովելու հարցը:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում ԲՀ խմբակցության պատգամավորների և Արցախի օրենսդիրների մասնակցությամբ:

Արցախի խորհրդարանականների անունից ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ևս մեկ անգամ 
շնորհավորելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորներին, 
համոզմունք է հայտնել, որ խմբակցությունն ակտիվ գործունեությամբ շարունակելու է իր նպաստը բերել երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Խոսելով այցի մասին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է համահայկական նշանակության հարցերը գործնական դաշտ տեղափոխելու և Արցախի միջազգային ճանաչման հարցում իր ղեկավարած խմբակցության հետևողական ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Բաղունցը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը:

Մեկնաբանություններ (1)

վաչե
ԲՀԿ պատվիրակության այցը Արցախ նկարագրված է այնպես, ինչպես իրականում այցելում են որևե արտասահմանյան երկիր։ Ինչ է նշանակում փոխշահավետ համագործակցուն, այսինքն Արցախը և Հայաստանը ունեն տարբեր շահեր, պետք է այնպես համագործակցել, որ երկուսի շահերն էլ պաշտպանվեն։ Արդյոք այստեղից չի՞ հետևում, թե ինչ՞ համագործակցության մասին է խոսքը։։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter