HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Պաշտոնյաները անհաջող են, քանի որ լրագրողները գրու՞մ են նրանց մասին

«Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը»,- ֆեյսբուքում գրում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: «Մեր դեմ մեդիապատերազմ է, մենք ընդունել ենք մարտահրավերը»,- ասում է ԱԺ մյուս փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանությունների վերհսկողության տակ է»,- նկատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԶԼՄ-ների, «կեղծ լուրերի», «հակապետական բնույթի լուրերի» դեմ իշխանությունները չափազանց զգայուն են եղել միշտ:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում` 1994 թ-ին, Հայաստանում արգելվեց «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակումը: Հիմնավորումը` «Ռադիոկայանի պատրաստած նյութերի 80 տոկոսը հակապետական բնույթ ունեն» («Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը վերականգնվեց 1998 թ.-ին):
1994 թ. դեկտեմբերի 28-ին Լ. Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում. փակվեցին Դաշնակցության ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոցներ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2002 թ. ապրիլի 2-ին, եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, իսկ 2007-ին «Ազատություն» ռադիոկայանը դարձյալ փակվելու վտանգի առաջ էր, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ:
Վախի մթնոլորտն այնքան ուժեղ էր, որ երբ 2001-ին «Պապլավոկ»-ում սպանվեց Պողոս Պողոսյանը՝ հարյուրավոր վկաներից ոչ ոք չհամարձակվեց պատմել աչքերով տեսածը: Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանն էլ, որին վերագրվեց Պողոսյանի սպանությունը (թիկնապահները մի քանիսն էին), դատապարտվեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» կատարելու համար:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը սկսվեց մարտի 1-ով, արտակարգ իրավիճակի պայմաններում: Մարտի 2-ից արգելափակվեց Հայաստանի այցելուների մուտքը մի շարք հայկական ԶԼՄ-ներ՝ A1plus, Azatutyun.am, Azatutyun.net, aravot.am, hzh.am և այլն: Մարտի 5-ից արգելափակվեց youtube.com-ը: Տպարաններում նստած ԱԱԾ աշխատակիցները գրաքննում էին թերթերի յուրաքանչյուր տողը: Հաջորդ տարիներին, ինչպես ասում են, կառավարելի ժողովրդավարություն էր: Այնքան կառավարելի, որ անգամ 2013 թ.-ի մարտի 18-ին «պատասխանատու» լրատվամիջոցների ղեկավարների հետ նախագահի ասուլիսը` ներկա լրագողներից և ոչ ոք չհամարձակվեց ներկայացնել իր ընթերցողներին կամ ունկնդիրներին: Միայն 24 ժամ անց, երբ նախագահականի մամուլի ծառայությունը հարկ համարեց, բոլորը սինխրոն հրապարակեցին նախագահի հետ զրույցի բովանդակությունը:

Այսօր, երբ իշխանություններն իրենք էլ ընդունում են, որ հեղափոխությունը Հայաստանում անհնար կլիներ՝ առանց մեդիայի, սոցցանցերի, տարօրինակ է զանազան պաշտոնյաների նեղացկոտ արձագանքը ազատ խոսքին, քննադատությանը:
Իշխանությունները կհաջողեն, եթե կարողանան գրագետ օգտվել խոսքի ազատությունից, փորձել վերլուծել քննադատությունն ու ժամանակին հետևություններ անել: Եվ հակառակը…

Քյոլնի տեխնիկական համալսարանում Փաշինյանը, անդրադառնալով «կեղծ լուրերին», կարևոր արձանագրում է արել. «Սխալ գայթակղություն կլինի մեր իշխանությունը օգտագործելը՝ սահմանափակելու ինչ-որ մեկի խոսքի ազատությունը, որպեսզի մեր լսարանին հեռու պահենք կեղծ լուրերից»:

Վերահսկել կամ սահմանափակել ազատ խոսքը գործնականում էլ անհնար է. սոցցանցերը այս առումով անզոր են դարձնում իշխանությունների ամեն ջանք:

Երբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսում են ՀՀ պետական հիմնը փոխելու անհրաժեշտությունից, քանի որ գործող հիմնը «չունի այն ուղերձները», որոնք կցանկանար լսել տիկին Մակունցը, բնական է, որ ԶԼՄ-ներն այս իրադարձությանը շատ զվարթ են արձագանքելու:
Երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիկնապահները նաև լակեյի դեր են կատարում՝ պահում են նրանց վերարկուները, աթոռը մոտեցնում կամ հեռացնում են, որ նրանք բարեհաջող նստեն, ԶԼՄ-ների արձագանքը միանշանակ բացասական է: Երբ պաշտոնյաներն, իբրև անվտանգության նկատառումներից ելնելով, նետվում են կառավարական ամառանոցներ, ԶԼՄ-ների վերաբերմունքը միանշանակ բացասական է: Իսկ ինչու՞ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում ոչ թե կառավարական առանձնատանը, այլ իր բնակարանում:

ԶԼՄ-ների ազատությունը, կեղծ լուրերի դեմ պայքարելու հնարավորությունը իշխանություններն ունեն՝ արդյունավետ, տեսանելի աշխատանքը: Դրա օրինակը, թերևս, առողջապահության նախարարն է: Ցավոք, առայժ միակը…

Իրենց էներգիան ու ժամանակը տրամադրելով ԶԼՄ-ների «հայտարարած պատերազմի մարտահրավերն ընդունելու» վրա՝ իշխանությունները կորցնում են կենտրոնացած ու արդյունավետ աշխատելու հնարավորությունը: Այսպիսի մի պատմություն կա.

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները շատ մտահոգ էին` իմանալով, որ անգլիացիներն աշխատում են հատուկ ռադիոլոկացիոն սարքավորումների վրա, որոնցով կարելի է հայտնաբերել ու ոչնչացնել թշնամու ինքնաթիռները: Գերմանացիները թշնամական նախագծային այդ բյուրո գործուղեցին իրենց գործակալներին, որոնք այնպես, ի միջի այլոց, սեղաններին թողեցին մի քանի գլուխկոտրուկներ (ռուբիկ-կուբիկի նման): Անգլիացի գիտնականները մի քանի շաբաթ կորցրին հետաքրքրությունը լոկատորների հանդեպ: Իսկ պատերազմը շարունակվում էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter