HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքի ղեկավարն իրեն պարգևատրել է բարեխիղճ աշխատանքի համար, մինչդեռ գրանցել է ցածր ցուցանիշներ

Պարգևատրումներն ու խրախուսանքի դրսևորումները չեն շրջանցել նաև տեղական ինքնակառավարման մարմիններին: Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանը 2018թ. դեկտեմբերի 20-ին աշխատավարձի չափով միանվագ պարգևատրել է իրեն և համայնքի ղեկավարի տեղակալ Պարույր Մաթևոսյանին:

Ալեքսանյանի պարգևավճարը կազմել է 350,000 դրամ, իսկ Մաթևոսյանը ստացել է 211,000 դրամ: Պարգևատրման հիմքը եղել է Աշխատանքային օրենսգիրքը, ըստ որի՝ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար գործատուն կարող է խրախուսել աշխատողներին: Համայնքապետն էլ ընտրել է խրախուսանքի միանվագ դրամական պարգևատրման տարբերակը:

Սակայն, ուսումնասիրելով Օհանավան համայնքի վերջին երկու տարիների բյուջեի կատարողականը՝ պարզեցինք, որ համայնքապետն այդքան էլ լավ չի աշխատել: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարն է ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն: Հենց այդ եռամսյա հաշվետվություններից էլ պարզ դարձավ, որ պլանն ամբողջությամբ չի կատարվել, հետևաբար զարմանալի է «աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու» օրենքի դրույթին հղում կատարելն ու ինքն իրեն պարգևատրելը:

2018թ. 4-րդ եռամսյակի համար Օհանավան համայնքի բյուջեով հողի հարկի պլանը, որը, ըստ էության, նաև տարեկան պլանն է, կազմել է 13 մլն 500 հազար դրամ, սակայն, հավաքագրվել է մոտ 8 մլն դրամ՝ 59.5%:  Շենք_շինությունների համար գույքահարկը կատարվել է 80.7%, տեղական տուրքերի հավաքագրումը՝ 51.8%, աղբահանության վճարը՝ 9.6%, հողի հարկի վարձավճարների գանձումը՝ 59.8%, անասնաբուժական ծառայությունների վճարի գծով՝ 0% և այլն: 100% ցուցանիշ է գրանցվել միայն կառավարության կողմից տրամադրված դոտացիայի գծով՝ մոտ 30 մլն 612 հազար դրամ:

Սա առաջին տարին չէ, որ համայնքի ղեկավարը բյուջեի կատարողականի ցածր ցուցանիշ է արձանագրել: Գրեթե նույն պատկերն է եղել նաև 2017թ. 4-րդ եռամսյակի համար: Մասնավորապես, այդ ժամանակ էլ հողի հարկի համար պլանավորած 14 մլն 350 հազար դրամից հավաքվել է ընդամենը մոտ 9 մլն 500 հազար դրամ՝ 66,2%: Շենք_շինությունների համար գույքահարկը կատարվել է 87,3%, տեղական տուրքերի հավաքագրումը՝ 30,7%, հողի հարկի վարձավճարների գանձումը՝ 55,5% և այլն: 100% ցուցանիշ է գրանցվել դարձյալ կառավարության կողմից տրամադրված դոտացիայի՝ մոտ 30 մլն 612 հազար դրամ և ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման վճարի հավաքագրման գծով՝ մոտ 311 հազար դրամ:

Նշենք, որ Ալեքսան Ալեքսանյանը Օհանավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2011թ. մայիսից: Համայնքապետից պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter