HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տվյալների բազաների ղեկավարման համակարգի ազդեցությունը ֆինանսական ավտոմատացման համակարգի ընտրության վրա

Ֆինանսական ավտոմատացման համակարգերի ընտրությունը

Ֆինանսական ավտոմատացման համակարգի (ՖԱՀ) ընտրությունը իր հետ բերում է նաեւ տեխնիկական ենթակառուցվածքի ընտրություն, մասնավորապես Տվյալների բազաների ղեկավարման համակարգ ի (ՏԲՂՀ), օպերացիոն համակարգեր, սերվերներ եւ այլն: Թեպետ լայնորեն տարածված են ՖԱՀ-երի ընտրությանը վերաբերող բազմաթիվ հոդվածներ, նրանցում լիարժեք չի լուսաբանվում նշված տեխնիկական ենթակառուցվածքի տարրերի ազդեցությունը այդ ընտրության վրա: Մյուս կողմից՝ այնպիսի աշխատությունները, որոնք համեմատում են, ասենք, երկու ՏԲՂՀ-եր (SQL Server, Oracle), լի են տեխնիկական բնույթի բազմաթիվ ցուցանիշներով եւ կտրված են որեւէ կոնկրետ կիրառությունից:

Այս հոդվածում մենք կհամեմատենք երկու ամենահայտնի ՏԲՂՀ-երը' MS SQL Server-ը եւ Oracle-ը՝ ՖԱՀ-ի կիրառության տեսակետից:

SQL Server-ը եւ Oracle-ը երկուսն էլ SQL լեզվի հիման վրա հաճախորդ-սերվեր ճարտարապետությամբ ՏԲՂՀ-եր են եւ օգտագործվում են տվյալների բազաների հետ աշխատող ամենատարբեր համակարգերի ծրագրավորման համար: Ընդ որում՝ ասենք SQL Server-ի հիման վրա գրված կիրառական խնդիրը կարելի է հեշտությամբ տեղափոխել Oracle-ի վրա եւ հակառակը:

Ինչպես նաեւ՝ պետք է հաշվի առնել այն փաստը, որ կարելի է օգտագործելով, ասենք, Oracle ՏԲՂՀ-ը գրել շատ վատ ֆինանսական ավտոմատացման համակարգ, իսկ, ասենք, SQL Server 2000-ով գրել շատ լավը եւ ընդհակառակը:

ՖԱՀ-ի ընտրությունը պետք է բացառապես բխի տվյալ ՖԱՀ-ի ֆունկցիոնալ հնարավորություններից, ծրագրավորողների հմտություններից, օգտագործված տեխնոլոգիական լուծումների առկայությունից եւ այլն:

Այն բանից հետո, երբ արդեն ընտրված է այս կամ այն համակարգը, որը բավարարում է տվյալ ֆինանսական կազմակերպության բիզնեսի պահանջներին, կարելի է ուսումնասիրել նաեւ այդ ՖԱՀ-ի տեխնիկական ենթակառուցվածքի տարրերը, եւ մասնավորապես ՏԲՂՀ-ն:

Համեմատենք Microsoft SQL Server եւ Oracle ՏԲՂՀ-երի տեխնիկական բնութագրիչները ՖԱՀ-ի կիրառության տեսակետից:

Տեխնիկական բնութագրիչները

Արտադրողականությունը

Առհասարակ երկու ՏԲՂՀ-երի արտադրողականության համեմատումը շատ բարդ խնդիր է: Շատ հաճախ վկայակոչվում են համեմատություններով զբաղվող պրոֆեսիոնալ կազմակերպությունների (TPC-Transaction Processing Performance Council) հրապարակած թվերը այս կամ այն համակարգի արտադրողականության վերաբերյալ: Օրինակ՝ որ HP Superdome (64 bit, Intel Itanium 2 processors) սերվերների վրա SQL Server 2005-ը կատարում է 1,082,203 տրանզակցիա մեկ րոպեում, իսկ, ասենք, Oracle 10g-ն՝ 1,008,114 տրանզակցիա մեկ րոպեում:

Սակայն ի՞նչ կարող է եզրակացնել հայաստանյան ֆինանսական կազմակերպությունը այդ թվերից. Մեծ հաշվով ոչինչ: Հաշվի առնելով, որ Հայաստանում անհնար է պատկերացնել մեկ միլիոն տրանզակցիա մեկ րոպեի ընթացքում, կարելի է եզրակացնել, որ երկու ՏԲՂՀ-երն էլ ունեն բավականին արտադրողականություն հայաստանյան խնդիրների լուծման համար:

Բնական հարց կարող է առաջանալ, թե այդ դեպքում ինչպես է ստացվում, որ, ասենք, բանկը ինչ-որ հաշվետվություն ստանալու համար վատնում է մի քանի տասնյակ րոպեներ: Խնդիրն այն է, որ կիրառական ծրագիրը, տվյալ դեպքում՝ ՖԱՀ-ը եւս պետք է գրված լինի շատ գրագետ, օգտագործի արդյունավետ ծրագրավորման բոլոր հնարքները, հիմքում ունենա տեխնոլոգիական լուծումներ եւ այլն: Հակառակ դեպքում այն, որ ՏԲՂՀ-ը կարող է կատարել մեկ միլիոն տրանզակցիա մեկ րոպեում, ոչինչ չի նշանակի, եթե, ասենք, արդյունավետ չեն կազմակերպված տվյալների մշակումը, եւ այն տվյալը, որի նկատմամբ գրված է տրանզակցիան, երկար ժամանակ գտնվում է այլ օգտագ ործողի տնօրինության տակ : Այս եւ նման այլ խնդիրներ պետք է լուծված լինեն բացառապես կիրառական համակարգի շրջանակներում:

Նշենք նաեւ, որ SQL Server-ը, լինելով սերտորեն կապված Windows օպերացիոն համակարգի հետ, հատուկ օպտիմիզացված է Windows սերվերների վրա աշխատելու համար: Իսկ, ասենք, Oracle-ը շատ ավելի արդյունավետ աշխատանք է ցուցաբերում UNIX սերվերների վրա: Այսինքն՝ եթե կա արտադրողականության բարձրացման խնդիր, ապա միարժեքորեն պետք է ընտրել Windows + SQL Server կամ UNIX + Oracle:

Պաշտպանվածությունը

Տեղեկատվական անվտանգությունը ֆինանսական կազմակերպություններում գնալով առավել կարեւոր է դառնում այն պատճառով, որ շատերն օգտագործում են Ինտերնետը տարբեր ծառայություններ մատուցելու համար: Օրինակ՝ բանկերը հեռահար մասնաճյուղերը միացնում են գլխամասի կենտրոնացված բազային՝ օգտագործելով Ինտերնետի կապուղիները: Նման կենտրոնացված սպասարկումը հիանալի ծառայություն է բանկի հաճախորդների համար, սակայն դա իր հերթին բերում է բանկի տվյալների խոցելիության աստիճանի բարձրացման: Անհրաժեշտ է ապահովել պատշաճ տեղեկատվական անվտանգության միջոցառումներ: Այդ միջոցառումների մի բաղադրիչն է ՏԲՂՀ-ի պաշտպանվածության ապահովումը: Նշենք որ եւ՛ SQL Server-ը, եւ՛ Oracle-ը իրենց մեջ տվյալների անվտանգության ապահովման անհրաժեշտ հենքային մեխանիզմներ են ընդգրկում:

Այն, որ ՏԲՂՀ-ը տրամադրում է տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմներ, դեռ չի նշանակում, որ ձեր տվյալների անվտանգությունն ապահովված է: Անհրաժեշտ է, որպեսզի այդ մեխանիզմները օգտագործեն տվյալների բազաների ադմինիստրատորները եւ ծրագրավորողները, ընդ որում՝ օգտագործեն գրագետ: Շատ ցանկալի է, եթե ֆինանսական կազմակերպությունը կամ այն կազմակերպությունը, որը տրամադրում է ֆինանսական ավտոմատացման համակարգ, իր կազմում ունենա հավաստագրված եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում նեղ մասնագիտացած աշխատողներ:

Մյուս կարեւոր հարցն այն է, թե որքան հաճախ են նոր սողանցքներ հայտնաբերվում այս կամ այն համակարգում, եւ որքանով արագ են ուղղվում այդ սողանցքները արտադրողների կողմից:

Տեղեկատվական անվտանգության պատահարներով զբաղվող տարբեր անկախ կազմակերպություններ պարբերաբար հրապարակում են տվյալներ այս կամ այն համակարգում հայտնաբերված սողանցքների եւ սխալների վերաբերյալ:

Օրինակ՝ ըստ NIST-ի (National Institute of Standards and Technology)՝ Oracle-ի դեմ գրանցվել է 81 պատահար, իսկ SQL Server-ի դեմ՝ 46 պատահար նույն ժամանակահատվածում:

Արդյոք սա նշանակու՞մ է, որ SQL Server-ն ավելի պաշտպանված է, քան Oracle-ը: Բնավ ոչ: Քանի որ նույնիսկ մեկ պատահարը կարող է բավական լինել գրոհի զոհ դառնալու համար:

Այստեղից եզրակացություն. երկու ՏԲՂՀ-երում էլ առկա են տեղեկատվական անվտանգության ապահովման հենքային մեխանիզմները, իսկ սողանցքները երկուսում էլ ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում եւ ուղղվում են:

Տեղեկատվական անվտանգության պատշաճ ապահովման համար անհրաժեշտ է անվտանգության համալիր քաղաքականություն, եւ այդ քաղաքականությամբ թելադրված համալիր միջոցառումներ՝ նվազեցնելու խոցելիության աստիճանը:

Գինը

Արժեքը

Գաղտնիք չէ, որ հայաստանյան կազմակերպություններն օգտագործում են ցանկացած ծրագրային ապահովում, այդ թվում նաեւ SQL Server եւ Oracle՝ առանց դրանց համար վճարելու համապատասխան արտադրողներին: Այդ իսկ պատճառով նշված ՏԲՂՀ-երի արժեքի մասին դիտարկումները կարող են թվալ ոչ այնքան էական: Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես մի քանի պատճառներով:

Նախ՝ մոտ ապագայում Հայաստանը վավերացնելու է հեղինակային իրավունքի մասին օրենքը, որը կպարտադրի կազմակերպություններին օգտագործել բացառապես լիցենզավորված ծրագրեր:

Երկրորդ' լիցենզավորված ծրագրային ապահովումն ավելի հուսալի է, զերծ սխալներից եւ վիրուսներից, ինչը շատ կարեւոր է ֆինանսական կառույցների համար: Եթե նախկինում ծրագրերի լիցենզիաներ ձեռք էին բերում միայն արտասահմանյան կազմակերպություններն ու դեսպանատները, այժմ բանկերը եւ այլ խոշոր կազմակերպություններ նույնպես սկսել են լիցենզավորել իրենց համար խիստ նշանակություն ունեցող համակարգերը:

Այսպիսով՝ այս կամ այն ՏԲՂՀ-ը (կամ, ավելի ճիշտ, այդ համակարգի հիման վրա գրված ՖԱՀ-ը) ձեռք բերելիս խիստ մեծ դերակատարություն է ստանում այդ ՏԲՂՀ-ի արժեքը:

Ինչպես SQL Server-ը, այնպես էլ Oracle-ը ունեն իրենց Standard եւ Enterprise տարբերակները: Standard տարբերակը նախատեսված է միջին կազմակերպությունների համար, Enterprise-ը, մասնավորապես, թույլ է տալիս օգտագործել ավելի շատ հիշողություն եւ ավելի շատ պրոցեսորներ:

Դիտարկենք մի քանի տիպային տարբերակ փոքր, միջին եւ մեծ ֆինանսական կազմակերպության համար:

Փոքր

Պրոցեսորների քանակը     Oracle 10 Standard Edition           SQL Server 2000 Standard Edition
         1                      $15,000 US                                  $4,999 US

Միջին
Պրոցեսորների քանակը     Oracle 10 Standard Edition           SQL Server 2000 Standard Edition
         2                       $30,000 US                                 $9,998 US

Մեծ
Պրոցեսորների քանակը       Oracle 10 Enterprise Edition        SQL Server 2000 Enterprise Edition
    4                             $160,000 US                               $79,996 US

Ընդ որում՝ հարկ է նշել, որ Oracle-ի գնի մեջ չեն մտնում օժանդակ ղեկավարման որոշ գործիքներ, տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքներ, եւ անհրաժեշտության դեպքում դրանք պետք է ձեռք բերել առանձին:

TCO (Total Cost of Ownership-Տիրապետման գինը)

Երկու ՏԲՂՀ-երի համեմատման գործընթացում կարեւորագույն դերակատարություն ունի այդ համակարգերի շահագործման հետ կապված ծախսերի չափը: Բացի բուն համակարգերի արժեքից, որը վճարվում է այդ համակարգերի արտադրողներին, կան նաեւ այլ ծախսեր, որոնք կապված են այդ համակարգերի շահագործման հետ: Դրանք են՝ օպերացիոն համակարգերի, սերվերների, տվյալ համակարգը շահագործող մասնագետների վերապատրաստման եւ այլ ծախսերը:

ՏԲՂՀ-ի շահագործման վերջնական գումարը հաշվելիս պետք է պարտադիր հաշվի առնվեն այս բոլոր գործոնները:

Օրինակ՝ Oracle + UNIX տարբերակի դեպքում պետք է վճարել նաեւ UNIX օպերացիոն համակարգի համար: Նշենք, որ, ինչպես եւ սպասվում էր, խոշորագույն UNIX արտադրողները դադարեցրել են այդ օպերացիոն համակարգի անվճար տրամադրումը: Իսկ այն տարբերակները, որոնք տրամադրվում են անվճար, չեն բավարարում ֆինանսական կազմակերպությունների հուսալիության, անվտանգության, արտադրողականության պահանջներին: Իսկ եթե օգտագործվում է SQL Server + Windows տարբերակը, պետք է վճարել նաեւ Windows օպերացիոն համակարգի համար:

Այստեղ պետք է հաշվի առնել UNIX եւ Windows օպերացիոն համակարգերի գների տարբերությունները: UNIX օպերացիոն համակարգերի գները միշտ եղել եւ մնում են նկատելի թանկ Windows օպերացիոն համակարգերի գներից:

Մյուս գործոնը այդ համակարգերը շահագործող մասնագետների խնդիրն է: Պրոֆեսիոնալ Oracle ՏԲՂՀ-ի եւ UNIX օպերացիոն համակարգի ադմինիստրատորը արժե շատ ավելի թանկ, քան պրոֆեսիոնալ SQL Server-ի եւ Windows-ի ադմինիստրատորը այն պատճառով, որ առաջիններս Հայաստանում ավելի սակավաթիվ են:

Այստեղ շատ ուշագրավ է զուգահեռներ անցկացնել Netscape եւ Microsoft ընկերությունների միջեւ գոյություն ունեցած հակամարտության հետ: Եթե որեւէ մեկը մի քանի տարի առաջ փորձեր համեմատել Netscape Navigator-ը եւ Microsoft Internet Explorer-ը, դա, մեղմ ասած, կարող էր ծիծաղ առաջացնել, քանի որ առաջինն ակնհայտ առաջատար էր: Սակայն ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր. Microsoft-ը, օգտագործելով իր ողջ հզորությունը եւ իր տարբեր համակարգերի միջեւ կապը, բառացիորեն դուրս շպրտեց այդ շուկայից Netscape ընկերությանը: Ընդ որում՝ Microsoft-ը այդպես վարվում է բոլոր այն համակարգերի դեպքում, որոնք իր համար ռազմավարական նշանակություն ունեն:

Նշենք նաեւ, որ Microsoft ընկերությունը Հայաստանում արդեն իսկ հիմնել է իր ներկայացուցչությունը, ինչն էապես կնպաստի այդ ընկերության համակարգերի տարածմանը մեր երկրում:

Այդ իսկ պատճառով ֆինանսական կազմակերպությունները երկարաժամկետ ներդրումներ կատարելիս ավելորդ չի լինի, եթե հաշվի առնեն նաեւ գերհզոր ծրագրային համակարգեր արտադրողների հետ համագործակցության հանգամանքը:

Եզրակացություն

Ո ՛ չ Oracle-ը, եւ ո՛չ էլ SQL Server-ը չունեն նկատելի առավելություններ կամ թերություններ միմյանց նկատմամբ, բացառությամբ միայն գնի եւ TCO-ի գործոնների: Մոտակա տարիներին այդ համակարգերն ավելի ու ավելի կզարգանան' առաջարկելով առավել արագագործ, պաշտպանված, հուսալի համակարգեր, եւ կշարունակվեն այդ ՏԲՂՀ-երի հիման վրա իրականացվող ֆինանսական ավտոմատացման համակարգերի մշակումները:

Ֆինանսական կազմակերպությունները բացառապես պետք է ուշադրություն դարձնեն իրենց կողմից ձեռք բերվող ավտոմատացման համակարգերի արտադրողականությանը, ֆունկցիոնալությանը, տեխնոլոգիական լուծումների առկայությանը եւ ոչ թե նրան, թե այդ համակարգը ինչ ՏԲՂՀ է օգտագործում: Երկու ՏԲՂՀ-երն էլ համարժեք են, ավելին՝ ցանկության դեպքում կարելի է ավտոմատացման համակարգը տեղափոխել մեկ ՏԲՂՀ-ից մյուսին:

Վարդան Մաթեւոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter