
Վերականգնել պատմական արդարությունը
Վերջին օրերին Այգեստան գյուղում տեղի ունեցած միջադեպը պատճառ հանդիսացավ, որ հանրության շրջանում նորից սկսվեն բուռն քննարկումները Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դերի, ներեցեք, բացառիկ դերի՝ հայոց պատմության և հայ ժողովրդի ինքնության շուրջ։
Իսկապես, անհնար է անտեսել 301թ․ մինչև 1920թ․՝ շուրջ 1619 տարի, ՀԱԵ-ի դավանած արժեքներով ստեղծված զուտ հոգևոր, եկեղեցական մշակույթը՝ գրականություն, երաժշտություն, ճարտարապետություն, պատմագրություն, ինչպես նաև ՀԱԵ-ի կողմից ձևավորված հայ ժողովրդի հոգեբանությունը, բնավորությունն ու ավանդույթները։ Այո, ոչ ոք չի կարող ժխտել այդ ահռելի պատմական ժառանգության փաստը։
Բայց․․․ բայց, արդյո՞ք 1920թ․ մինչև 1991թ․՝ շուրջ 71 տարի, հայոց պատմության և հայ ժողովրդի կյանքում նույնպես բացառիկ դեր չի ունեցել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ ): Նույնպես անհնար է անտեսել ՀԿԿ-ի դավանած արժեքներով ստեղծված սոցիալիստական մշակույթն ու գիտությունը՝ բազմաթիվ ինստիտուտներով ու բուհ-երով՝ գրականության, երաժշտության, նկարչության, ճարտարապետության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, երկրաբանության, քիմիայի և այլ բնագավառների։ Այդ տարիների ընթացքում բավականին փոխվեց նաև Հայկական ԽՍՀ-ի բնակչության կրթական մակարդակը, բնավորությունն ու հոգեբանությունը։ Եվ եթե զուտ քանակական և որակական գնահատական տանք 1619 և 71 տարիների ստեղծված հոգևոր-մշակութային և գիտական նվաճումներին, ապա ՀԿԿ-ն բոլոր առումներով բազմապատիկ գերազանցում է ՀԱԵ-ին։ Իհարկե, համեմատությունն այնքան էլ կոռեկտ չէ, 20-րդ դարը գիտական և տեխնիկական թռիչքի դարաշրջան էր, բայց համենայն դեպս։
ՀԱԵ-ի ջատագովները, որպես հայոց մեծեր, օրինակ են բերում Մեսրոպ Մաշտոցին, Մովսես Խորենացուն, Եղիշեին, Մխիթար Հերացուն, Անանիա Շիրակացուն, Գրիգոր Նարեկացուն, Մխիթար Գոշին, Կոմիտասին և այլոց։ Իսկ եթե թվարկենք ՀԿԿ-ի անդամ հայոց մեծերի՞ն․ Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, Առնո Բաբաջանյան, Վիկտոր Համբարձումյան, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Գրիգոր Խանջյան, Տիգրան Պետրոսյան․․․, և ցանկը չի ավարտվի։ ՀԱԵ-ի կողմնակիցները կհակաճառեն, չէ՞ որ ՀԽՍՀ-ում անհնար էր հասնել բարձունքների և չլինել ՀԿԿ անդամ։ Հիմնականում համաձայն եմ, իհարկե որոշ բացառություններով, օրինակ՝ Լեռ Կամսարը և էլի ոմանք։ Բայց, հատկապես միջնադարում, հնարավո՞ր էր արդյոք լինել գրագետ, զբաղվել պատմագրությամբ և չլինել հոգևորական։ Կարծում եմ՝ ոչ։ ՀԱԵ-ի նվիրյալները նորից կհակաճառեն, չէ՞ որ կոմունիստական ռեժիմը քանդեց բազմաթիվ եկեղեցիներ, գնդակահարեց, աքսորեց և հալածեց հազարավորների, այդ թվում՝ նույն Չարենցին, Բակունցին և բազմաթիվ այլ մտավորականների։ Իհարկե, բայց նույն ՀԱԵ-ն ոչնչացրեց ողջ նախաքրիստոնեական մշակույթը՝ մեզ զրկելով հազարամյակների, նույնպես բացառիկ հիշողությունից, հրով և սրով տարածեց քրիստոնեությունը, կոտորեց հազարավորներին, հետագայում նույնպես կոտորեց ու աքսորեց պավլիկյաններին, թոնդրակյաններին, հալածեց նույն Խորենացուն, Շիրակացուն, Կոմիտասին և այլոց։ Ավելին, եթե ՀԽՍՀ-ում մարդն ընտրություն ուներ, դառնալ կամ չդառնալ ՀԿԿ անդամ և դրանից նրա հայ լինելը չէր վիճարկվում, ապա ըստ ՀԱԵ-ի ով առաքելական չէ, նա հայ չէ, կամ ավելի մեղմ՝ աղանդավոր է։ Եվ եթե քրիստոնեության տարածման ժամանակ հրաշքով փրկվեց Գառնու տաճարը, ապա կոմունիստները կանգուն թողեցին բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր։ Բայց չէ՞ որ ՀԿԿ-ն կործանեց հայոց անկախ պետությունը և դեմ էր նրա վերականգնմանը։ Այո, բայց պատահական է՞ր արդյոք, որ քրիստոնեություն ընդունելուց հետո, ընդամենը 86 տարի անց կորցրինք Հայոց պետականության անընդհատությունը։ Իսկ ի՞նչ դեր ունեցավ ՀԱԵ-ն, իր Պետրոս Գետադարձ կաթողիկոսով, հայոց վերջին կենտրոնական՝ Բագրատունյաց թագավորության անկման հարցում էլ ( չեմ խոսում Ավարայրի շատ վիճահարույց ճակատամարտի մասին, տե՛ս, Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» աշխատությունը)։ Ասում են, թե պետականություն չունեցած դարերի ընթացքում ՀԱԵ-ն փոխարինել է պետությանը: Փոխարինե՞լ է, թե՞ լեզու գտնելով շահերի, սուլթանների, ցարերի հետ՝ հնազանդություն քարոզել հավատացյալ հոտին՝ «Յարգեցեք բոլորին, սիրեցեք եղբայրությունը, վախեցեք Աստծուց, պատուեցեք թագավորներին։ Ծառաներ, ամէն ինչում երկիւղով հնազանդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլւ դաժաններին» (Պետրոս Առաքաեալի ընդհանրական առաջին թուղթ․ Գլուխ Բ) և նզովել ազատություն և պետականություն տենչողներին։ Նույն կերպ ՀԿԿ-ն իր ահռելի միջոցներով քարոզում էր, որ Հայաստանը փրկվել է ԽՄԿԿ-ՀԿԿ-ի շնորհիվ․
«Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր.
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-
Երկինք մի մաքուր, արև մի բոսոր
Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին» (Եղիշե Չարենց)
և հալածում էր բոլոր անկախություն տենչողներին։ ՀԱԵ-ականները կասեն, բայց չէ՞ որ պետություն չունենալու պարագայում կաթողիկոսները, «լեզու գտնելով» օտար նվաճողների հետ, հայապահպան գործ են կատարել։ Այո, նույն ձևով ՀԿԿ առաջին քարտուղարները, Մոսկվայի հետ «լեզու գտնելով», նույնպես հայապահպան գործ են կատարել։ Եվ եթե կաթողիկոսները օտարներից աղերսել են միայն եկեղեցաշինություն, ապա առաջին քարտուղարները, Մոսկվային հաճոյանալով, այսպես կոչված՝ «ֆոնդեր են բերել» և կառուցել քաղաքներ, գործարաններ, գիտության և մշակույթի օջախներ։ ՀԱԵ-ի կողմնակիցներ՝ բայց չէ՞ որ կոմունիստական գաղափարախոսությունը ազգային չէ, օտար է և մեզ պարտադրվել է։ Իսկ քրիստոնեությու՞նը, արդյոք նա նույնպես օտար չէ և մեզ չի պարտադրվել (հարցրեք Հայ Արորդիների Ուխտին): ՀԱԵ-ի կողմնակիցները կասեն, բայց ՀԱԵ-ն նաև ազգային կառույց է, այսինքն ձևով՝ ազգային, բովանդակությամբ՝ քրիստոնեական։ Իսկ ՀԿԿ-ն, չէ՞ որ այն նույնպես ձևով ազգային էր, բովանդակությամբ՝ սոցիալիստական։ Բայց չէ՞ որ մենք ունեցել ենք կաթողիկոսներ, որոնց հայ ժողովուրդը պաշտել է, օրինակ Խրիմյան Հայրիկը, Վազգեն 1-ինը։ Այո, բայց չէ՞ որ մենք ունեցել ենք ՀԿԿ առաջին քարտուղարներ, որոնց նույնպես ժողովուրդը պաշտել է, օրինակ Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Կարեն Դեմիրճյանը։ Եվ վերջապես ևս մեկ նմանություն․ ՀԱԵ-ն իր ուսմունքին հավատարմության դիմաց, խոստանում է անորոշ՝ հետմահու, երկնային, անորոշ «դրախտային» կյանք, ՀԿԿ-ն նույնպես անորոշ, բայց երկրային «պայծառ ապագա»։ Համեմատությունները կարելի է անվերջ շարունակել։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ և ՀԱԵ-ն և ՀԿԿ-ն ունեցել են բացառիկ դերակատարություն (այլ հարց է, բացառիկ դրակա՞ն, թե՞ բացասական, կամ ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական) հայ ժողովրդի պատմության մեջ։
Եվ կարծում եմ ՀԿԿ-ի նկատմամբ արդարությունը պետք է վերականգնել։ Այսպես ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է․
Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները
- Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
- Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
- Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Արդարությունը վերականգնելու համար պետք է չսահմանափակվել սահմանադրության Հոդված 8.-ով․ Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը
- Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
- Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
- Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
- Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:
Անհրաժեշտ է սահմանադրությունը լրացնել նոր՝ 9-րդ հոդվածով․ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը
- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի կոմունիստական կուսակցության՝ որպես ազգային կուսակցության բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
- Հայաստանի Հանրապետության և Հայաստանի կոմունիստական կուսակցության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Համապատասխան օրենքն ընդունելուց հետո՝ կարճ տարիների ընթացքում, կհետևի հանրակրթական դպրոցներում նոր՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմություն», իսկ մանկապարտեզներում և ցածր դասարաններում «Կոմունիստական դաստիարակություն» առարկաների ներդրումը։ Դպրոցների պատերին աստվածաշնչյան «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» կարգախոսի կողքին տեղ կգտնի Լենինի «Սովորել, սովորել, սովորել» կարգախոսը։ Մանկապարտեզի սաները և դպրոցականները դասերը սկսելուց , «Հայր մեր»-ից հետո կամ առաջ կարտասանեն «Լենին պապիկն էլ մանուկ է եղել» բանաստեղծությունը։ ՀԿԿ-ի պատմության ուսուցիչները կվերապատրաստվեն ՀԿԿ-ի կողմից։ Հայկական բանակում սպայական աշխատավարձով քահանաների հետ համատեղ կաշխատեն կարմիր կոմիսարները։ Հայաստանի և սփյուռքի գործարար-բարերարները, պետության օժանդակությամբ Հայաստանի բոլոր համայնքներում կկառուցեն ՀԿԿ կարմիր շրջկոմ-ակումբներ։ Շրջկոմները, ՀԿԿ առաջին քարտուղարի համաձայնությամբ, կարող են անվանակոչվել բարերարի, նրա մոր կամ կնոջ անվամբ, սակայն շրջկոմի և ներքին և արտաքին պատերին պարտադիր մեծ տառերով կփորագրվի բարերարի անունը։ Եվ եթե եկեղեցիների գմբեթներին տեղադրված է քրիստոնեության խորհրդանիշ՝ խաչ (իրականում ՝ մահվան գործիք), ապա կոմունիստական ակումբների տանիքին կտեղադրվի կոմկուսի խորհրդանիշ՝ մուրճ-մանգաղը (աշխատանքի գործիքներ), ինչպես նաև ակումբների շուրջը կտեղադրվեն մուրճ-մանգաղաքարեր։
Ակումբներում կանցկացվեն կոմունիստական ծեսերով պսակադրություններ, հոգեհանգիստներ, մանկահասակ երեխաներին հոկտեմբերիկ, պատանիներին՝ պիոներ, երիտասարդներին՝ կոմերիտական կարգումները։
ՀԿԿ-ն կազատվի հարկերից և մաքսատուրքերից, Լենինի ծննդյան օրը՝ ապրիլի 22-ը, կհայտարարվի տոնական, ոչ աշխատանքային։ Երևանում կվերաբացվի Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը, որը կադրերով կհամալրի համայնքային կարմիր ակումբները։ Համալսարանի սաները, ինչպես Գևորգյան ճեմարանի, զինծառայությունից տարկետման իրավունք կստանան։ Նույն սաները փողոցներում ավտովարորդներին շղթաներով մուրճ-մանգաղ կվաճառեն և ավտոմեքենաների հայելիներից կախված, իրար հետ խաղաղ կգոյակցեն խաչն ու մուրճ-մանգաղը։ Նույն խաչին հավասար մեր քաղաքացիները իրենց պարանոցներին մուրճ-մանգաղ կկրեն, կանայք՝ նուրբ ոսկյա, տղամարդիկ՝ հաստ շղթաներով։
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել