
Ստվերային տնտեսության կնքահայրերը
Հայաստանում բոլոր հայտնի եւ անհայտ գործիչները, մեծ եւ միջին չափերի պաշտոնյաները խոսում են կոռուպցիայի, տնտեսության ստվերայնության մասին: Բոլորը աներեւույթ «պայքար» են մղում դրանց դեմ: Պայքարի ամենատարածված ձեւերը հիմնականում տարաբնույթ սեմինարներին ելույթներ ունենալն է, միջազգային տարբեր կազմակերպություններին անդամակցելը եւ նրանց միջոցառումներին մասնակցելը եւ, իհարկե, նախընտրական ճառերը դրանցով համեմելը:
Որտե՞ղ է դրսեւորվում կոռուպցիան, եւ որտե՞ղ է այդքան «աներեւույթ» ստվերը: Որտե՞ղ են թաքնված այն գործարարները, որոնց ազգովի փնտրում, փնտրում ենք ու այդպես էլ երբեւէ չենք գտնում: Ովքե՞ր են Հայաստանում ստվերային տնտեսության կնքահայրերը:
Դրանց գերակշռող մասը Հարկային ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկում են: Այս ցուցակը իրականում ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի պաշտոնական ցուցակն է:
Չնայած հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ գործարարների անվանեց «լավ թվանկարիչներ», սակայն սա այնքան էլ ճշգրիտ գնահատական չէ: Լավ թվանկարչության նմուշներն այս ցուցակում այնքան էլ շատ չեն: Գործարարները երբեմն ջանք էլ չեն թափել իրենց թվերը նկարելու համար: Նրանք ապահովագրված են ի սկզբանե, նրանք նվաճել են այդ ցուցակում գտնվելու այցեքարտը (Տես նաեւ' «Ստվերային տնտեսության կնքահայրերը մտան խորհրդարան»):
«Հետք»-ը սկսում է ներկայացնել այդ ցուցակում հրապարակված փաստերի տակ թաքնված իրական պատկերը:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդը»
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանրությանն ավելի շատ հայտնի է Լֆիկ Սամո մականունով: Ս. Ալեքսանյանի «Ֆլիտֆուդ» կազմակերպությունը 300 խոշոր հարկատուների ցուցակում 5-րդն է:
«Ֆլիտֆուդ» կազմակերպությունը իշխող դիրք ունի շաքարավազի շուկայում: Նա ներկրում է Հայաստանի շաքարավազի 97 տոկոսը, իսկ ներքին շուկայի իրացման ծավալների 99,4 տոկոսը: Կազմակերպությունը մենաշնորհային դիրք ունի նաեւ նրբերշիկի, կարագի իրացման ոլորտում:
Գործարար պատգամավորը 2004-ի հունվարից մինչեւ 2005-ի հունվարի սկիզբը պետական բյուջե է մուծել մոտ 7 մլրդ դրամ: Դրանից մոտ 6 մլրդ-ը անուղղակի հարկերն են: 7 մլրդ հարկերից 6 մլրդ 334 մլն-ը գանձել են մաքսային մարմինները, հարկային մարմինները գանձել են ընդամենը 749 մլն դրամ: Որպեսզի պարզ լինի, թե դա ինչ է նշանակում, ասենք, որ դրանք ԱԱՀ, ակցիզային հարկերն են եւ այլն: Այսինքն' դրանք այն հարկերն են, որոնք սպառողը վճարում է այդ ապրանքը գնելիս: Պարզապես կազմակերպությունները ապրանքները ներմուծելիս այդ հարկերը վճարում են ու հետո սպառողներից գանձում: Նրանք, բնականաբար, սպառողից վերցնում են նաեւ այդ ապրանքի վրա դրված իրենց շահույթը:
«Փաստորեն' բիզնեսը պետությանը բան չի տալիս: Հարկերի 90-96 տոկոսը անուղղակի հարկերն են, որը վճարում է հասարակ քաղաքացին: Այդ հարկերը ոչ մի կապ չունեն բիզնեսմենի հետ: Այդ հարկերը, որ բիզնեսմենը մուծում է, ինքը չի մուծում, մենք ենք մուծում: Ակցիզային հարկը նա դնում է ծխախոտի գնի վրա, հետո ավելացնում է իր գինը, որպեսզի շահույթ ստանա: Ստացվում է, որ նրանք էդքան գործ են անում առանց շահույթ ստանալու, առանց մարդկանց աշխատավարձ տալու»,-ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:
Սամվել Ալեքսանյանը պետությանը մեկ տարվա ընթացքում վճարել է մոտ 20 մլն դրամ ուղղակի հարկեր' իր վճարած հարկերի 0,27 %-ը: Այսինքն' մեկ ամսվա ընթացքում «Ֆլիտֆուդը» պետությանը վճարել է 1 մլն 600 հազար դրամ (3,5 հազար դոլար) ուղղակի հարկեր' շահութահարկը եւ եկամտահարկը միասին: Ստացվում է, որ Հայաստանը շաքարավազով ապահովող ընկերությունը գրեթե շահույթ չունի:
«Ես համաձայն կլինեի իրենց հետ, որ իրենք օգտագործում են հարկերից խուսափելու կուռ սխեմաներ, բայց 2004թ. հունվարից Հայաստանում գործում է մի օրենք, որի համաձայն' եթե դու նույնիսկ վնասով ես աշխատում, կամ, ասենք, մի հինգ տոկոս շահութաբերություն ես ցույց տալիս, քո ամբողջ ծավալի առնվազն մեկ տոկոսը պետք է մուծես որպես շահութահարկ: Սա նշանակում է, որ Ս. Ալեքսանյանի ընկերությունը այդ մի տոկոսն էլ չի վճարել, այլապես նման հարաբերակցություն չէր լինի: Այս թվերը ցույց են տալիս, որ Ալեքսանյանը իր աշխատողներին աշխատավարձ չի տալիս: Կամ էլ' իր աշխատողներին քսան հազարից պակաս է վճարում, որպեսզի չմտնի եկամտահարկի հարկման դաշտ: Այս ցուցակը նաեւ ցույց է տալիս, թե ինչպիսի ընտրովի մոտեցումներ են տարբեր տնտեսվարող սուբյեկտների, այսինքն' տարբեր օլիգարխների նկատմամբ»,-պարզաբանում է տնտեսագետ Աղաջանովը:
Իր շրջանառության մեկ տոկոսը որպես շահութահարկ փոխանցելու դեպքում Սամվել Ալեքսանյանն առնվազն 70 մլն դրամ ( 7 մլրդ-ի մեկ տոկոսը ) պետք է մուծեր պետբյուջե:
Իհարկե, հարկային մարմինները պարբերաբար ստուգումներ են անցկացնում են եւ տուգանքներ են գանձում: Սակայն դրանից, կարծես թե, ոչինչ չի փոխվում, այլապես հարկատուների ցանկը այլ տեսք կունենար: Հարկային ծառայության միջին օղակի մի պաշտոնյա մեզ վստահեցրեց, որ Սամվել Ալեքսանյանը շատ ավելի բարեխիղճ հարկատու է, քան ցուցակում գտնվող շատ գործարարներ: «Նա պարզապես փնթի է թղթերի մեջ»,-հավաստիացրեց այդ պաշտոնյան: Գուցե այս խոսքերի մեջ ճշմարտություն կա, մանավանդ որ Սամվել Ալեքսանյանը հայտնի է եւս մեկ մականունով' Փնթի Սամո:
Մենք այդպես էլ չկարողացանք պարզել, թե քանի աշխատող ունի Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդ» կազմակերպությունը: «Սփյուռ» տեղեկատվական համակարգում եղած միակ հեռախոսահամարով նրա ձեռնարկություններից մեկն է, որտեղ տեղեկացնում են, թե իրենք չգիտեն' ինչպես գտնել Սամվել Ալեքսանյանին:
Իսկ Ազգային ժողովում պատգամավորը հազվադեպ է լինում: 2005թ.-ին Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում խորհրդարանը 202 քվեարկություն է կազմակերպել եւ, ըստ կանոնակարգի, 101-ին չներկայանալը համարվում է անհարգելի: Այդ նստաշրջանին գրեթե չմասնակցած Ս. Ալեքսանյանի բացակայությունները 101-ից չեն անցնում: Այս նստաշրջանին Ս. Ալեքսանյանը, մեր դիտարկումներով, մասնակցել է ընդամենը մեկ անգամ: Սակայն նրա փոխարեն ինչ-որ մեկը շարունակում է սեղմել կոճակը:
Մեկնաբանել