
Դատարանը մերժեց 10 հազար դրամի գողության մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանի բողոքը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր հրապարակեց որոշում, որով մերժեց գողության մեջ մեղադրվող երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի բողոքը: Հիշեցնենք, որ դատարանում Սարգսյանի պաշտպանները վիճարկում են նրա նկատմամբ ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:
Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 10 000 դրամի գողության համար: Վերջինս այժմ պնդում է, որ ոչ թե 10, այլ 4000 դրամ է գողացել: Ըստ Սարգսյանի՝ 10 000 դրամի գողության վերաբերյալ ցուցմունք է տվել Ոստիկանության Սիսիանի բաժնում իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների ներքո:
Նշենք, որ եթե Հասմիկ Սարգսյանին վերագրվող գողոնի չափը 4000 դրամ լիներ, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, քանի որ նրան վերագրվող հոդվածով անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է:
Եթե ապացուցվի հանգամանքը, որ Սարգսյանը սպառնալիքների ներքո է ցուցմունքներ տվել, ապա դա էական նշանակություն կունենա նաև նրան վերագրվող 10000 դրամի գողության գործի համար:
Նշենք նաև, որ Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 4000 դրամ գողությունը կատարել է, քանի որ այդ օրը տանն ուտելու ոչինչ չի եղել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել