
Սարի թաղում ապրում են առանց փաստաթղթերի
«Տարին 12 ամիս վերանորոգում եմ մեր տունը։ Մի սենյակը հենց վերջացնում եմ, կողքի սենյակում խոնավությունից մի բան փլվում կամ պոկվում-ընկնում է»,-ասում է Սարի Թաղի բնակիչ, քսանհինգամյա Էդգար Տոնոյանը։
Սարի Թաղի անունն արդեն հուշում է, որ տները սարի՝ բլրի վրա են կառուցված։ Այստեղ երբեմն մեկի տանիքը հարեւանի տան բակն է: Ձյունը հալվում-լցվում է տները' փլուզելով պատերը, տանիքները, թրջելով հատակը: «Այս տարվա առատ ձյունը մեզ համար չէր: Մենք առանց այդ էլ հազիվ օրվա հացն ենք հոգում»,-ասում է սարիթաղցի մեկ այլ բնակիչ' Սիրանույշ Ներսիսյանը։
Ռոզա Հովհաննիսյանը բնակվում է Երեւանի Սարի Թաղի 10-րդ շարքի թիվ 14 տանը։ Տունը խոնավ է, մութ, տեղ-տեղ հին պաստառների նախշերն են նշմարվում, պատերից մեկը լրիվ փլվել է։ «88-ի երկրաշարժի ժամանակ պատը ճաքել էր: Այս տարի էլ ձյան պատճառով փլվեց»,-ասում է Ռոզան։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Սարի Թաղում տները հին են' Երեւանի մեկ այլ թաղամասի' Կոնդի նման։ Սակայն, ի տարբերություն Կոնդի, այստեղ կոյուղի կա:
Սարի Թաղի բնակիչների մեծ մասը սեփականատեր չէ։ «Առաջ գրանցում էին, հիմա էդ էլ չեն անում։ Երբ տները քանդելու լինեն, չենք կարողանա ապացուցել, որ ինը հոգով էինք ապրում էս փոքր տանը»,-ասում է Աշոտ Նազարյանը։
Ռոզա Հովհաննիսյանի աղջկան 16 տարին լրանալիս չեն գրանցել ծնողների տանը, ինչի պատճառով երկու տարի անձնագիր չի ունեցել։ Տասնութ տարեկանում ամուսնացել, գրանցվել է ամուսնու բնակարանում։
Գևորգյան Քնքույշը տասը տարի է, ինչ «տուն» է գնել Սարի Թաղում։ «Տունը» նախկինում ավտոտնակ է եղել, որի համար Քնքույշը երեք հազար դոլար է վճարել։ Քնքույշն ու որդին նույնպես սեփականատերեր չեն։ Ավտոտնակի նախկին տերը Քնքույշի որդուն իր տանն է գրանցել։
«Բանգլադեշում բնակարան ունեի։ Տղայիս վիրահատման ժամանակ փող էր պետք։ Բնակարանը ծախեցինք ու հայտնվեցինք այստեղ»,-պատմում է Քնքույշը։ Տղան երկրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում։ Քնքույշն աշխատում է դպրոցում ամսական քսան հազար դրամ աշխատավարձով։
Մինասյան Ռիման հինգ երեխայի մայր է։ Տան հացը ինքն է թխում։ Հաց թխելիս էր եղել, երբ հարեւանները կանչել էին' ասելով' լրագրող է եկել։ Ալրոտ ձեռքերով կինը վազել-եկել էր։ Ասաց միայն այն, որ ամուսինը մեկ տարի առաջ է մահացել։ Հարեւանները պատմեցին, որ սկեսուրը որոշել է հինգ երեխաների միայնակ մորը տանից հանել, քանի որ ոչ ոք գրանցում չունի տանը, սկեսուրից բացի։
Սարգսյան Հայկուշը երկու թոռ ունի, փոքրը՝ հինգ ամսական: «Երեկոյան երեխեքի անկողինը բացում ենք, որ քնեն, լրիվ խոնավ է լինում»,-ասում է նա։ Հայկուշի ամուսինը՝ Վանյա Տոնոյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է:
Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնի պետ պարոն Ա. Ղազարյանը հրաժարվեց պատասխանել Սարի Թաղին առնչվող մեր հարցերին: Նույն բաժնի' ներկայանալ չցանկացող առաջին կարգի մասնագետը պարզաբանեց. «Վթարային տանն ապրող բնակչի դիմումի հիման վրա «Շենքերի ու շինությունների» բաժնի մասնագետը գնում է' իր աչքով տեսնելու վթարային վիճակը։ Այնուհետեւ աշխատուժի ու ծախսի հաշվարկ է անում, ներկայացնում թաղապետին, որից հետո բյուջեից գումար կամ տրամադրվում է, կամ' ոչ: Ըստ բյուջեի»։
Էրեբունու թաղապետարանի «Շենքերի ու շինությունների» բաժնի պետ Լեւոն Քոչարյանն ասաց, որ իրենք զբաղվում են միայն բարձրահարկ շենքերով: Իսկ Սարի Թաղում միայն սեփական տներ են:
Թաղապետերանի աշխատակազմի ղեկավար Սուսաննա Գեւորգյանն ասաց. «Սարի Թաղը մենք գազաֆիկացրել ենք, որոշ ընտանիքների անվճար հաշվիչներ ենք տրամադրել: Սակայն նրանք, միեւնույն է, դժգոհ են, թվում է' նստած սպասում են երկնքից թափվող մանանայի»: Նա ասաց, որ տներն այստեղ փլվում են ոչ թե ձնհալից, այլ հողերի հոսքից, իսկ դա կառավարության խնդիրն է:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժինը տեղեկացրեց, որ Սարի Թաղի քանդման կամ օտարման մասին որեւէ որոշում դեռեւս չի ընդունվել:
Սարի Թաղի բնակիչ Ժորա Հակոբյանն ասաց, որ «Ինքնակամ շինությունների մասին» օրենքի ընդունումից հետո սեփականության իրավունքի նոր վկայական չունեցող բնակիչները փորձել են դիմում գրել եւ օրինականացնել իրենց շինությունները: «Մեր ծնողների ձեռքով սարքած տները պետք է պետությունից գնենք' մեկ քմ-ի համար վճարելով հինգ հազար դրամ»,-ասում է Ռոզա Հովհաննիսյանը: Բնակչության մեծ մասը հնարավորություն չունի վճարելու այդ գումարը, իսկ անձնագրային բյուրոն նոր բնակիչների չի գրանցում չսեփականաշնորհված տներում:
Սարի Թաղում ամեն ընտանիք իր հոգսն ունի։ Կան ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներ, որոնք հարմարվել են այս կենսաձևին եւ չեն էլ պատկերացնում, որ իրենց կյանքում ինչ-որ բան կարող է փոխվել։
Հին հողաշեն տներ՝ խոնավության հոտով, բորբոսած պատեր ու թաց հատակ. այսօր էլ այստեղ երեխաներ են ծնվում ու մեծանում:
Արփի Մաղաքյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի
Մեկնաբանել