HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում չի լինի»

Հարցազրույց լոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ

- Ռամբույե ամրոցում կայացած հանդիպումը նախօրոք բնութագրվել էր որպես «հնարավորությունների պատուհան» ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ճեղքման հասնելու համար: Կողմերից ո՞ր մեկին ավելի շատ հարմար չէին այդ «պատուհանը» եւ հնարավորությունները:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդները ղարաբաղյան կարգավորման լուծման փնտրտուքի ընթացքում տարբեր ժամանակներում առանձնացնում էին գլխավոր առաջարկությունները, որոնցով պայմանավորվում էին ինչպես բանակցային գործընթացի բնույթը, այնպես էլ լուծման հնարավոր տարբերակները (այս անգամ միջնորդները որոշեցին այդ գլխավոր առաջարկություններն անվանել «հնարավորությունների պատուհան»): Այսպես՝ 1996—1997թթ. հակամարտության կողմերին միջնորդների արած գլխավոր առաջարկությունները կարելի է ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի անվտանգություն տարածքների դիմաց» բանաձեւի տեսքով: Այսինքն' վերահսկվող տարածքներից հայկական զինված ջոկատների դուրսբերման դիմաց ԼՂ հայերը պետք է ստանային անվտանգության լուրջ երաշխիքներ: Ավելի ուշ՝ 1998-2000թթ., գործի դրվեց «ԼՂ կարգավիճակ տարածքների դիմաց» բանաձեւը, իսկ Փարիզից ու Քի Վեսթից հետո միջնորդների առաջարկությունները փոխակերպվեցին «տարածքներ տարածքների դիմաց» մոտեցմամբ:

Այն ժամանակ դա լուրջ հակազդեցություն առաջացրեց Հայաստանում եւ Ադրբեջանում, քանի որ երկրների հասարակությունների տեսանկյունից այս առաջարկությունը խեղաթյուրում էր հակամարտության բուն էությունը, եւ նրա լուծումը հանգեցնում էր տրանսպորտային միջանցքների մեխանիկական փոխանակման՝ անկախ հանգամանքների իրական դասավորությունից (մարդիկ դա ընկալում էին որպես Մեղրու շրջանում միջանցքի վերահսկողությունը Ադրբեջանին փոխանցելու առաջարկություն Հայաստանին , իսկ Ադրբեջանին' Հայաստանին տալ Լաչինի միջանցքը) :

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում խոսվում է, այսպես կոչված, «Պրահյան գործընթացի» մասին, սակայն մինչ օրս միջնորդները չեն բացում նրա էությունը: Իսկ 2006թ. փետրվարի 10-11-ը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռամբույեում կայացած հանդիպումից առաջ , որքան հնարավոր է դատել այսօր ունեցած աղքատիկ տեղեկություններից, փաստորեն, հայտնվել էին նոր առաջարկություններ, որոնք կարելի է բանաձեւել որպես «տարածքներ Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվեի դիմաց»: Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվեի անցկացումը նոր տարր է միջնորդների առաջարկություններում: Կարծում եմ, որ հենց սրա հետ էր կապված միջազգային միջնորդների անսահման, բայց Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի համար անհասկանալի լավատեսությունը: Հավատացած լինելով, որ այս նոր առաջարկությունը կհետաքրքրի հակամարտության կողմերին, միջնորդները սկսեցին խոսել «հնարավորությունների պատուհանի» մասին: Ռամբույեի բանակցային գործընթացում նոր տարր կարելի է համարել նաեւ հակամարտության գոտի խաղաղարարներ մտցնելու հարցի ավելի մանրամասն ու առարկայական քննարկումը:

Պատրա՞ստ էին, արդյոք, հակամարտության կողմերն ընդունել միջնորդների նոր առաջարկությունները եւ օգտվել հնարավորությունների «նոր պատուհանից»: Կարծում եմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն լուծել հակամարտությունը, ինչը երեւում է արդեն այն բանից, որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի հասարակությունների մեջ արմատավորվի միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը, քաղաքացիները պատրաստ լինեն համագործակցության եւ ընկալեն փոխզիջումային, փոխընդունելի լուծումները: Ավելին՝ Ի. Ալիեւի եւ Ռ. Քոչարյանի յուրաքանչյուր հերթական հանդիպումից առաջ երկու երկրների ԶԼՄ-ում ծավալվում են մեկը մյուսի նկատմամբ անվստահությունը մեծացնող, երբեմն նաեւ փոխադարձ ատելություն տարածող կամպանիաներ: Այս հարցում հատկապես «առաջ են անցել» Ադրբեջանում, որտեղ ահաբեկվում են երկրի նույնիսկ այն հասարակական գործիչները, որոնք Հայաստան են գալիս մասնակցելու ոչ կառավարական հատվածի ծրագրերին:

Ըստ երեւույթին, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն ավելի շատ մտահոգ են իշխանությունը պահելու խնդիրներով, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, որ երկու կողմերն էլ միայն ձգձգում են հակամարտության լուծումը: Այս ֆոնին ծիծաղելի էին թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսական հայտարարությունները, որոնք արվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեի հանդիպումից առաջ: Կամա, թե ակամա, բայց միջնորդները դառնում են այս անվերջանալի գործընթացի մասնակիցները:

- Ինչո՞վ բացատրել միջազգային ուժերի 2006 թվականի հետ կապված սպասելիքները: Միայն նրանով, որ դրան կհետեւեն Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրական գործընթացնե՞րը: Կարո՞ղ է դեռ արդարացվել 2006 թվականի հետ կապված լավատեսությունը:

- Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են ղարաբաղյան հարցի լուծումը անմիջականորեն կապում այս կամ այն երկրում ընտրությունների, այդ թվում' Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրական փուլերի հետ: Այս մասին ավելի հաճախ խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները՝ համարելով, որ ընտրական շրջաններում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ընդունել փոխզիջումային, հետեւապես նաեւ' շատերի համար անընդունելի որոշումներ: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ սրանից շատ «հմտորեն» օգտվում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները իրենց դիրքերը պահելու համար:

Նրանց գլխավոր փաստարկն այն է, թե հենց իրենք են ուզում հակամարտության լուծումը, միայն իրենք են պատրաստ գնալու փոխզիջումների, իսկ ընդդիմադիր ուժերն, իբր, իշխանության գալու դեպքում ղարաբաղյան հարցում ավելի խիստ դիրքեր կբռնեն: Բայց, նախեւառաջ, դեռեւս փաստ չէ, որ իշխանության գալու դեպքում ընդդիմությունն անպայման հանդես կգա ավելի խիստ դիրքերից: Եւ երկրորդ' 2003 եւ 2005 թվականների ընթացքում Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ երկու երկրների իշխանություններն ընտրություններն իրենց անհրաժեշտ «հունով» տանելու եւ «անհրաժեշտ» արդյունքները ստանալու խնդիր չունեն: Այդ պատճառով էլ անհիմն եմ համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ անցկացնելու հետ կապելը:

Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների սպասելիքները եւ 2006 թվականի հետ կապված նրանց լավատեսությունը չեն կարող արդարացվել: Իսկ այդ սպասելիքները տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին միջնորդների վատ տեղեկացվածության արդյունք են, օրինակ՝ այն բանի անտեղյակության արդյունք, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ Հայաստանում եւ Ադրբեջանում կա իշխանականից տարբերվող կարծիքների եւ դիրքերի բավական լայն սպեկտր: Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ իրենց կարճատեւ այցելությունների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են միայն իշխանության ներկայացուցիչների հետ, այդ պատճառով ունեն հակամարտության եւ երկրներում տիրող իրավիճակի մասին միակողմանի տեղեկատվություն:

Նրանք վատ գիտեն հասարակությունների եւ քաղաքական ուժերի տրամադրությունների մասին, այստեղից էլ գալիս է նրանց անտեղի եւ չարդարացված լավատեսությունը: Իսկ հետո դեռ զարմանում են, թե ինչու Ռամբույեի բանակցությունները արդյունք չտվեցին եւ իրենց համար անսպասելիորեն ընդհատվեցին: Երեւի նրանց համար դժվար է հասկանալ, որ ղարաբաղյան հարցում փոխընդունելի (ինչն, ինքնաբերաբար, նշանակում է ոչ պոպուլյար) որոշումների կայացման համար երկու երկրների իշխանությունները պետք է ցուցաբերեն քաղաքական կամք եւ ունենան հասարակությունների մեջ վստահության բարձր քվե, ինչը , ցավոք, այսօր չկա:

- Իրականում ի՞նչ նկատի ունեն կողմերը, երբ խոսքը հակամարտության կարգավորման մասին է:

- Հակամարտության կարգավորումը պաշտոնական Երեւանը հասկանում է որպես կա՛մ Լեռնային Ղարաբաղի միացում Հայաստանին, կա՛մ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում: Հանուն արդարության նշենք, որ վերջին մեկ-մեկուկես տարիների ընթացքում նկատվում է պաշտոնական Երեւանի դիրքերի «փափկացման» միտում, երբ հայկական կողմը, կարծես, համաձայնվում է լուծման փուլային տարբերակին, այսինքն' ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը ապագա տեղափոխելուն: Սա հակամարտող կողմերին տալիս է փոխզիջում գտնելու հնարավորություն:

Պաշտոնական Բաքուն ուզում է վերականգնել իր ինքնիշխանությունը ինչպես ԼՂ շուրջը եղած տարածքների նկատմամբ (Ադրբեջանում դրանք անվանում են «օկուպացված տարածքներ», իսկ Հայաստանում եւ ԼՂ-ում' «անվտանգության գոտի» կամ «ազատագրված տարածքներ»), այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ անսասան համարելով «տարածքային ամբողջականության» սկզբունքը: Իսկ այն հայտարարությունները, թե ԼՂ-ն կստանա ինքնավարության առավելագույն բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, չեն ուղեկցվում կոնկրետ առաջարկություններով:

Ստեփանակերտում ընդհանրապես չեն տեսնում Ադրբեջանի ենթակայության տակ վերադառնալու հնարավորություն: Ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը, երբ 1921 թվականին շրջանի հայ բնակչության 94.7% կազմող մասնաբաժինը 1979-ին իջավ մինչեւ 75.9%, ԼՂ հայ բնակչությունն ընկալում էր որպես ինքնավար մարզի տարածքի «ադրբեջանականացման»՝ Բաքվի կողմից տարվող նպատակաուղղված քաղաքականություն: Իսկ հակամարտության զարգացման ներկայիս պատերազմական փուլը' որպես ԼՂ-ից հայերի լիակատար վտարման փորձ: Այդ պատճառով Ստեփանակերտի համար կարեւորագույն են համարվում ոչ թե ինքնավարության վերացական մոդելները, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի գոյության անվտանգության ապահովման հարցերը:

- Ի՞նչն է, իրականում, խոչընդոտում հակամարտության կարգավորմանը, եթե հաշվի չառնենք կողմերի փոխադարձ մեղադրանքները:

- Ինձ թվում է, որ այսօր չկան ղարաբաղյան հակամարտության մոտալուտ լուծման օբյեկտիվ հիմքեր: Սրա հետ կապված առանձնացնենք կարգավորմանը խոչընդոտող երեք կարեւոր հանգամանք.

1. Դժվար է ակնկալել երկարաժամկետ լուծում առանց Լեռնային Ղարաբաղի՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի մասնակցության: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից մենք հաճախ լսում ենք, որ բանակցությունների ինչ-որ փուլում անհրաժեշտ է խնդրի լուծման մեջ ներգրավել ԼՂ-ին (իսկ եթե նրանք համարում են, որ լուծումը մոտ է, ապա, փաստորեն, այդ փուլն արդեն եկել է): Վստահ եմ, որ առանց բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների մասնակցության դժվար կլինի հասնել հակամարտության որոշման մեջ իրական առաջընթացի, եւ հատկապես 2006 թվականի ընթացքում: Այստեղ տեղին է նույն Աբխազիայի հետ համեմատությունը: Չնայած այն բանին, որ մինչեւ վրաց-աբխազական հակամարտության սկսվելը աբխազները կազմում էին Աբխազիայի բնակչության ընդամենը 20%-ը, աբխազական կառավարությունն, այնուամենայնիվ, բանակցային կողմ էր համարվում ինչպես Վրաստանի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների համաձայնությամբ: Այս որոշումը ճիշտ էր, քանի որ հնարավոր չէ հասնել խնդրի խելամիտ, խաղաղ կարգավորման առանց աբխազական կողմի շահերը հաշվի առնելու: Ղարաբաղյան հակամարտության դեպքում իրավիճակն ավելի ակնհայտ է, քանի որ մինչեւ հակամարտությունը հայերը կազմում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ողջ բնակչության 80%-ը: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ԼՂ-ում ձեւավորված իշխանական կառույցներն ունեն բավական լեգիտիմություն: Այդ պատճառով հաշվի չառնել նրանց կարծիքը ուղղակի լուրջ չէ, իսկ իրավական տեսանկյունից ճիշտ չէ:

Վերջնական հաշվով, երբ վաղը ԼՂ-ի հարցով որոշումներ ընդունվեն, երբ լինի այն, ինչի մասին հիմա խոսում են (զորքերի փուլային դուրսբերում վերահսկվող տարածքներից, տարածաշրջանում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրերը կամ այլ քայլեր), ինչպե՞ս է այս ամենը հնարավոր իրականացնել առանց անմիջապես հակամարտության մեջ ներքաշված մարդկանց համաձայնության եւ մասնակցության: Բանակցային գործընթացում ԼՂ ընտրյալ իշխանությունների մասնակցությունը, գոնե դրանց վերջնական փուլում, բանակցությունների հաջող անցկացման եւ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորագույն տարր է:

2. Մեր՝ հայկական եւ ադրբեջանական հասարակությունները, փաստորեն, դուրս են մղված բանակցային գործընթացից եւ պրակտիկորեն պատկերացում չունեն այն մասին, թե ինչպես է լուծվելու հարցը: Այն, ինչ հիմա մենք ունենք, տարաբնույթ, կցկտուր տեղեկություններ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որոնք նրանք հայտնում են տարածաշրջան կարճաժամկետ այցելությունների ընթացքում, եւ մասամբ' Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական անձանցից: Շատ դժվար է այս կցկտուր տեղեկություններից, ընդհանուր առմամբ, հասկանալ, թե լուծման ինչ տարբերակ է առաջարկվում: Նույնիսկ քաղաքական գործիչների եւ փորձագետների համար դժվար է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում այսօր կարգավորման հարցում: Սա չի կարող չնյարդայնացնել հակամարտող հասարակություններին, քանի որ անտեղյակությունը միջնորդների եւ սեփական իշխանությունների նկատմամբ կասկածների ու երկմտանքների հող է ստեղծում: Հասկանալի չէ, թե ինչպե՞ս են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները (նույնիսկ եթե նրանք ինչ-որ բան ստորագրեն էլ) իրականացնելու այս կամ այն որոշումը: Չէ՞ որ փոխադարձ զիջումներ պարունակող ցանկացած որոշում ինքնաբերաբար ենթադրում է նաեւ ոչ պոպուլյար քայլեր:

Ցանկացած ոչ պոպուլյար քայլ հնարավոր չէ իրականացնել առանց հասարակության լայն շերտերի հավանության: Իսկ եթե հաշվի առնենք, որ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ ստեղծել հանդուրժողականության եւ հաշտեցման մթնոլորտ, ապա պարզ կդառնա, թե որքան հեռու ենք ղարաբաղյան հակամարտության լուծումից:

3. Պաշտոնական Երեւանի եւ Բաքվի վերջին հայտարարություններից երեւում է, որ առանցքային հարցերում կողմերի դիրքերը դեռեւս լրջորեն տարբերվում են: Սա ցույց տվեց նաեւ Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

- Հնարավո՞ր է, արդյոք, ադրբեջանցի փախստականներին Ղարաբաղ վերադարձնելու, վիճարկելի տարածքները վերադարձնելու եւ հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնել առանց հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների մասնակցության: Որոշումների կայացման մեջ ժողովուրդների մասնակցության ինչպիսի՞ մեխանիզմ պետք է կիրառել:

- Կարծում եմ, որ հակամարտության լուծման մեխանիզմը պետք է հետեւյալը լինի. այն բանից հետո, երբ միջազգային միջնորդների օգնությամբ կողմերը կգտնեն ընդհանուր քաղաքական լուծումը (Խաղաղության Մեծ Պայմանագիրը), այն պետք է դառնա Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի լայն հասարակության քննարկման առարկա, իսկ հետո միաժամանակ պետք է դրվի հանրաքվեի Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում: Քաղաքական լուծման նախագծի՝ հակամարտության բոլոր կողմերի հավանության դեպքում ղեկավարները կարող են ստորագրել պայմանագիրը: Եվ արդեն դրանից հետո պետք է սկսվի պայմանագրում նշված փոխընդունելի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերի իրականացումը: Լինի դա վերահսկվող տարածքներից զորքերի դուրս բերումը, տարածաշրջանում խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձն իրենց նախկին բնակության վայրերը կամ Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվե անցկացնելու առաջարկությունը եւ թե շատ այլ բաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter