
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակի փետրվարի 7-ին
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 7-ին:
Այս մասին դատական նիստի ավարտից հետո ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Նշենք, որ արդեն չորրորդ օրն էր՝ դատարանը քննում էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու դեմ նրա պաշտպանների բողոքը:
Դատական նիստի ընթացքում պաշտպանները ներկայացրել են բողոքը, դրա վերաբերյալ իրենց առարկություններն են ներկայացրել մեղադրող դատախազները: Երկու ժամ ելույթ է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը հունվարի 18-ի որոշմամբ բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Քոչարյանն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու սկզբնական շրջանում գտնվում էր ազատության մեջ, քանի որ Վերաքննիչ դատարանը նրան անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:
2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:
Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել էր ու առ այսօր գտնվում է կալանքի տակ:
Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա խափանման միջոց կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունն ու մերժել Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու նրա պաշտպանների միջնորդությունները: Այս դատական ակտն է, որ պաշտպանները բողոքարկել են:
Մեկնաբանել